HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանը հեռավար կարգով մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային իրավական ֆորումին

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով ապրիլի 10-ին մասնակցել է հեռավար կարգով անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումին` նվիրված կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին:

Ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը և օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման նախաձեռնության և հրավերի համար։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ ի թիվս այլ պետությունների` ՀՀ կառավարությունը ևս փորձում է մշակել հակազդման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել և կիրառել դրանք աշխարհին պատուհասած համավարակի դեմ պայքարում:

Տարբեր կառավարությունների կողմից ձեռնարկված պայքարի միջոցները Ռուստամ Բադասյանը պայմանականորեն բաժանել է երկու խմբի` երկրներ, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված կիրառում են միայն համատարած խիստ սահմանափակումներ և երկրներ, որոնք ավանդական միջոցներին զուգահեռ գործադրում են տեխնոլոգիական լուծումներ վարակակիրների մեկուսացման և  վարակի տարածման հնարավոր շրջանակը վերահսկելու և կառավարելու համար:

Նախարարը նշել է, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որոնք, ունենալով անձնական տվյալների պաշտպանության բավականին բարձր մակարդակ, ստանդարտ միջոցառումներին զուգահեռ կիրառել են նաև կորոնավարակի տարածումը կանխարգելող տեխնոլոգիական լուծումներ: Բադասյանը, ֆորումի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանում վարակի տարածման կանխարգելմանը միտված տեխնոլոգիական միջամտության ողջ իրավական հիմնավորումները և տեխնիկական սահմանափակումները, ընդգծել է, որ այն մշակվել և կիրառվում է մարդու իրավունքների ու տվյալների պաշտպանության չափանիշների, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի և որևէ այլ սահմանափակման համաչափության պահպանմամբ:

Ֆորումի մեկ այլ նստաշրջանը, որին մասնակցել է նախարար Բադասյանը, նվիրված էր մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում Մարդու իրավունքներին առնչվող թեմային։ Նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում նախարար Բադասյանը նշել է, որ ողջ Եվրոպայում մարդու որոշ իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները տարածվում են նույնքան արագ, որքան վարակն ինքը, և ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքի գերակայությունն այս շրջանում, ինչպես երբեք, պետք է հանդիսանան կառավարությունների գործողությունների սկզբունքը: 

Ռուստամ Բադասյանը նիստի մասնակիցներին և հեռակա կարգով ֆորումին հետևողներին ներկայացրել է նոր տեսակի կորոնավարակի կանխարգելման համատեքստում ՀՀ կառավարության կողմից կիրառվող հատուկ միջոցառումները` ըստ ժամանակագրության։

Իր խոսքում նախարարը նշել է, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների համաչափությունն ու անհրաժեշտությունը հիմնավորված է իրավիճակի իրատեսական գնահատման վրա։ Այդ համատեքստում նաև անդրադարձ է կատարվել միջազգային ստանդարտներին, մասնավորապես, որ արտակարգ դրության պայմաններում ՄԻԵԴ-ի կողմից պետություններին հայեցողության լայն շրջանակ է տրված այնպիսի հարցեր որոշելիս, թե արդյոք անձանց և հանրային կյանքի անվտանգության ռիսկն իրական է, թե՝ ոչ կամ թե պետությունն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի այդ մարտահրավերը հաղթահարելու համար։

Արդարադատության նախարարը կարևորել է, որ այդ միջոցառումները պայմանավորված են բացառապես արտակարգ դրությամբ, սահմանափակված են միայն արտակարգ դրության ժամկետով, համաչափ են և սահմանափակող միջոցների կիրառման ընթացքում ապահովված են լրացուցիչ երաշխիքներ։

Իր խոսքի ավարտին նախարար Բադասյանը, հաջողություն և առողջություն մաղթելով բոլոր գործընկերներին, շեշտել է, որ կարևոր է արձանագրել, որ կառավարությունների կողմից ձեռնարկվող բոլոր միջոցները միտված են առաջին հերթին մարդկային կյանքեր փրկելուն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter