HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթությունը մեկուսացման օրերին կամ համավարակը՝ որպես վերաարժևորման հնարավորություն

Անահիտ Հովակիմյան

Վարակը տիրել է աշխարհը՝ սփռելով վախ ու բացելով նոր հնարավորություններ։ Այդ հնարավորությունները փնտրելու, դրանք նկատելու փոխարեն մենք, ցավոք, դրսևորում ենք այլ վարքագիծ։ Ողջ օրը մտածելով համավարակի ընթացքի մասին ակամայից չենք էլ նկատում, թե ինչ թափով և ինչ ամրության կարծրատիպեր փլուզվեցին հաշված օրերի ընթացքում, կարծրատիպեր, որոնց կոտրման ուղղությամբ կատարվել էին բազմաթիվ քայլեր, սակայն որոնք այդքան բարդ էր կոտրել նախկին՝ մինչ համավարակային Հայաստանում։ Կրթության ոլորտում բարեփոխումները ժամանակատար ու խիստ պլանավորման անհրաժեշտություն ունեցող գործընթացներ են, որոնց իրականացումը կապված են հսկայական գումարների և երկար ժամանակահատվածների հետ։ Բայց եկեք արձանագրենք, թե ինչ ունենք այսօր ՀՀ կրթության ոլորտում, որը ձեռք բերեցինք մի քանի շաբաթվա ընթացքում. հեռուստատեսությամբ դասերը դիտելու նպատակով առավոտյան վաղ արթնացող մոտիվացված աշակերտներ, հասարակություն, որի ուշադրության կենտրոնում է սոցիալական վատ պայմաններում գտնվող աշակերտների կրթության հիմնախնդիրը և գերնորաոճ դարձած առցանց ուսուցում։ Նշվածներից յուրաքանչյուրը և մի շարք այլերը նույնպես նպաստեցին կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։ Տարված լինելով համավարակի ամենօրյա զարգացման մասին անհանգստանալով, մեզանից շատերը չնկատեցին էլ, թե ինչ հսկայական տեղաշարժ արձանագրեցինք հայաստանյան կրթության ասպարեզում։ Իսկ ի՞նչ ունենք այսօր, որը չկար մինչ համավարակի սկիզբը․

1․ Դասավանդողի դերի գիտակցման վերաարժևորում․ Համավարակի ընթացքում ուսումնառության շարունակականության ապահովման նպատակով կրթութան գրեթե բոլոր աստիճաններն անցում կատարեցին հեռավար ուսուցման: Մի քանի օրվա ընթացքում մի խումբ դասավանդողներ և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ ստեղծեցին բաց ուսումնական ռեսուրսներ բոլոր դասավանդողների համար, որին հաջորդեց վերջիններիս կողմից այդ տեղեկատվությունը գործնական դաշտում կիրառելը և ողջ երկրով մեկ հեռավար ուսուցման կազմակերպումը։ Միանշանակ այդ գործընթացում առկա են մի շարք խնդիրներ, սակայն այն, որ մենք ունենք պայքարող, նպատակասլաց և իր առաքելության իրականացման ճանապարհին ոչնչի առաջ կանգ չառնող դասավանդողների մի մեծ բազմություն, իրականում բացահայտում էր մեզանից շատերի համար։ Առցանց հանձնարարականները, առաջադրանքներն ու խնդիրները հնարավորություն տվեցին ուսումնառողներին ստանձնել ուսումնական գործընթացի ակտիվ դերակատարի դերը, իսկ դասավանդողներն էլ սկսեցին մտածել, թե առցանց ինչ քայլերով ու հանձնարարականներով կարող են հասնել ուսումնառողների մոտ թեմայի յուրացմանը, քանի որ ամեն թեմայի շրջանակում առցանց դասախոսությունների կազմակերպումը միշտ չէ, որ նպատակահարմար և հնարավոր է լինում։ Արդյունքում մեր դասավանդողների մի մեծ խումբ այս օրերին վերաարժևորեց իր դերը հասարակության մեջ և տեսավ, թե ինչ հզոր զենք է համագործակցությունն ու միասնականությունը ոլորտի բոլոր շահակիցների հետ։

2․ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները որպես կրթական գործիք․ մեզանից գերակշիռ մասը տեսնելով երեխային հեռախոսով, համակարգչով կամ այլ ժամանակակից տեխնիկական միջոցով օգտվելիս ամենից առաջ կմտածեր, որ խաղում է կամ էլ տեսահոլովակ դիտում, և գիտեք, այդքան էլ չէինք սխալվի, քանի որ նրանք հիմնականում հենց դրանով էլ զբաղվում էին։ Ուսումնառողներից զգալի մասը Հայաստանում ժամանակակից տեխնիկական միջոցները դիտարկում էին որպես ազատ ժամանակի անցկացման նախընտրած ձև և նրանցից քչերն էին այն դիտարկում որպես ուսուցման միջոց։ Եվ գիտեք, այդ ժամանակ անհավատալի կթվար պատկերացնել, որ մեր ուսումնառողները հեռախոսներից ու համակարգիչներից կառչած ողջ օրը հանձնարարություններ կանեին, օնլայն դաս կանցկացնեին կամ էլ կատարված առաջադրանքները կլուսանկարահանեին, կուղարկեին դասավանդողին, որպեսզի նա ստուգի այն և հայտնի կարծիքը։ Եվ, որ ավելի անհավատալի էր թվում, դասավանդողները համատարած կերպով կսկսեին օգտվել ժամանակակից տեխնիկական միջոցներից։ Այո-այո, այն դասավանդողները, ովքեր շատ հաճախ ասում էին, որ չեն կարողանում օգտագործել տեխնիկան, քանի որ այն շատ բարդ, անհասկանալի և որ 30 տարի արդյունավետ աշխատել են առանց դրա, սկսեցին օգտվել, և գիտեք ինչու, որովհետև ցանկացան, չվախեցան ու արեցին դա։ Նրանք էլ չուզեցին ձեռքերը ծալած նստել, երբ ուրիշները պայքարում են ու գիտակցեցին, որ հայրենիքն էլ իրենց աշխատանքի կարիքն ունի։ Նրանք արեցին այն, ինչ իրենցից այդքան ժամանակ պահանջվում էր։ Եվ ով կարող էր մտածել, որ պարզապես տանը մնալը կարող էր այքան լուրջ կարծրատիպեր կոտրել․․․

3․ Ընտանիքիների մասնակցությունն ուսումնական գործընթացին․ Ընդունված է, որ երեխաների կրթությամբ հիմնականում հետաքրքրվում են մայրիկներ․ նրանք են գերազանցապես հաճախում ծնողական ժողովներին, զբաղվում աշակերտների դասապատրաստմամբ և ընթացիկ այլ հարցերով։ Եվ ու՞ր է այդ ժամանակ հայրիկը՝ աշխատանքի։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով մի շարք ձեռնարկություններ և հաստատություններ այս ժամանակահատվածում դադարեցրել են իրենց գործունեությունը, ու հայրիկն այժմ ոչ միայն տանն է և հոգնած չէ, այլև ունի ազատ ժամանակ ներգրավվելու երեխաների ուսումնառության գործընթացի մեջ։ Նախկինում հոր և երեխայի համագործակցության այս ձևի հազվադեպ իրականացումն այժմ մեծ խթան է հանդիսանում երեխաների սովորելու ցանկության համար, քանի որ հոր հետ հաղորդակցաման այս ձևը նոր ու հետաքրքիր է երեխաների համար, և նրանք ցանկանում են շատ ավելի ժամանակ հատկացնել հայրիկի հետ տնային հանձարարությունները կատարելու, անհասկանալի հատվածները բացատրելու ու հարցերը քննարկելու համար։ Եվ բացի այդ, հայ ընտանիքում տնային տնտեսության հարցերով գերազանցապես զբաղվում է մայրը, ում գործը այս օրերին միանշանակ աճ է գրանցել, և այս պայմաններում ոչ միշտ է ստացվում ազատ ժամանակ ունենալ և այն հատկացնել երեխաներին դասապատրաստման գործընթացում օգնելուն, հետևաբար ընտանիքի այլ անդամները սկսել են ավելի ակտիվ ստանձնել այդ կարևոր դերի իրականացումը։ Հատկանշական է, որ վերաարժևորման գործընթացը ընթանում է նաև դասավանդողների ընտանիքում, քանի որ ընտանիքի անդամներն արդեն իրենց ամենօրյա կյանքում ականատես են լինում այն հսկայածավալ, կարևոր և բարդ աշխատանքին, որն անում են մեր դասավանդողները, որն էլ նպաստում է դասավանդողի աշխատանքի նկատմամբ հարգանքի և դրա արժեքի բարձրացմամբ, որն էլ շատ հաճախ արդյունք է լինում ընտանիքի տարբեր անդամների և դասավանդողների միջև փոքրիկ, տարաբովանդակ և հիմնականում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ փոքրիկ վերապատրաստումների կազմակերպմամբ։

Կրթության ոլորտում փոփոխությունները, որին մենք մասնակից ու ականատես ենք լինում այժմ, շատ-շատ են, և Ձեզ այն հետաքրքրելու դեպքում մենք կշարունակենք մանրամասն նկարագրել դրանք։ Առողջ եղեք, և հիշեք, որ փոթորկից հետո միշտ էլ արևն է շողում․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter