HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կհիմնվի ֆրանսիական լիցեյ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ֆրանսիական լիցեյի հիմնադրման նախագծին: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ հարցը քննարկվել է, և այժմ պետք է հստակեցնել նախագծի իրականացման իրավական և մեթոդական մեխանիզմը:

«Մենք վստահ ենք, որ կրթության ոլորտում ֆրանսիական փորձի ներդնումը Հայաստանի համար արդյունավետ կլինի, առավել ևս, որ դրա համար լավ հիմք կա»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ համաձայն ՀՀ օրենսդրության՝ Հայաստանում կարող է լինել օտար լեզվի դասավանդմամբ միայն ավագ դպրոց:

Արմեն Աշոտյանը Անրի Ռենոյին ներկայացրել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առաջարկներ, որոնք քննարկել են երկու երկրների նախարարները: Այս համատեքստում կարևորվել է հատկապես Հայաստանի ֆրանսիական համալսարանի հավատարմագրումը Ֆրանսիայի կողմից: Արմեն Աշոտյանն առաջարկել է Ֆրանսիայի կողմից հավատարմագրման գործընթաց սկսել նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, որը կարևոր քայլ կլինի դիպլոմների ճանաչման ուղղությամբ:

Քննարկվել են Ֆրանսիայի Դեկարտի և Երևանի պետական բժշկական համալսարանների համագործակցությանն առնչվող, նաև երկկողմ կրթական ծրագրերի հետ կապված մի շարք այլ հարցեր:

ԿԳՆ-ի տեղեկացմամբ՝ Անրի Ռենոն շնորհավորել է Արմեն Աշոտյանին Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու առթիվ: Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Հայաստանը դիտարկում է որպես կրթական ոլորտում արտաքին քաղաքականության առաջընթաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter