HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ջենիֆեր Իգանի վեպում ժամանակի դրոշմը փոխկապակցված անձանց դեմքերին

Խրոնոլոգիա` խախտված ժամանակի տարբեր հատվածներ, որոնք պատմում են տարբեր անձինք՝ հեղինակն ու իր հերոսները: Պատմությունները, հաջորդելով միմյանց, ստեղծում են այն գեղադիտակը, որով դիտում ես 60 տարիների միջով ձգվող ամերիկյան չորս սերունդների ճակատագրերը։

Ջենիֆեր Իգանի A Visit from the Goon Squad («Այցելություն բանդիտների կողմից») վեպը հրատարակվել է 2013-ին, ստացել է Պուլիցերյան մրցանակ:

«Փոխկապակցված անձինք» արտահայտությունը, որ հայկական միջավայրում իմքայլականները օգտագործում են մեկ կոռուպցիայի և մեկ էլ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, վեպում այլ իմաստ ունի. յուրաքանչյուր գլուխ ինքնուրույն պատմվածք է, որը փոխկապացված է մյուս գլուխներին, յուրաքանչյուր գլուխ մի հերոսի պատմություն է, որը փոխկապացված է մյուսի պատմությանը, փոխկապակցված անձինք, որոնք կապված են միմյանց զգացմունքներով, սիրային, ընկերային, ազգակցական թելերով, որոնց միահյուսմամբ էլ ստեղծվում է ամերիկյան հումանիտար մտավորականների և երաժշտական աշխարհի շուրջ հասարակության այս պատկերը։

Սառայի որդին՝ աուտիզմ ունեցող Լինկոլնը, սևեռված երաժշտական պաուզաներ է հավաքում, ու մեկ էլ Սառան նկատում է պաուզայի իմաստը. «Երբ պաուզա է, կարծում ես վերջ, երգը վերջացել է, բայց այն շարունակվում է, և դու թեթևացած շունչ ես քաշում, բայց մեկ է, այն վերջանում է, քանի որ ցանկացած երգ ինչ-որ ժամանակ վերջանում է»։

Վեպի գլուխների արանքներն էլ պաուզաներ են, թվում է, թե վերջացավ պատմությունը, մեկ էլ մի քանի գլուխ էն կողմ հայտնվում է շարունակությունը, բայց ի վերջո կյանք է, ու ինչ-որ ավարտ ունի՝ վեպը վերջակետեր է դնում. մեկի դեպքում մահն է, մյուսի դեպքում՝ երջանկությունը, էն մեկի դեպքում՝ վերգտած հաջողությունը։

Պաուզաներ են նաև 60 տարիների մեջ ձգվող ժամանակաշրջանների ու չորս սերունդների միմյանցից բաժանող արանքները: «Նրանք մեկ էլ զգացին` ինչպես է աշխարհը իրենց ոտքերի տակ սկսում փոխվել», փանքի սերունդներին փոխարնելու են գալիս «մաքուր» երիտասարդները՝ «մաքուր», այսինքն առանց պիրսինգների ու դաջվածքների, ինչպիսին Լուլուն է՝ կարիք չունի մարմնի վրա նշաններով  անհատականությունը ընդգծելու, ֆիզիկայի նրբություններից մինչև պիառի գաղտնիքները այնպես հրաշալի գիտի, որ նոր էթիկայի դասեր է տալիս չափահաս Ալեքսին, բացատրում, որ «ծախվածն» ու «ազնիվը» այնքան հարաբերական են, և եթե թվում է, թե այսինչ բլոգերը, փողն առնելով՝ «ծախվելով», գովազդում է այսինչ երաժշտին, իրականում հեչ էլ խղճի դեմ չի գործում, քանի որ չես իմանա՝ երաժիշտը գուցե իրոք արժանի էր փառքի։ Թութակներ՝ այսպես են կոչվում այն բլոգեր-լրագրողները, ովքեր փողով նյութ են գրում։

Ֆոլկներյան «Շառաչ և ցասում»-ի քառաձայն հնչեղության գեղագիտությունը, որտեղ յուրաքանչյուր գլուխ մի հերոս է խոսում, գումարած՝ վերջին գլխում հեղինակի խոսքը, Իգանը բազմապատկում է՝ վեպի 13 գլխից յուրաքանչյուրը մի հերոսի պատմություն է, ընդհանուր` 17 հերոս, բազմապատկված են նաև քերականական դեմքերը՝ մի դեպքում առաջին դեմքով բոմժացած երաժիշտ Սքոթի Հաուսմանն է խոսում կամ երաժշտական աշխարհի հմայքին անձնական երջանկությունը զոհած Ջոսլինը, մյուսում երկրորդ դեմքով ինքն իր մասին է պատմում իր միասեռականության ու Սաշայի նկատմամբ սիրո մեջ մոլորված Ռոբերտը, մեկ այլ դեպքում երրորդ դեմքով հեղինակն է խոսում, մեկ ուրիշ դեպքում բանտում նստած լրագրող Ջուլսի ակնարկն է, որ պատմում է աստղին բռնաբարելու նրա անհաջող փորձի մասին, մեկ այլ գլուխ փոքրիկ Ալիսոնի մանկական պարզունակությամբ ընտանեկան գրաֆիկներն են, որոնց միջից դուրս են պրծնում ծնողների նվաճած ընտանեկան երջանկությունն ու անցած օրերի փոխանցած թախիծը։ Բազմաթիվ տեսանկյուններից ու դիրքերից ներկայացվող հերոսները ստանում են քանդակի այն հնարավորությունը, որ կարող ես նրանց բոլոր կողմերից դիտել։

Ինչպես Ալեքսն է բազմահազարանոց համերգում սմարթֆոնով գտնում կնոջը՝ Ռեբեկային,  ու զում անելով տեսնում, թե ինչպես է նա պարում, վեպն էլ Ժամանակի միջից «պատահական» հերոսի ձեռքով «պատահական» զում է անում այս կամ այն հերոսին։

Այդպես ամենահաճախը զում է լինում առանցքային կերպարը` Սաշան, սկզբում նրա կլեպտոմանիայի տառապանքներն են, հոգեբանի մոտ սեանսներ, որոնք չեն կարողանում կանխել նրա հիվանդագին հակումը՝ գողանալ ուրիշի դրամապանակը կամ մեկ այլ իր։ «Իրերը կյանքից» գլխում գողացված իրերի մի ողջ ցուցահանդես է սենյակում, գողանում ու շարում է սեղանին, ինչո՞ւ։ Պրոդյուսերական ֆիրմայում նորմալ վարձատրվող, ղեկավարի հարգանքը վայելող կնոջ գողանալու մուլուցքը ի՞նչ է, հաստատ կարիքը չի մղում, գուցե 21-րդ դարին բնորոշ տարօրինակ հոգեբանական շեղո՞ւմ։ Ավարտվե՞ց պատմվածքը։ Չէ։ Պաուզա էր։ Մեկ էլ Սաշան զում է լինում «Մարմնի վրա» գլխում, ուսանողական ընկերը՝ Ռոբերտը, կբացահայտի Սաշայի գաղտնիքը, որը Սաշան նրան հանձնել էր որպես բարեկամության հավաստիք՝ 18 տարեկան աղջիկը մենակ, մոլորված Նեոպոլում սովահարության եզրին գոյատևելու համար ստիպված գողություն է սկսում անել ու տրվել իր գողոնը կոպեկներով առնող շվեդին, գողությունը մտնում է նրա մեջ, իրենով անում և նա այլևս չի կարողանում ազատվել գողության մոլուցքից, այն դառնում է նրա ինքնության մասը։

Յուրաքանչյուրի կյանքը մի հեղեղ է, որ մեկը մյուսի հետ հատվում, միախառնված ընթանում են մի ուղղությամբ, ապա կրկին անջատվում, իսկ ինչ-որ մեկն էլ ինչ-որ մյուսի հետ մեկ էլ կրկին հատվում։ Այս հեղեղատների մեջ ժամանակը տաշում է կյանքը, հղկում, ուղեկցում և հասցնում նավահանգիստ՝ մի դեպքում բոմժացած երաժիշտ Սքոթին է իր բոմժական փիլիոսփայությամբ. «Պարկ Ավենյուի կանաչ ապակե տանը վաստակելու և կամուրջի տակ աղբ հավաքելու մեջ տարբերությունը ահավոր չնչին է, այնքան չնչին, որ գոյություն ունի միայն մարդկային երևակայության մեջ», ձկնորսություն է անում նյույորքյան կամուրջների տակ, ու մեկ էլ արդեն 60 անց, ընկերոջ համառության շնորհիվ համերգ տալիս ու աստղ դառնում։ Հակառակը, մեկ այլ երաժիշտ Բոսկոն՝ փանք ռոքի երբեմնի աստղը` հիվանդ ու լխկած, երազում է վերադարձնել նախկին փառքը՝ «ժամանակը բանդիտ է և ունի բանդիտի դեմք»։ Գրքի վերնագիրն էլ հենց այս արտահայտությունից է «Այցելություն բանդիտների խմբից» ( Goon Squad՝ են կոչվել ԱՄՆ-ում բանդիտական խմբերը), եթե ժամանակը բանդիտ է, ուրեմն, «Այցելություն ժամանակի կողմից» կամ «Ժամանակի այցելությունը»։

Ինքս կարդացել եմ վեպի ռուսերեն թարգմանությունը, որի վերնագիրն է Время смееотся последним («Ժամանակը ծիծաղում է վերջում»)։

Մեկ այլ դեպքում սեքսուալ բուռն կյանքով ապրող, էգոիստ երաժշտական պրոդյուսեր Լուն է՝ համերգի ժամանակ պատանի Ջոսլինը ծնկաչոք բավարարում է նրա սեքսուալ պահանջները, իսկ ահա  ժամանակը հասցնում է մի նավահանգիստ, ուր լքված, հիվանդ, գամված անկողնուն Լուի այցելուն այն նույն Ջոսլինն է, որ նրա նկատմամբ մի զգացում ունի՝ խեղդել այն լողավազանում, ուր օրգիաներ էին լինում։ Չարի վե՞րջը, թե ճտերը աշնանն են հաշվում, կամ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, և միշտ վերջում ժամանակն է ծիծաղողը։

Իսկ Սաշային հոգեկան հավասարակշռության փնտրտուքները հասցնում են այն ժամանակներ, երբ ինտերնետային ցանցներով միմյանց կորցրած սիրահարները գտնում են միմյանց, Սաշային էլ գտնում է ուսանողական բոյֆրենդը՝ Պակիստանում հանգրվանած Դրյուն, ու նրանք էլ իջնում են երջանիկ ամուսնության նավահանգիստը։

Մի քիչ հեքիաթ չէ՞։ Չէ, իրական, ռեալիստական հեքիաթ. այո կյանքում լինում է, որ մոլորված հոգիները երջանկություն են գտնում, իսկ բոմժը աստղ է դառնում։

Չեմ հիշում, թե մեկ էլ երբ էի կարդացել մի վեպ, որի կարևոր ուղերձներից մեկը լավատեսական ներշնչանքը լիներ։ Բայց հիշեցի Լևոն Ներսիսյանի Հյուգոյի «Թշվառները» վեպի դասախոսությունը. ասում էր, թե մտերիմ ընկերոջը խորհուրդ է տվել՝ խնդրում եմ վերընթերցիր «Թշվառները», սա աշխարհի լավագույն վեպն է։ Ընկերը կարդում, զարմացած ասում է՝ ինչ ես խոսում, սա ի՞նչ վեպ, հեքիաթ է, հիմարություն։ Ներսիսյանը ասաց՝ ես էլ էի ճիշտ, ընկերս էլ էր ճիշտ, այո «Թշվառները» նաև հեքիաթ է, որի կարիքը այնքան ունենք մենք։

լուսանկարը՝ imago/teutopress -ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter