
Անիպեմզայում ծիրանի այգիներ են տնկում, տուֆ են կտրում ու անհամբեր սպասում արտակարգ դրության ավարտին
Երկրում արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի հետեւանքով, ու առանց այդ էլ ոչ բանուկ Գյումրի-Արմավիր ճանապարհին ամայություն է՝ հատուկենտ մեքենաներ են հանդիպում: Գնում ենք Անիպեմզա (2017թ.-ից գտնվում է Անի խոշորացված համայնքի կազմում), որ Գյումրիից հեռու է մոտ 50 կմ: Ճանապարհի միակ հետաքրքրությունը տարբեր տրամաչափի փոսերի շրջանցումն է: Ջրափի գյուղից վերեւ` ճանապարհամերձ վարելահողերում, 2 տրակտոր է աշխատում: Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, սակայն աշխուժություն չկա: Հասնում ենք Բագրավան, հետո Անի ավան եւ վերջապես՝ Անիպեմզա:
Համայնք թեքվող ճանապարհի ձախ հատվածում ծիրանենու երիտասարդ այգի է՝ գրեթե էկզոտիկ երեւույթ կանաչազուրկ այս տարածքների համար: Այգին 10 հա-ի վրա հիմնել է Վարդան Գրիգորյանը 5 տարի առաջ: Անիպեմզայի վարչական ղեկավար Հարություն Թառլանյանի փոխանցմամբ, նախկին այգիների վերականգնմամբ զբաղվողների թիվն ավելացել է:
Անիպեմզայի հողը քարքարոտ է ու արեւից խանձված, մեզ ծանոթ սեւահողը չէ: Այստեղ գյուղատնտեսական նշանակության հող ստանալու համար նախ եւ առաջ պիտի քարերը հավաքես: Անիպեմզայում իրացման նպատակով ցորեն, գարի, մեծ քանակությամբ կարտոֆիլ, կաղամբ չեն մշակում: Ծառերն էլ են տարածքում քիչ, թեպետ ասում են խորհրդային տարիներին այստեղ պտղատու այգիներ են եղել: Լսում ես ու չես կարողանում հավատալ: Ավան չհասած, մետաղական լարով առանձնացված բավական մեծ տարածք եմ նկատում ու հազիվ երեւացող ծառի շիվերին դույլով ջուր հասցնող երիտասարդ մի տղամարդու:
Այգեգործը Անիպեմզայի բնակիչ 33-ամյա Գեւորգ Հարությունյանն է, այգին նոր է հիմնել, մոտ մեկ հա տարածք է, հիմնականում ծիրանենի է տնկել՝ 150 շիվ, սակայն մասնաբաժին է հանել նաեւ սալորի, կեռասի ու տանձի շիվերի (50 հատ) համար: Ասում է խորհրդային տարիներին Երերույքի տաճարի շրջակայքում այգիներ են եղել, որոնք ոչնչացվել են 90-ականներին: Մնալով անխնամ՝ ծառերը չորացել են, մարդիկ էլ կտրել, վառել են, որ տները տաքացնեն: «Մեր մոտ շատ լավ էլ ծիրանը հասնում է, ուղղակի օգոստոսի վերջին, ջուրն եղավ՝ ծառը մշակելը խնդիր չէ,- ասում է Գեւորգն՝ աչքի պոչով հետեւելով, թե ինչպես է լցվում դույլը,-մի 7-8 տարի առաջ Բագրավանից ջուր քաշեցին Անիպեմզա, խմելու համար չէ, խմելու ջուրն էլի կառնինք Թալինից»:
Գեւորգը, կիսատ թողնելով խոսքը, շտապում է դեպի դույլը, ջրում հերթական տնկին ու վերադառնում: Հարցնում եմ, թե ինչպես է վերաբերվում կորոնավիրուսին ու ինքնամեկուսացմանը: Զրուցակիցս ծիծաղում է. «Ինքնամեկուսացված ենք էլի, սաղ օրը դուրսը գործ կենեմ, տունը երկու փոքր աղջիկ ունեմ՝ 4 տարեկան եւ 9 ամսական: Դե ինչխ բդի վերբերվիմ, սովորական, կյանքն հո չվերջացա՞վ: Էս պահին գործազուրկ եմ, որովհետեւ քարե սալիկների մեր արտադրամասը փակվել է: Կսպասենք, օր կարանտինը վերջանա, անցնենք մեր գործերին: Քանի հլը էս վիճակն է, հողի գործերը կենեմ»:
Գեւորգի աշխատասիրության շնորհիվ մի քանի տարուց այստեղ ծաղկուն այգի է լինելու: Ասում է, որ երբեք «խոպան» չի գնացել, մշտապես աշխատել է տեղում, ինչպես անիպեմզացի բոլոր տղամարդիկ, հողն էլ գնել է ստացած աշխատավարձից որոշակի գումար հետ գցելով: «Դպրոցական տարիքից կաշխատիմ, մեր գյուղացիք լրիվն էլ արտադրամասերում գործ ունին, բայց էս կարանտինի պատճառով սաղ պարապ տներն են,- նկատում է զրուցակիցս,- հույս ունենանք, օր շուտ կպրծնի, հետո էլ քարի պատվերներ կունենանք, թե չէ դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե աշխատանք չունենանք»:
Անիպեմզա ավանը հիմնվել է 1926թ.-ին՝ քարի մշակման կոմբինատի գործարկման հետ կապված: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կառուցված առաջին արդյունաբերական ավաններից մեկն է համարվում: Բնակիչների հիմնական զբաղվածությունը քարի արդյունահանման եւ մշակման գործարանում է՝ տարածքը հարուստ է պեմզայով, տուֆով եւ բազալտով: Անիպեմզան գտնվում է Շիրակ եւ Արմավիր մարզերի սահմանագծին, սահմանակից է Բագրավան, Անի ավան, Թլիկ համայնքներին: Բնակչության թիվը փոքր է՝ 419 գրանցված, որից 290-ն է փաստացի բնակվող, միայնակ ապրողները՝ մոտ 113 մարդ:
Ավանի միակ փողոցում դատարկություն է: Մեկ հարկանի տան հարեւանությամբ երեք կին է կանգնած: 68-ամյա Ալվարդ Պողոսյանը սկզբում տուն է հրավիրում, հետո արագ ինքն իրեն ուղղում: «Չէ, չէ, ի՞նչ տուն, տուն գալ չկա, փոքր թոռնիկներս տունն են, հըմի էլ կարանտին է, դուրսը կխոսանք,- կինը մեղավոր ժպտում է,- հետո մե օրըմ օր էկաք, էս ամեն ինչն օր անցավ, կոֆե կխմենք, հըմի կվախենանք օտար մարդ տներս թողնինք»: Տիկին Ալվարդը շատ չի նեղվում արտակարգ դրության պարտադրած ինքնամեկուսացումից, ասում է, առօրյայում շատ բան չի փոխվել, ուղղակի տղամարդիկ են սկսել ավելի շատ տանը լինել՝ մի տեսակ անսովոր է:
77-ամյա Նադեժդա Բաղրամյանը պատմում է թոռնիկի դասերից, ասում է. «Հեռախոսով դաս կենեն, կամպյուտրով դաս կենեն, դպրոցն օր փակ է, երեխեքը տունն են»: Հիշեց, որ մի քանի օր առաջ փոստի աշխատակիցն էր գյուղ եկել ոստիկանների ուղեկցությամբ, դրսում թոշակը բաժանեցին: «Սաղ լավ է, հիվանդ չենք աղջիկ ջան, մեկ-մեկ գելնինք մաքուր օդի, ըսպես կանգնինք խորաթա կենենք, կերթանք տներս: Չաշխատող տղամարդիկ էլ սաղ օրը կապյուտրների, տելեվիզորների դեմը նստած են: Դու ու՞րդից ես եկել, Լեննագանի՞ց, խաբար չունի՞ս էս ամեն ինչն երբ կպրծնի»,- հարցնում է Նադեժդա տատը: Հարցին դժվար է պատասխանել, երբ ողջ աշխարհը դրա պատասխանը չունի: Առողջություն եմ մաղթում կանանց եւ համբերություն:
Անիպեմզա ավանում 19 բազմաբնակարան շենք կա, դպրոց, մանկապարտեզ, երկու փոքր խանութ, քարի արդյունահանման ու մշակման 8 արտադրամաս: Անիպեմզան սահմանապահ գյուղ է: Եթե փշալարերը չլինեն, կարելի է իջնել Ախուրյանի ձորն ու գետն անցնելով հայտնվել Արեւմտյան Հայաստանի Անի մայրաքաղաքում: Գյուղի հարեւանությամբ սահմանապահ ուղեկալն է:
Արտավազդ Աշխատոյանը թոշակի անցած զինվորական է: Կարանտինին վերաբերվում է զինվորականի հանգստությամբ: 58 տարեկան է, ժամանակին ինքն էլ է կոմբինատում աշխատել, ասում է, խորհրդային տարիներին 1000 ռուբլի գումար էր ստանում, տարին էլ մեկ անգամ պարտադիր ծով էին գնում: «Հըմի էլ լավ ռոճիկ կառնին քարհանքի աշխատողները, մեր մոտ խոպանչիկ չկա, որովհետեւ ավելի շատ փող տուն կտանին տղամարդիկ, քան թե խոպան գնացողները: Անիպեմզայից կարծեմ մեկ թե երկուսը խոպան կերթան, մնացածը տեղում են,- ասում է Արտավազդը,- դե հըմի գործը կանգնել է, քարն էլ մշակեն՝ էս պահին տանող չկա: Մեր քարի առնողը Երեւանի հարուստներն են: Երկրում ինչքան շատ տուն սարքեն, էնքան մեր համար լավ»:
Անիպեմզայի վարչական ղեկավար Հարություն Թառլանյանի հետ հեռախոսազրույցում ճշտում ենք, որ Անիպեմզայում գործող որոշ արտադրամասեր, որոնց աշխատանքը բացօթյա է, գործում են: «Ես էլ ունեմ քարի արտադրամաս, իմ 6 բանվորն էլ կաշխատին: Գործը դուրսն է, ամեն մեկն իրարից 20-25 մետր հեռու իրա ստանոկի վրա քար կկտրե: Բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են: Ուղղակի պիտի սպասենք, թե երբ կարանտինը կավարտվի, որովհետեւ մենք քարը կմշակենք, կդնենք, բայց մինչեւ արտակարգ դրության ավարտը չենք կարող իրացնել,- ասում է Հարություն Թառլանյանը,- բանվորներս բավական բարձր կստանան, բայց արդեն երկրորդ ամիսն է` աշխատավարձ չեմ տվել: Տեսնենք` մինչեւ մայիսի վերջ ինչ կլինի»:
Այս տարի Անիպեմզայում 4 ընտանիք, մեկական հա-ի վրա, սկսել են այգեգործությամբ զբաղվել: Անիպեմզան վարելահող չունի՝ եղածը խոտհարք է, տարիներով պարապուրդի մատնված տարածքները մշակելու բում է սկսվել գյուղում, եւ դա կորոնավիրուսի տարածման ֆոնին թերեւս ամենադրական լուրն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել