
Արցախում կա չորս մեկուսացված
«Րոպեներ առաջ հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախում ինքնամեկուսացվել են երկու ոստիկան, նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ»,- 30 րոպե առաջ ֆեյսբուքյան էջում գրել է Artsakh1.am կայքը:
«Հետքը» կապվեց Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե այս տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր է ինքնամեկուսացվածներ լինեն (բայց ոչ մեկուսացվածներ). «Ոստիկանությանն ասել եմ, որ ճշտեն ու ասեն»:
«Հետքի» հետ զրույցում ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանն ասաց, որ նշված տեղեկության վերաբերյալ քիչ ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես կգա տեղեկատվական շտաբը։
Տեղեկատվական շտաբի քիչ առաջ տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ՝ այս պահին մեկուսացվածները չորսն են՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին, առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը գտնվում են Քաշաթաղի բուժմիավորումում։ Կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով:
Մեկնաբանել