HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանի երկքաղաքացու անձնական օրենքը համարել Հայաստանի Հանրապետության իրավունքը. պատգամավորի առաջարկը մերժվեց

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական առաջարկը: Նախագծով առաջարկվում է երկքաղացիություն ունեցող անձանց պարագայում քաղաքացու անձնական օրենք համարել Հայաստանի իրավունքը: Սիմոնյանի խոսքով` նախկինում երկքաղաքացիությունը Հայաստանի օրենսդրությամբ չէր թույլատրվում, նոր Սահմանադրությամբ, չնայած երկքաղաքացիությունը թույլատրվում է, սակայն, օրենսդրության տեսանկյունից խնդիրներ կան:

Նկատենք, որ ըստ Քաղաքացիական օրենսգրքի` քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիություն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված: Պատգամավորն առաջարկում է օրենքով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու անձնական օրենքը Հայաստանի Հանրապետության իրավունքն է:

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն իր ելույթում ասաց, որ դեմ է նման փոփոխության, քանի որ այն հակասություններ է առաջացնելու:

Դավթյանի խոսքով` կան երկրներ, որոնք առաջնահերթ են համարում նախ իրենց քաղաքացիության փաստը, ապա նոր՝ այլ երկրինը, օրինակ՝ ՌԴ-ի դեպքում Հայաստանի քաղաքացիները նախ պետք է հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից, դառնան ՌԴ քաղաքացի, ինչից հետո նոր դիմեն Հայաստանի իշխանություններին, որ հնարավորություն ունենան կրկին ստանալ ՀՀ քաղաքացիություն: Դավթյանը հիշեցրեց, որ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն, և նման փոփոխության դեպքում ստացվում է՝ պարտադիր պահանջ է, որ նման անձանց անձնական օրենքը լինի Հայաստանի իրավունքը:

«Ձեր նախագծով խնդիր չենք լուծում, խնդիր ենք ստեղծում: Ճանաչված հայերը, երբ իմանան նման հարց է առաջանալու, չեն ուզենա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել»,-ասաց նա:

Արդարադատության նախարարությունը, սակայն նախագծին դրական եզրակացություն է տվել: Նախարարության տեսակետը ներկայացրեց փոխնախարար Վահե Դանիելյանը: Վերջինիս խոսքով` նախագիծը նախարարության համար ընդունելի է, այն միտված է երկքաղաքացիների ինստիտուտի կարգավորմանը: Հարցը  բաց է մնացել, քանի որ ժամանակին Հայաստանը երկքաղաքացիության ինստիտուտ չի ունեցել: Ըստ փոխնախարարի` այժմ այս նախագծով Հայաստանի քաղաքացիներն ավելի սերտ կապի մեջ կլինեն Հայաստանի հետ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով, անկախ ամեն ինչից՝ միշտ ելնում են այն տրամաբանությունից, որ եթե անձը նույնիսկ 35 երկրի քաղաքացիություն ունի, միևնույն է՝ Հայաստանի համար առաջնային է Հայաստանի քաղաքացիության փաստը: Վարդանյանը օրինակներ թվարկեց՝ կան մարդիկ, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, սակայն երբեք Հայաստանում չեն եղել, մշտապես այլ երկրում են ապրել, այլ երկրում հարկ վճարել, հետեւաբար որքանո՞վ է իրավաչափ նման անձանց անձնական իրավունքը Հայաստանի իրավունքը համարել միայն նրա համար, որ նրանք ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն: 

Նախագիծը ներկայացվեց քվեարկության և մերժվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter