
Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունից տուժած կապալառուներին
Կառավարությունն ապրիլի 9-ի նիստում որոշեց բյուջետային վարկ տրամադրել իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության հետևանքով տուժած հայաստանյան կապալառուներին։
Նախագծի նպատակն է աջակցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության միջև կնքված պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ նկատմամբ դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնց նշված ընկերությունը ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց 2018 թվականի վերջից ի վեր չի վճարել, ինչի արդյունքում պարտատերերը հայտնվել են ծանր կացության մեջ։
«Նախատեսվում է հաստատել բյուջետային վարկի տրամադրման ձևը և պարտատեր 28 ընկերությունների ցանկը՝ ըստ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության հանդեպ յուրաքանչյուրի ունեցած դրամական պահանջի չափի»,- նշեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ 228 մլն 549 հազ 216 դրամ։ Բյուջետային վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով և 0․01 % տոկոսադրույքով։
«Ըստ էության, սա նույնպես հակաճգնաժամային որոշում է, իհարկե, այդ ճգնաժամը ծագել էր կորոնավիրուսից շատ առաջ։ Ուզում եմ հիշեցնել, որ հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է։ Այս ընթացքում հարուցված մեր ամենամասշտաբային քրեական գործերից է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հուսով է, որ նախաքննությունը կոնկրետ արդյունքներ կունենա, և պետությանն ու հանրությանը պատճառված վնասները կփոխատուցվեն։
Մեկնաբանել