HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայկ Ալումյան․ «Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմումը տեղ հասավ, նույն օրը պարոն Քոչարյանին հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասում է, որ երբ իրենք հայցադիմում են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

Պաշտպանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ իրենց ներկայացրած հայցադիմումը Նիկոլ Փաշինյանին կհասներ, արդեն խոսակցություն է տարածվել, որ, կարծես թե, Ռոբերտ Քոչարյանին ուզում են տեղափոխել։

«Ես չեմ բացառում, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իմացել էին, որ հայցադիմում ենք ներկայացնում։ Հայցադիմումը ներկայացրինք, հենց հասավ տեղ, նույն օրը պարոն Քոչարյանին հրատապ հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին»,- ասաց Հայկ Ալումյանն, ով հակված չէ հավատալ զուգադիպությունների։

«Գուցե մաքուր զուգադիպություն է, բայց ավելի քիչ հավանական է, որ դրանում զուգադիպություն լինի, քան միտում»,- կարծիք հայտնեց Հայկ Ալումյանը։

Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հրապարակային արտահայտություների համար, որոնցով, ըստ Քոչարյանի Փաշինյանն իրեն զրպարտել է։

«Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ տարբեր թեմաներով խոսելիս եկավ, հանգեց պարոն Քոչարյանի հետ կապված հարցերին և երեք դրվագով անհավասարակշիռ և պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններ արեց, դրա հիման վրա որոշել ենք դատական հայց ներկայացնել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հիշեցրել է 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումը՝ 5 տարում 2.5 միլիարդ դոլար ավելի գումար ծախսել բանակի մարտունակության բարձրացման համար, որից առնվազն 1.2 մլրդ-ն, ըստ Փաշինյանի, պետք է հակակոռուպցիոն պայքարով վերադարձված գումար լինի։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասել է նաև, որ այդ 1.2 մլրդ-ը պետք է տան Ռոբերտ Քոչարյանն ու այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ասում եմ անվանական, Սե՛րժ Սարգսյան, Ռոբե՛րտ Քոչարյան, Գագի՛կ Խաչատրյան, Գագի՛կ Բեգլարյան, Արա՛մ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»,- քարոզարշավի ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով նաև 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում վարչապետից։

Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի առաջ, Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ հայցադիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, որում Փաշինյանն ասել էր բառացիորեն հետևյալը․

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Երբ մեկնարկել էր այս գործով դատական նիստը, Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իրենք կհրաժարվեն հայցադիմումից, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հրապարակային արված հայտարարությամբ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին։ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը նրա անունից հայտնել էր, որ Քոչարյանին նկատի չի ունեցել, որից հետո Քոչարյանը հրաժարվել էր հայցից։

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք, թե հիմա կա՞ որևէ նախապայման, որի պարագայում Քոչարյանը կրկին կհրաժարվի Փաշինյանի դեմ ներկայացված հայցից, ինչին ի պատասխան Ալումյանը նշեց, որ վերջնական որոշումը կայացնում է Ռոբերտ Քոչարյանը։

«Ես իր փոխարեն չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ այս անգամ իր խոսքերից հրաժարվելը  քիչ է լինելու, որ մենք հայցից հրաժարվենք»,- ասաց Հայկ Ալումյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter