HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռավար դասերը Ջավախքում և 6-րդ դասարանի աշակերտուհու երազանքը

Ախալքալաքի N 4 հանրային դպրոցի (նախկին՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան) 6-րդ դասարանի աշակերտուհին «Գրականություն» առարկայի շրջանակներում շարադրություն է գրել «Իմ երազանքը» թեմայով։ Մելինե Արոյանը գրել է, որ շատ է հոգնել այս վիճակից, ուզում է դուրս գալ, գնալ դպրոց և շփվել ընկերների հետ:

«․․․Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհը քաոսի մեջ է, մարդիկ պայքարում են մի հիվանդության դեմ, որի բուժումը չունեն, ամեն օր մեռնում են տասնյակ հազարավոր մարդիկ, աշխարհը սգում է, պատերազմ է առանց կռվի ու զենքի։ Շուրջս մարդիկ տխուր են, անտրամադիր, չկա ժպիտ դեմքերին, ամենքը վախենում է իր կյանքի համար, երեխայի կյանքի ու բարեկամի մասին է մտածում։ Մարդիկ մեկուսացվել են, արտաքին աշխարհն իր դռներն է փակել մարդկանց երեսին, մենակ առ Աստված են կանչում, որ օգնի ամենքին ու ամենուրեք։

Հիմա երազանք ունեմ, թող ամենաշուտը կատարվի, թող արև շողա մարդկանց կյանքին, մարդիկ առողջանան, դեմքերի ժպիտները վերադառնա և նրանց առաջ բացվեն արտաքին աշխարհի դռները։

Ես շատ եմ հոգնել այս վիճակից, ուզում եմ դուրս գալ, գնալ դպրոց, շփվել ընկերներիս հետ և ապրել իմ երազած կյանքով։ Տեր Աստված, խնդրում եմ կատարես երազանքս»,- գրել է 6-րդ դասարանի աշակերտուհի Մելինե Արոյանը։

Նրա ուսուցչուհին՝ Թագուհի Սարգսյանն հեռավար դասի ժամանակ լսել և տպավորվել է։ 

Ջավախքը, փոքր-ինչ ուշացումով, բայց մարտի վերջին ուսումնական շաբաթվա ընթացքում միացել է հեռավար ուսուցման դասապրոցեսներին։ Ախալքալաքի 4-րդ դպրոցի «Գրականություն» առարկայի ուսուցչուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց դպրոցում դասապրոցեսները հեռավար անցկացնելու հարցը լուծված է։ Մարտի վերջին 4-րդ դպրոցն իր կայքն է ստեղծել, որտեղ սկզբնական հաղորդակցությունն են իրականացրել։ Այնուհետև Microsoft Teams ծրագիրն է ներմուծվել համակարգ, ուսուցիչները հավաքել են երեխաների և նրանց ունեցած՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետ կապի հասանելիության վերաբերյալ տվյալները, որից հետո երեխաներին հատուկ կոդեր են բաժանվել, նրանք գրանցվել են համակարգում, և սկսվել են օնլայն դասերը: 

 

«Ես և իմ կոլեգաները շատ արդյունավետ ենք աշխատում։ Մնացածների մասին չեն կարող ասել։ Նույն դասաժամերը չենք պահպանում։ Օրինակ՝ եթե ես մի դասարանում շաբաթական 5 դասաժամ ունեի, այժմ պարապում եմ 4 դասաժամ, այսինքն՝ մեկ դասաժամով պակաս ենք պարապում։ Եվ դասաժամի տևողությունը, եթե դպրոցում 40 րոպե էր, ապա հեռավար կարգով բարձր դասարաններում պարապում եմ 30-35 րոպե, ցածր դասարաններում՝ 20-25 րոպե»,-մանրամասնում է Թագուհի Սարգսյանը։

Հաճախումները, ըստ ուսուցչուհու, նորմալ են։ Նույնիսկ սպորտի դասատուն է պատմել, որ մարմնամարզություն են անում, սպորտի վերաբերյալ տեղեկություններով փոխանակվում իրար հետ։

Երբեմն որոշ երեխաներ ինչ-ինչ պատճառներով կարող են չմիանալ, բայց հիմնական մասը միանում է։ «Ինչպես դպրոցում՝ դասը հանձնարարում եմ, պահանջում եմ բնագրերը կարդալ, անգիրները սովորել, անգիրներն արտասանելիս չեմ պարտադրում, որ միշտ էկրանը բաց լինի, ով ուզում է՝ բաց էկրանով է արտասանում, երեխան եթե անհարմար տեղ է նստած կամ տունն անհարմար վիճակի մեջ է, կարող է ցույց չտալ և վատ չզգալ։ Բայց քանի որ մենք աշակերտների տոնայնությունն ու ամեն ինչը գիտենք, փակ էկրանով լսելիս էլ հասկանում եմ՝ անգիրն արտասանում է, թե կարդում։ Եվ պայման ենք դրել, որ այդ բանաստեղծությունները դպրոցում ինքը, եթե հարցնեմ, ներկայացնելու է»,- ասում է Թագուհի Սարգսյանը։

Հեռավար դասապրոցեսների ժամանակ նաև զավեշտալի դրվագներ են լինում։ Ուսուցչուհին ասում է՝ իր ընտանիքի անդամներն արդեն գրականագետ են դարձել, մասնակցում են իր դասապրոցեսներին. «Մեկ էլ արտասանության ժամանակ, որ երեխաները սխալվում են, մեր տնեցիներով ծիծաղում են։ Երեկ աշակերտներիցս մեկը Սայաթ-Նովա էր արտասանում, պիտի ասեր՝ «ռաշ ու ջեյրան ես ինձ համար», արտասանեց՝ «շառ ու ջեյրան ես ինձ համար», և մեր տան անդամները սկսեցին ծիծաղել»։

Ախալքալաքի N 1 հանրային դպրոցի (նախկին` Հովհաննես Թումանյանի անվան) ուսուցիչները նույնպես վստահեցրեցին, որ նույն ծրագրով դասերն անցկացնում են։ Նրանցից մեկը (խնդրեց իր անունը չհրապարակել), սակայն, կարծում է, որ հեռավար դասապրոցեսները միջին և բարձր դասարաններում արդյունավետ չեն: 

Գյուղերում ևս օգտագործում են Microsoft Teams ծրագիրը: Այստեղ էլ երբեմն դժվարություն է առաջանում այն աշակերտների մոտ, որոնք ինտերնետ կապի կամ smartphone հեռախոսի հասանելիություն չունեն։ Այդ հարցերը, սակայն, որոշ երեխաներ փորձում են բարեկամների միջոցով լուծել։ 

Վրաստանի 2-րդ հանրային հեռուստաալիքով հեռարձակվում են դասեր, որոնք, սակայն, միայն վրացերեն են։ Ազգային փոքրամասնությունների լեզուներով դասերը դեռևս չեն հեռարձակվում, բացառությամբ՝ վրացերեն լեզվի ուսուցման ծրագրի։

Ըստ ամենայնի, հայալեզու դասեր չեն էլ հեռարձակվի, քանի որ հայկական դպրոցներն արդեն ինքնակազմակերպվել և անցել են առցանց դասերին։

Միաժամանակ, Վրաստանի կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական կայքը հայերեն և ադրբեջաներեն լեզվով է գործարկվել։ Դրա համաձայն՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը Վրաստանում 211 է, առողջացել է 50 քաղաքացի, մահացել՝ 3-ը, ստացիոնար վերահսկողության տակ է 353 քաղաքացի, կարանտինային ռեժիմում՝ 4559-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter