HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի խորհրդարանի ձևավորման համակարգը և կանխատեսելի արդյունքները

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Իրանում իշխող իսլամական համակարգում մեծ նշանակություն է տրվել  խորհրդարանի՝ Իսլամական խորհրդի մեջլիսի տեղին ու դերին, ինչին տարբեր առիթներով անդրադարձել  է նաև Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Ռոհոլա Խոմեյնին (Իմամ Խոմեյնի)։ Հետագայում քաղաքական վերնախավը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ և այլ առիթներով կարևորելով խորհրդարանի դերը երկրի կառավարման համակարգում, վկայակոչում է հենց նրա տեսակետները։ Այդ թվում՝ «Ես չեմ կասկածում, որ Մեջլիսը գլխավորում է պետական բոլոր մարմիները։ Այն ժողովուրդն է, որը բյուրեղացել է, հայտնվել սահմանափակ վայրում[1]»։ Նա Մեջլիսն անվանել է ողջ ժողովուրդի տուն և կեղեքվածների հույս[2]։

 Օրենսդիր իշխանությունը խիստ արժևորվել է նաև Իրանի Սահմանադրությամբ, որի գործունեությանը, պարտավորություններին ու լիազորություններին են վերաբերում 62-99-րդ դրույթները։

Խորհրդարանի ընտրությունները, Սահմանադրության համաձայն, իրականացնում է ՆԳ նախարարությունը, իսկ վերահսկողությունը՝ Սահմանադրության պահապան խորհուրդը (ՊԽ-ը)։ Վերջինիս են վերաբերում Սահմանադրության 91-99-րդ հոդվածները։ Այն 12 անդամ ունի, որից 6-ը բարձրաստիճան հոգևորականներ են, նրանց նշանակում է երկրի ռազմաքաղաքական ու հոգևոր առաջին դեմք հեղափոխության առաջնորդը։ Մյուս վեցը տարբեր ոլորտների իրավաբաններ են, որոնց խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում դատական իշխանության ղեկավարը, վերջինիս էլ իր հերթին դարձյալ նշանակում է հեղափոխության առաջնորդը: ՍՊԽ-ի գլխավոր պարտականությունն է վերահսկել խորհրդարանի հաստատած բոլոր օրինագծերի ու որոշումների համապատասխանությունը շարիաթի օրենքներին ու երկրի Սահմանադրությանը: Դրանք օրենքի ուժ են ստանում միայն ՍՊԽ-ի վավերացնելուց հետո:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆՑԱԾ ՈւՂԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈւԺԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈւՄԸ

Եթե 1-4-րդ գումարման խորհրդարանները, որոնք ձևավորվել էին արդար ու ազատ ընտրություններով,  ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և վստահություն էին վայելում,  ապա 4-րդ խորհրդարանից սկսած վստահությունը սկսել է սասանվել։ 

 Դեռևս 1979թ․, ի հակակշիռ առկա աշխարհիկ ուժերի, քաղաքականապես ակտիվ, միաժամանակ քաղաքական տարբեր հակումներով հայտնի հոգևորականները ձևավորեցին Իսլամական Հանրապետություն կուսակցությունը, որի նպատակը հեղափոխության ձեռքբերումների պաշտպանությունն էր հայտարարվել։ Դրա անդամներից էր նաև ներկայիս հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ 1980թ․ խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններին այդ կուսակցությունը լուրջ հաջողություն արձանագրեց, որին կրոնական կողմնորոշմամբ ուժերից զատ մասնակցում էին նաև ձախակողմյան, համայնավարական, ազգային և ազգային-կրոնական ուժերը։ 1984թ․ տեղի ունեցած երկրորդ գումարման խորհրդարանում կրկին առաջատար էին ԻԻՀ կուսակցությունն ու նրան հարող ուժերը, այդ թվում՝ 1979թ․ ձևավորված Մարտնչող հոգևորականության հասարակություն կրոնաքաղաքական և մշակութային կազմակերությունը (ՄՀՀ), 2-րդ տեղում  ձախ հակումներով  ուժերն էին՝ Մասնականության ամրապնդման գրասենյակ կազմակերպության գլխավորությամբ։ Այլ կերպ ասած՝  իշխող  իսլամական համակարգում նկատելի դարձան  քաղաքական երկու՝ աջ և ձախ հոսանքների առկայությունն ու մրցակցությունը, որոնք հետագա զարգացումների ընթացքում վերանվանվեցին բարենորոգչական և պահպանողական կամ, ինչպես այժմ իրենք են իրենց անվանում, սկզբունքայնականներ (Principаlists): Խոշոր հաշվով՝  նշյալ քաղաքական հոսանքների դիրքորոշումները տարբերվում են Իսլամական Հանրապետության կառավարման հանդեպ իրենց վերաբերմունքով։ Պահպանողականները խիստ կարևորում են իսլամականության բաղադրիչը, մինչդեռ բարենորոգիչները՝ հանրապետականությունը։  

Խորհրդարանի 3-րդ գումարման ընտրությունները տեղի ունեցան 1988թ․, երբ քաղաքական դաշտում առկա կրոնա-քաղաքական ուժերի դասավորությունը փոխվել էր։ 1987թ․ ինքնալուծարվեց ԻԻՀ կուսակցությունը, բացի այդ մասնատվեց ՄՀՀ-ը, և ձախ՝ բարենորոգչական  կողմնորոշմամբ հոգևորականները ձևավորեցին նոր կրոնա-քաղաքական կազմակերպություն՝ Մարտնչող հոգևորականների վեհաժողովը (ՄՀՎ)։ Առ այսօր դրա հիմնադիր և ղեկավար կազմում է նախկին նախագահ Մոհամեդ  Խաթամին։ Իսկ ՄՀՎ-ի գլխավոր քարտուղարը եղել է Մեհդի Քյառումին, ով նաև 6-րդ խորհրդարանի խոսնակ և նախագահական 10-րդ ընտրությունների թեկնածու էր, ինչից հետո մինչ այժմ տնային կալանքի տակ է։ Փաստորեն, 3-րդ գումարման ընտրություններում մրցակցում էին աջ և ձախ կողմնորոշմամբ ուժերը՝  ՄՀՀ-ի և ՄՀՎ-ի գլխավորությամբ, որտեղ վերջինս փայլուն հաղթանակ գրանցեց, ինչը հանկարծակիի բերեց աջ ուժերին, որոնք համակարգում, տնօրինում էին լուրջ լծակներ։

ՓՈԽՎԵՑԻՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Աջ դիրքորոշմամբ ՍՊԽ-ը, որի մենաշնորհն է նաև Սահմանադրության մեկնությունը, նման իրավիճակից խուսափելու նպատակով 1992թ. խորհրդարանական 4-րդ ընտրությունների նախօրեին մեկնաբանելով Սահմանադրության 99-րդ հոդվածը, ինչի համաձայն՝ ՍՊԽ-ը վերահսկում է երկրում բոլոր մակարդակի ընտրություններն ու հանրաքվեները, իրեն վերագրեց հայեցողական գործառույթ: Իսկ դա նշանակում է, որ երկրում բոլոր մակարդակի ընտրությունների թեկնածուների համապատասխանության վերջնական որոշումը հանձնվում է ՍՊԽ-ի դատին: Եվ ահա վերջինս, զանգվածաբար մերժելով ձախ ուժերի թեկնածության հայտերը, մեծամասնություն ապահովեց պահպանողականների համար։ Սա այն դեպքում, երբ քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան հոգևորականներն Իմամ Խոմեյնիի տեսակետներն ընդունում ու արժևորում են անվերապահորեն, իսկ նա կարևորել է խորհրդարանում բազմակարծությունը․ «Եթե ժողովրդի մեջ ճաշակների ու տեսակետների միջև տարաձայնություն չլինի, դա մեծ թերություն է,  եթե խորհրդարանում տարակարծություն չլինի, լուրջ թերություն է։ Տարակարծությունը,  ճաշակների տարբերությունն անհրաժեշտ է,  աղմկոտ բանավեճեր ևս պետք է լինեն, սակայն դրանք չպետք է վերածվեն թշնամանքի ու պառակտման[3]»։

4-րդ խորհրդարանն իր հերթին 1995թ. ընտրությունների մասին օրենքում նոր փոփոխությունների վերաբերյալ օրինագիծ հաստատեց, որով էլ ավելի ընդլայնվեցին ՍՊԽ-ի լիազորությունները:

Մյուս կողմից,  հաշվի առնելով, որ հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի քաղաքական դիրքորոշումը պահպանողական է, բնականաբար, նրա նշանակումներն էլ հենց այդ թևից են: Այլ կերպ ասած՝ ՍՊԽ-ի և Համակարգի շահերին համապատասխանությունը  զատորոշող  վեհաժողովի (ՀՇՀԶՎ) անդամները և դատական իշխանության ղեկավարը պահպանողական հոսանքի ներկայացուցիչներ են։ ՀՇՀԶՎ-ի հիմնական գործառույթը, Սահմանադրության համաձայն, խորհրդարանի և ՍՊԽ-ի միջև ծագած տարաձայնությունների  լուծումն է՝ ըստ համակարգի շահերի։ Իսկ դա նշանակում է, որ եթե խորհրդարանի հաստատած օրինագիծը ՍՊԽ-ը համարում է Սահմանադրության կամ շարիաթի օրենքներին հակասող, խորհրդարանը դա չի ընդունում,  հարցը տեղափոխվում է ՀՇՀԶՎ, իսկ առ այսօր վերջինս միայն բացառիկ դեպքերում է այն լուծել հօգուտ խորհրդարանի։

1996թ․ Խորհրդարանի 5-րդ գումարման ընտրությունների ճակատագիրը ևս կանխավ որոշված էր՝ հաշվի առնելով ՍՊԽ-ի քաղաքական դիրքորոշումը, որտեղ մեծամասնություն կազմեցին պահպանողականները՝ ՄՀՀ-ի գլխավորությամբ։  Սակայն 1997թ․ նախագահական ընտրություններին ՄՀՎ-ի ղեկավարության անդամ Մոհամեդ Խաթամին աննախադեպ հաջողություն արձանագրեց, ինչը պայմանավորված  էր երկրի քաղաքական թատերաբեմում  երևան եկած  բարենորոգչական հզոր ալիքով, որին պաշտպանում էր երիտասարդությունը։ 2000թ․ տեղի ունեցած խորհրդարանի 6-րդ գումարման ընտրություններին 270 անդամ ունեցող խորհրդարանում 190 ձայնով մեծամասնություն կազմեցին բարենորոգիչները՝ հանկարծակիի բերելով պահպանողականներին։ Հանգամանք, ինչը, թերևս, պայմանավորված էր բարենորոգիչների մեծ թվով հայտերով, ինչպես նաև  նրանով, որ առաջադրվածներից  շատերի քաղաքական դիրքորոշումները, որպես բարենորոգչի, հստակեցված չէին։ Ուստի թեև ՍՊԽ-ը կիրառեց նախկին ու 5-րդ խորհրդարանի՝ նրան տրված նոր լիազորությունները, սակայն բարենորոգիչների ու նրանց կողմնակիցների գերակտիվությունը, որոնք ակնկալում էին լուրջ փոփոխություններ, հաղթահարեց բոլոր դժվարությունները։

Թվում էր, որ եթե գործադիր և օրենսդիր իշխանության ղեկի մոտ է հայտնվել նույն քաղաքական ուժը, ապա կարող է իրականացնել բարեփոխումների լուրջ ծրագրեր, սակայն բարենորոգիչները խոստումներն իրականացնելուն ուղղված օրինագծեր հաստատեցին, որոնք                  հիմնականում արժանացան ՍՊԽ-ի վետոյին: Մամուլի օրենքի բարեփոխման օրինագիծը դեռևս կասեցվեց քննարկման ընթացքում հեղափոխության առաջնորդի հրահանգով։ Որոշ օրինագծեր էլ հանգրվանեցին ՀՇՀԶՎ-ում և «պահեստավորվեցին»։ Այդօրինակ ճակատագրի է արժանացել նախագահ Խաթամիի ներկայացրած երկու օրինագիծ, որոնց մասին հիշատակել է 6-րդ խորհրդարանի փոխխոսնակ Մոհամեդ Ռեզա Խաթամին փետրվարի 19-ին «Irna» գործակալությանը տված հարցազրույցում, որտեղ խոսել է խորհրդարանի վերջին ընտրություններին բարենորոգչականների մասնակցության մասին[4]։ 2002թ․ նախագահի ներկայացրած օրինագծերն էին՝ ա) 4 կետից կազմված, Սաhմանադրությանը համապատասխան նախագահի լիազորությունների հստակեցում, բ) Ընտրական օրենսգրքի բարեփոխումների օրինագիծ, որով սահմանափակվելու էին ՍՊԽ-ի լիազորությունները, մասնավորապես օրինագիծն ուղղված էր նրա հայեցողական գործառույթի վերացմանը։ 

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՏՆՕՐԻՆՈւՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՈՂՋ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ

2004թ. տեղի ունեցած խորհրդարանի 7-րդ ընտրություններում ՍՊԽ-ը գործեց «անթերի»՝ զանգվածաբար մերժելով բարենորոգիչներին, ապահովեց պահպանողականների հաջողությունը,  ինչի պատճառով նույնիսկ 139 պատգամավոր նստացույց արեց, ապա մեծ աղմուկ բարձրացավ, սակայն ոչինչ չօգնեց։ Այլ կերպ ասած՝ ընտրություններում մրցապայքարն ընթանում էր պահպանողականների ու ավելի արմատական պահպանողականների միջև։  Փաստորեն, նրանց մնում էր լուծել մի հարց՝ ապահովել ընտրողների մասնակցությունը, բայց գործադրված բոլոր ջանքերով հանդերձ, այն կազմեց շուրջ 51 տոկոս՝ զիջելով նախորդ բոլոր ընտրություններին, իսկ բարենորոգիչներն ունեցան սակավ ներկայություն։  Կարելի է նշել, որ 6-րդ խորհրդարանից հետո ՍՊԽ-ը, հաշվի չառնելով որևէ քննադատություն ու բողոք, բարենորոգչական հոսանքին զրկել է խորհրդարանում վճռորոշ ձայն ունենալու հնարավորությունից: Հետևաբար, պահպանողական կառույցներին միայն մասնակցության հարցն է հուզել, քանի որ նման կարգով ձևավորված խորհրդարանների հանդեպ ընտրողը, ոչ միայն վստահությունը կորցնելով պասիվություն է դրսևորում, այլև արժանանում է միջազգային հանրության քննադատություններին։ Իրավիճակը գրեթե նույնն էր նաև 8-րդ խորհրդարանի ձևավորման գործընթացում, որտեղ մրցակցությունը պահպանողական 2 դաշինքների միջև էր՝ «Սկզբունքայինների համընդհանուր կոալիցիա» և Ահմադինեժադի կողմնակիցների՝ «Սկզբունքայինների միության ճակատ» կոալիցիաների, որտեղ հաղթեց առաջինը։ Պատկերը նույնն էր նաև 9-րդ գումարման ժամանակ։ Մրցապայքարն ընթացել էր առավել արմատական պահպանողականների՝ «Իսլամական հեղափոխության կայունության ճակատի» և «Սկզբունքայնականների միացյալ ճակատի» միջև, որտեղ հաջողության է հասել վերջինս։ Ընդ որում, մասնակցությունը 5-8 տոկոսով գերազանցել էր նախորդ ընտրություններին՝ կազմելով 64,2 տոկոս, ինչը բարձրաստիճան հոգևորականությունն ու պաշտոնյաները գնահատեցին իբրև Արևմուտքի սպառնալիքներին սպառիչ պատասխան։

 Պատկերը լիովին այլ էր 2016թ․ տեղի ունեցած գործող խորհրդարանի 10-րդ գումարման ընտրություններին, երբ արդեն կյանքի էր կոչվել Իրան-5+1-ի համաձայնությունը (Joint Comprehensive Plan of Action), ինչի պատճառով ընտրողները մեծ փոփոխությունների հույսեր էին փայփայում, մանավանդ որ բարենորոգիչների աջակցությունը վայելող նախագահ Ռոհանին տվել էր նման խոստումներ։ Ուստի բարենորոգիչներն ակտիվ մասնակցություն ունեցան․ թեկնածության  հայտերը նախորդի համեմատությամբ աճել  էին 62 տոկոսով։ Թեև ՍՊԽ-ը 90 տոկոսով մերժել էր բարենորոգչական թեկնածուներին, բայց և այնպես նրանք անհավասար պայքարում ընտրազանգվածի ակտիվությամբ 290 անդամ ունեցող խորհրդարանում 122 ձայնով լուրջ հաջողություն արձանագրեցին՝ հաշվի առնելով, որ նրանց մեծամասնություն կազմելու  հնարավորություն չի տրվում։ Բացի այդ զգալի թիվ կազմեցին նաև նախագահի գաղափարակիցները՝ չափավոր պահպանողականները, ինչի շնորհիվ նպաստավոր  պայմաններ ստեղծվեցին գործադիրի համար։ Այսուհանդերձ, նախագահ Ռոհանին չէր կարող բարենորոգչական լուրջ օրինագծերով իրականացնել տրված խոստումները, անցնել ՍՊԽ-ի պատնեշից։  Ահավասիկ,  դեռևս մեկ տարի առաջ խորհրդարանը 2 օրինագիծ էր հաստատել Իրանի FATF (Financial Action Task Force, ֆինանսական ակցիայի հատուկ աշխատախումբ) կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ, ինչը մերժել է ՍՊԽ-ը և արդեն մեկ տարի է հանձնվել է ՀՇՀԶՎ-ի դատին, որը որոշում չի կայացնում։ Ի հետևանք դրա՝ Իրանը փետրվարի 21-ին կրկին հայտնվել է FATF-ի «սև ցուցակ»-ում, թեև դեռևս 2019թ․ դեկտեմբերին նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառալով հարցի մասին որոշում ընդունելու ՎՇՀԶՎ-ի ձգձգումներին,  նախազգուշացրել էր այդ առնչությամբ[5]։

ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻԱՏԱՐՐ Է

Խորհրդարանի վերջին՝ 11-րդ գումարման ընտրությունները, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա փետրվարի 21-ին, ընթանալով հիշյալ գործընթացներով, միաժամանակ  կրել են երկրում ստեղծված հասարակական, քաղաքական ու տնտեսական իրավիճակի  կնիքը։ Թեև անցյալում ևս ընտրողների ակտիվությունը  հաճախ օրակարգային է եղել, սակայն այս դեպքում  չափազանցություն չի լինի, եթե դա իշխանությունների ու համակարգի համար վերածվել էր գերնպատակի, քանզի, ինչպես նշել ենք, հիասթափված շուրջ 58 միլիոն ընտրողին քվեատուփերի մոտ բերելը, հաշվի առնելով  մի շարք հանգամանքներ, լուրջ խնդիր էր[6]:  Նախ տնտեսական սահմանափակումների պատճառով բնակչությունը սոցիալ-տնտեսական ծանր վիճակում էր, գործող խորհրդարանի գործունեությունից կար դժգոհություն մասնավորապես 2019թ. նոյեմբերին բենզինի գների բարձրացման հարցում: Այս առնչությամբ հատկանշական է գործող խորհրդարանի չափավոր պահպանողական կողմնորոշմամբ պատգամավոր Ալի Մոթահրիի տեսակետը: Նա շեշտել է, որ խորհրդարանը 50-60 տոկոսով գտնվում է խորհրդարանից դուրս ուժերի ճնշման ներքո և ի զորու չէ անկախ որոշումներ ընդունել[7], ապա բարենորոգչական հոսանքի աջակցությունը վայելող չափավորական նախագահ Ռոհանիի կառավարությունից բարեփոխումներ ակնկալող ընտրողների հիասթափություն, ինչի վկայությունն են նաև 2019թ. հոկտեմբերի ցույցերի ժամանակ հնչեցված կարգախոսները, որոնք երկու հոսանքին էլ նույն նժարի վրա էին դրել: Եվ, ի վերջո, ընտրողների պասիվությանը նպաստել է նաև ուկրաինական ինքնաթիռի սխալմամբ խոցումն ու Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի հրամանատարի 3 օր ուշացումով  խոստովանությունը:

Ահա թե ինչու մասնակցության խնդիրը լուծելու նպատակով պետական բոլոր կառույցներն ու հանրահայտ քաղաքական գործիչները, առանձին-առանձին հանդես գալով հայտարարությամբ, ընտրողներին  կոչ էին անում մասնակցել ընտրություններին, այդ թվում նաև երկրի նախագահը, ով բազմիցս դժգոհել էր ՍՊԽ-ի գործունեությունից: Հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին ևս, տարբեր առիթներով դիմելով իրանցիներին, հորդորելով մասնակցել քվեարկությանը, նշել էր, որ մասնակցությունը կրոնական պարտականություն է, կամ ով սիրում է Իրանը, կմասնակցի ընտրություններին:  Իսկ փետրվարի 5-ին նա շեշտել էր՝ ով կարևորում է սիրելի Իրանի անվտանգությունը, հայրենիքի պատիվը, ինչպեսև երկրում ծառացած խնդիրների լուծումը, պետք է մասնակցի փետրվարի 21-ի քվեարկությանը:  Այսուհանդերձ, մասնակցությունն ԻՀՀ պատմության մեջ 42 տոկոսով ռեկորդային ցածր էր:  Ըստ ամենայնի, իրանցիներն այդպիսով ցանկացել էին հայտնել իրենց դժգոհությունը երկրի կառավարման, ընտրությունների կանխատեսելիության առնչությամբ և փոխանցել համատարած հիասթափություն: 

Այսուհանդերձ,  թեկնածության հայտերի թիվը ռեկորդային մեծ էր՝ 16 հազար 33, ՆԳ նախարարության համապատասխան ստուգումների համաձայն՝ 14 հազար 500-ի ճագատագիրը հանձնվել էր ՍՊԽ-ի դատին, որտեղ մերժվել էր հայտերի 56 տոկոսը, իսկ 7 հազար 148-ը մասնակցեց ընտրարշավին, այլ կերպ՝ գործող մեխանիզմով հիմնականում մերժվել էին բարենորոգիչները: Ավելին, ինչպես նախկին ՆԳ նախարար, բարենորոգչական կողմնորոշմամբ Մոստա‎ֆա Թաջզադեն էր նշել, ՍՊԽ-ը խորհրդարանում պահպանողականների համար ապահովել էր ընդանուր տեղերի 2/3-ը՝ տվյալ ընտրատարածքներում մերժելով բոլոր բարենորոգիչներին: Նա ընտրությունները բնութագրել էր որպես ձիարշավ մեկ ձիով[8]: Հատկանշական է նաև, որ անգամ արմատական բարենորոգիչ քաղաքագետներն ու գործիչները, խիստ քննադատելով իշխանությունների, ՍՊԽ-ի և այլ կառույցների գործունեությունը, կողմ լինելով փոփոխություններ իրականացնելուն, հասարակական շարժումների միջոցով դեմ են իսլամական համակարգի փլուզմանը, մասնավորապես  ներկայումս: 

Նշենք, որ եթե չափավոր բարենորոգիչները կարծում են, որ ժողովրդավարությունը պետք է հաստատվի իշխանությունների ու ընտրությունների միջոցով, ապա արմատականները հակված են հասարակական-քաղաքական արմատական փոփոխությունների, որոնք կարող են տեղի ունենալ հասարակական շարժումների ճանապարհով: Այս թևի ներկայացուցիչներից Ալիռեզա Ալավիթաբարը բարենորոգիչների զանգվածային մերժումը համարել է ծրագրված և նպատակամղված՝ իշխանությունը միատարր դարձնելուն, ինչը տեղի է ունեցել  նաև Ահմադինեժադի նախագահության օրոք[9]:

Թերևս հենց այս համատեքստում պետք է մեկնաբանել  նաև, որ ընտրությունների առաջին փուլում ընտրվել է 278 և 2-րդ փուլին մնացել ընդամենը 11 ընտրատարածք, մինչդեռ նախորդներում առնվազն 30-50 տոկոսն ընտրվում էր երկրորդ փուլում։ Նույնիսկ Ահմադինեժադի օրոք 8-րդ խորհրդարանի ընտրությունների առաջին փուլում ընտրվել էր 205 պատգամավոր։ Արդյունքում, ինչպես նշել էինք, բարենորոգիչները նոր խորհրդարանում սակավ ներկայություն են ունենալու։ Բացառված չէ, որ լուրջ տարածայնություններ կառաջանան պահպանողականների շարքերում, ինչը տեսանելի էր նաև ընտրությունների ընդհանուր ցուցակ կազմելիս, որտեղ, ամենայն հավանականությամբ, խոսնակի պաշտոնը զբաղեցնելու է Բաղեր Ղալիբաֆը։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] «Իմամ Խոմեյնիի գիրը», ժողովածու, 17-րդ հատոր, էջ 246։

[2] «Իմամ Խոմեյնիի գիրը», ժողովածու, 21-րդ հատոր, էջ 11։

[3] «Իմամ Խոմեյնիի գիրը», ժողովածու, 21-րդ հատոր, էջ 47։

[4] Վեցերորդ խորհրդարանի փոխխոսնակի տեսակետներն այդ շրջանի քաղաքական հարցերի շուրջ

[5] Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սև ցուցակում»

[6] Իրանը նախապատրաստվում է ընտրությունների

[7] Մոթահար․ դրսի գործոնները 60 տոկոսով միջամտում են խորհրդարանի որոշումներին

[8] Առաջիկա ընտրությունները ձիարշավ է մեկ ձիով

[9] Որոշված է ողջ իշխանությունը դարձնել մատարր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter