
Կորոնավիրուսի պատճառով ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում շարժ չկա
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի ընտրանին պահպանել է 102-րդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ նախորդ՝ փետրվարյան ցուցակի համեմատ միայն 1 փոփոխություն է տեղի ունեցել. Հրվ. Սուդանը բարձրացել է 1 հորիզոնական, իսկ մյուս ընտրանիները պահպանել են իրենց դիրքերը: Պատճառը պարզ է. կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլային հանդիպումներ տեղի չեն ունենում:
Հիշեցնենք, որ մարտին մեր թիմը պետք է ընկերական խաղեր անցկացներ Ուզբեկստանի եւ Ղազախստանի հետ, սակայն կորոնավիրուսի պատճառով հանդիպումները չեղարկվեցին:
Համաշխարհային ցուցակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, Ռուսաստանը 38-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 85-րդ, Բելառուսը՝ 87-րդ, Վրաստանը 91-րդն է, Ղրղըզստանը՝ 96-րդը, մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Թուրքիան է (29), Իրանը 33-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 91-րդը, իսկ Ադրբեջանը՝ 114-րդը:
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի հունիսի 11-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել