
Լոռու մարզի ասֆալտապատման աշխատանքներում անորակ նյութեր են օգտագործվել. ընկերություններից մեկը Վանաձորի նախկին քաղաքապետի հետ է կապվում
Լոռու մարզի 4 համայնքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքներում հայտնաբերվել են չարաշահումներ: Շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններից երկուսը կապվում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի անունների հետ:
Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Լոռու մարզպետի դիմումի հիման վրա ուսումնասիրություն են սկսել և առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերել, որ ասֆալտապատման աշխատանքների ընթացքում անորակ նյութեր են օգտագործվել, ինչպես նաև կեղծվել են ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների արձանագրությունները:
«Արգիշտի-1» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերը պատկանում են Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին, մյուս 50 տոկոսը պատկանում է վերջինիս եղբորը` Սեյրան Դարբինյանին: Ի դեպ, ընկերությունն անվանակոչվել է ի պատիվ Դարբինյանի կրտսեր որդու` Արգիշտի Դարբինյանի: Այժմ էլ գործադիր տնօրենը Սեյրան Դարբինյանն է:
Ընկերությունը շուրջ 35 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել Ստեփանավանի քաղաքապետարանի հետ` ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար:
Ուշագրավն այն է, որ միայն 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուրջ 441 միլիոն դրամ արժողությամբ երեք պայմանագիր է կնքել այս ընկերության հետ` Հանրապետության ճանապարհների վերանորոգման և պահպանման աշխատանքների համար:
Մյուս ընկերությունը «Ճանապարհ» ՓԲԸ-ն է, պետռեգիստրը փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ ինֆորմացիա չի հաղորդում: Ընկերության հիմնադրվելուց` 1997 թվականից մինչ 2003 թվականը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Սամվել Դարբինյանի հորեղբորորդին` Արմեն Դարբինյանը:
Դարբինյանը 2003 թվականին նշանակվել է բնապահպանության փոխնախարար` հրաժարվելով ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից: 2003-ից մինչ այժմ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Արղամանյանը:
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ․ այս ընկերության բաժնետերերի մասին ևս որևէ ինֆորմացիա չենք կարող պարզել, ընկերության գործադիր տնօրենը Ալավերդու բնակիչ Մուկուչ Տիտանյանն է: Մինչ այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Մուկուչ Տիտանյանի հայրը` Սամվել Տիտանյանը:
Հաջորդ ընկերությունը «Մ բուատ» ՍՊԸ-ն է, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը գրանցված են Երևանի բնակիչ Լիդա Գարսևանյանի անունով: Այս ընկերության հետ պամանագիր է կնքել Վանաձորի քաղաքապետարանը: Խախտումներով կատարված ասֆալտապման պատճառով Վանաձոր համայնքին հասցվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց` ընկերությունը պարտավոր է իր թերությունները շտկել:
«Մենք իրենցից ընդունել ենք ընդամենը մի փողոց, որը ունեցել է դրական եզրակացություն, մյուս չորս փողոցները մերժել ենք իրենց, չենք վճարել, ակտերը հետ ենք վերադարձրել: Պայմանագիրը դեկտեմբերի 30-ով երկարացրել ենք, որ էս տարի կարողանան իրենց կիսատ թողած գործերը ավարտեն: Պետք է շանս տանք, որ ավարտեն`այլապես մեկ այլ իրավախախտում կլինի, և ստիպված կլինենք ամբողջ գումարը հետ ուզել, բայց դա ժամանակատար պրոցես է»,- ասաց Ասլանյանը:
Մամիկոն Ասլանյանի խոսքով` համայնքը չի կարող ամեն տարի սպասել, որ մի կազմակերպություն թերանա իր աշխատանքներում, համայնքապետարանն էլ ստիպված լինի այլ ընկերություն գտնել:
«Հատկապես հիմա, որ գնումների պայմանները փոխվել են, կազմակերպություններ կան, որ չեն մասնակցի մրցույթին: Եթե նախկինում 10-ի տոկոսի չափով բանկային երաշխիք կամ գրավ էին կիրառում, դա այսօր գրեթե 110 տոկոս է դարձել, և ամեն կազմակերպություն չէ, որ իր վրա այդքան վստահություն ունի, որ կկարողանա անթերի կատարել, բացի դա ֆինանսական տեսանկյունից կախված՝ կարողանա 100-200 միլիոն արժողությամբ մրցույթների մասնակցի ու այդքան բանկային երաշխիք կամ գրավ ներկայացնի»,- ասաց նա:
Ըստ դատախազության հաղորդագրության` մյուս համայնքներում ֆինանսական վնաս չի հասցվել, քանի որ արձանագրվել են աշխատանքների անորակ կատարումը ու Հայաստանում գործող ստանդարտներին ու նորմատիվային պահանջներին անհամապատասխանությունը:
Վերոնշյալ դեպքերով դատախազությունը չորս քրեական գործ է հարուցել` առանձնապես խոշոր չափերով խարդախության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախության փորձի, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման հատկանիշներով:
Հարուցված քրեական գործերով որևէ կարգավիճակ ունեցող անձ չկա:
Մեկնաբանել