HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշոտ Մելիքյան․ «Ես ասում էի, որ խոսքն Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին է»

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ։ Պատճառն, ըստ Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի, մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելիքյանի հայտարարությունն է Թավադյանի վերաբերյալ։

«Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»,- ըստ փաստաբանի՝ ասել է Աշոտ Մելիքյանը։

Վերը նշված խոսքերը Թավադյանը զրպարտություն է համարում, դատարանից խնդրում է պարտավորեցնել հերքել դրանք, ինչպես նաև Մելիքյանից պահանջում է 2 մլն դրամի փոխհատուցում։

Մեզ հետ զրույցում Աշոտ Մելիքյանն ասաց, որ իր փաստաբաններն արդեն զբաղվում են գործով, իրենք հայցադիմումի պատասխան կներկայացնեն։

Աշոտ Մելիքյանի ելույթից որոշ հատվածներ գրվել է մամուլում։ Մելիքյանը կարծում է, որ իր ելույթը բառացիորեն այնքան էլ ճիշտ չէ ներկայացված։

«Ես ասում էի, որ խոսքն Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին է։ Այսինքն՝ ես փորձում էի հիմնավորել, որ Արմեն Թավադյանի դեմ իրավապահ մարմինների գործողությունները ոչ թե «5-րդ ալիքը» լռեցնելու համար է, այլ իմ կարծիքով, դա կապված է այն գործողությունների հետ, որոնք, ըստ քրեական գործերի՝ վերագրվում են Արմեն Թավադյանին»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Մեր ճշտող հարցին՝ այնուամենայնիվ իր ուղիղ խոսքում նշե՞լ է, որ Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել, Մելիքյանը բացասական պատասխան տվեց։

«Խոսքը երկու տարբեր քրեական գործերի մասին է եղել։ Ես ասել եմ, որ Արմեն Թավադյանը շշով հարվածել է ցուցարարի դեմքին, դրա պատճառով է, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, և երկրորդ դրվագը «Մարտի 1-ի գործով» վկային կաշառելու փորձի վերաբերյալ քրեական գործի մասին է։ Լրատվամիջոցներն այնքան էլ ճիշտ չեն ներկայացրել, բայց ես կարծում եմ, որ իրենք էլ, Թավադյանի թիմն էլ շատ լավ հասկանում են, թե խոսքն ինչի մասին է»,- ասաց Մելիքյանը։

Մեզ հետ զրույցում Արմեն Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Աշոտ Մելիքյանն իր խոսքում որևէ պաշտոնական հրապարակման կամ քրեական գործի հղում չի կատարել։

«Եթե դատախազությունը կամ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածում, դա դեռ չի նշանակում, որ բոլորս գիտենք․ այդ դեպքում ասում ենք, որ այդ կառույցները հայտարարություն են տարածել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ եթե Մելիքյանը ոչ ճիշտ արտահայտվելու համար ներողություն խնդրի, իր վստահորդի հետ կքննարկի հայցադիմումի հետագա ճակատագիրը։ Խուդոյանը վստահեցնում է, որ թեև իրենք 2 մլն դրամի հայցային պահանջ են ներկայացրել, իրենց խնդիրը ֆինանսական չէ։

Լուսանկարում ձախից աջ՝ Արմեն Թավադյանը, Աշոտ Մելիքյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter