
Նախկին պատգամավորը պնդում է, որ տեղեկացված չի եղել իր դեմ քրեական գործ հարուցված լինելու հանգամանքին
Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել է շատ պատահական` 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչն իր համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չի եղել իր դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին:
«Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ» ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը իրավապահների և դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու և կալանավորման որոշում կայացնելու համար: Որևէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռն անգամ չեն թակել և չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ Հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ:
Բոլոր հետաքրքրվողները կարող են անձամբ տեսնել,որ սոցիալական ցանցերում ակտիվ եմ, նույնիսկ պարբերաբար արել են հրապարակային հայտարարություններ, սակայն այդ կապի միջոցով նույնիսկ չեմ տեղեկացվել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ, սակայն խնդիրը արդեն իսկ քննարկել և լիազորել եմ փաստաբանիս հետ այս փուլում մեզ հասանելի փաստաթղթերին ծանոթանալու համար և դրանից բխող գործողություններ անելու համար»:
Մեկնաբանել