HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ, 290 հազար քաղաքացու տրվել է 9.3 մլրդ դրամի վարկային արձակուրդ

Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին տեղեկատվություն է փոխանցել հակաճգնաժամային միջոցառումների մասին: Ստորեւ՝ վարչապետի խոսքն առանց խմբագրման։

Հարգելի գործընկերներ,

գիտեք, որ կառավարությունը հակաճգնաժամային 9 միջոցառում է ընդունել, և այդ միջոցառումները հերթով արդեն սկսում են գործել: Այս պահի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ: Ես ուզում եմ ասել, որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է: Նկատի ունեմ՝ հընթացս կլրացվի: Կառավարությունն արդեն իսկ հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյո՞ք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ես ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները: Եվ, իհարկե, բազան մի քանի օրվա ընթացքում՝ ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին, կամբողջանա, և ամբողջ օգնությունն ու աջակցության փաթեթներն արդեն հասանելի կլինեն բոլոր քաղաքացիներին, ովքեր ծրագրերի շահառու են հանդիսանում:

Նաև ուզում եմ ընդգծել որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բանկերը շուրջ 290000 քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 մլրդ դրամի չափով: Ես հույս ունեմ, որ արձանագրեցիք թվերը: Կան բոլոր հիմքերը՝ ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են կառավարության կողմից առանց որևէ վարչական ներգործության: Ես սա շատ կարևոր եմ համարում ընդգծել, որովհետև ճգնաժամի մեկնարկին շատ գործընկերներ, ուժեր մեզ փորձում էին դրդել, որպեսզի մենք վարչական որոշում կայացնենք, որը կպարտադրվի բանկերին, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով: Եվ այն, որ բանկային համակարգը, իհարկե, մեր քաղաքական հորդորներին արձագանքել է, վկայությունն է այն բանի, որ ամենազգայուններից մեկը համարվող այդ համակարգը վստահություն է տածում կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ: Սրա մասին վկայում են նաև շուկայում տեղի ունեցող պրոցեսները. մի քանի օրվա որոշակի լարվածությունից հետո արտարժույթի շուկան և ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Ընդհակառակը, վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: Ընդ որում՝ կան արդեն իսկ տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամային ավանդների, ինչն ամենավառ ապացույցն է այն բանի, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն:

Ընդհանուր առմամբ, այսօր դաշտում բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը, և, անկեղծ ասած, երբեմն այդ առաջարկությունների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք, ըստ էության, բավական երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք: Կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը: Եվ մեր քայլերը, իհարկե, մենք կլսենք բոլորին, հաշվի կառնենք առաջարկները, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ: Ընդ որում՝ մեր ռազմավարության մրցունակության առումով, կարծում եմ, կարևոր է արձանագրել, որ ճգնաժամը մեր երկրի տնտեսության զարգացման մեր ռազմավարական պատկերացումների մեջ, ըստ էության, շատ բան չի փոխել, և մեր ռազմավարական առաջնահերթությունները մնում են նույնը, ինչ նախկինում: Այնպես որ, մենք հստակ քայլերով գնալու ենք առաջ, շարունակելու ենք հակաճգնաժամային միջոցառումների ընդունումը: Այսօրվա օրակարգում ևս մեկ հակաճգնաժամային միջոցառում կա ընդգրկված, որը քիչ անց կքննարկենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter