
Քաշաթաղում հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հայտնում է, որ շրջանում հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Ֆեսբուքյան իր էջում նա դիմել շրջանի բնակիչներին:
« • Հարգելի՛ քաշաթաղցիներ, արդեն բուժման նպատակով Երևան տեղափոխված հաստատված վարակակիր կնոջ ընտանիքի անդամի թեստի պատասխանը հայտնի է։ Ցավոք, այն դրական է (վարակված կորոնավիրուսով)։ Նշված անձը նախքան թեստավորումը գտնվում էր մեկուսացման մեջ, ինչը նվազեցնում է հավանական վարակվածների շրջանակը։ Սա Քաշաթաղում նոր կորոնավիրուսով վարակված երկրորդ անձն է։
• Այս պահին չունենք կորոնավիրուսի վարակման ախտանիշներով մեկուսացված նոր բնակիչներ, սակայն ավելի նպատակահարմար ենք գտել սահմանափակել բոլոր տեսակի շփումները Քաշաթաղի հյուսիսարևմտյան թևի երեք համայնքների՝ Միրիկի, Մոշաթաղի և Ծիծեռնավանքի հետ։ Նշված համայնքների բնակիչների սննդի և պարենային այլ մթերքների հարցը հոգալու ենք մենք։
• Գոհունակությամբ պետք է հայտնեմ, որ այսօր արդեն իսկ սնունդով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված անդրանիկ մեքենան ճանապարհել ենք Միրիկ։ Իմ կարգադրությամբ՝ կարգավորված է նույնիսկ անասնակերի հարցը։ Աջակցության այս ծրագիրը շարունակվելու է այնքան, մինչև ավարտվի նշված համայնքների մեկուսացման գործընթացը։
• Հավատացնում եմ, որ ջանք չենք խնայում և չենք խնայելու, որ ձեր մեկուսացումը չխանգարի ձեր բնականոն կյանքին։ Կրկին անգամ հորդորում եմ լուրջ վերաբերվել համավարակին և հետևել բոլոր անհրաժեշտ ցուցումներին»,- գրառման մեջ նշել է վարչակազմի ղեկավարը։
Մեկնաբանել