ՊՎԾ. «Քեթրին գրուպ» և «Լեվո գրուպ» ընկերությունները Բուսաբանական այգում վարձակալած հողամասերն օգտագործել են այլ նշանակությամբ
Պետական վերահսկողական ծառայությունը Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ:
Մշտադիտարկման ընթացքում, ըստ ՊՎԾ հաղորդագրության, արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ «Քեթրին գրուպ» և «Լեվո գրուպ» ՍՊ ընկերությունները, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործել են (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել) գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև Քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել`
- «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը,
- առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունն իրականացրել է ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ:
Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել