HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բենզին, ձեթ, հավի միս և այլն. ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցում մի շարք ապրանքների մասով

Հայաստանում խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա պաշարների վերաբերյալ անհանգստացնող երևույթներ չկան։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ պարենային ապրանքերի քանակը բավարար է  ցանցերում, մատակարարների և արտադրողների մոտ։

«Վերջին երկու օրերին որոշ ապրանքների գների նվազման դինամիկա ենք նկատում, սակայն դա չի նշանակում, որ գները վերադարձել են փետրվարի մակարդակին»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Ըստ նրա՝ շուկայում գների բարձրացման դինամիկա է արձանագրվել որոշակի ցիտրուսային մրգերի մասով, օրինակ՝ նարնջի, որոշների մասով էլ էժանացում է նկատվել, օրինակ՝ մանդարինի։

Փետրվարից սկսած մի շարք ապրանքների գների թանկացման պատճառներն, ըստ Գեղամ Գևորգյանի, պայմանավորված են ոչ միայն երկրում կորոնավիրուսի տարածման հետևանքներով, այլև՝ արտարժույթի տատանումներով, բեռանփոխադրումների ոլորտում առաջացած խնդիրներով. «Գների բարձրացումը տեղի է ունեցել աստիճանաբար։ Այս փաստը ևս կարող է վկայել, որ գները բարձրացան ոչ թե անմիջապես կորոնավիրուսի հետևանքով, այլ կապված են նաև արտարժույթի տատանումների, բեռանփոխադրումների որոշակի խնդիրների հետ, որոնք առաջացել են տարբեր երկրներում կարանտինային ռեժմիների հետևանքով»։ 

Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրության` ամենաշատ սպառվող պարենային ապրանքներից մեկի՝ ալյուրի գինը, ապրիլի 8-ին 5  դրամով նվազել է ՝ 290-ից դառնալով 285 դրամ։ Սակայն, այն դեռևս ավելի բարձր է, քան փետրվարի գինը՝ 275 դրամ։

Հացի գնի փոփոխություններ Երևանի խոշոր սուպերմարկետներում ՏՄՊՊՀ-ն չի նկատել։ Փոխարենը հացի գնաճ է նկատել Վանաձոր քաղաքում։ «Վանաձորում գործում են շուրջ 40 տնտեսվարող սուբյեկտներ, դաշտը մրցակցային է, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ։ Հացի թանկացման մի փոքր հատված կապված է եղել ալյուրի գնի հետ, հացի փաթեթավորման հետ, բայց հիմնական պատճառը սպառման ծավալների կրճատումն է եղել. դպրոցների և մանկապարտեզների փակ լինելու պատճառով հաց արտադրողները չեն կարողացել իրացնել իրենց արտադրանքը։ Անհանգստացնող փաստ է, որ հացի գների բարձրացումը տեղի է ունեցել զանգվածաբար, այսինքն՝ հաց արտարողները որոշակի պայմանավորվածություն են ունեցել։ Հացի թանկացման փաստերն այս պահին  մենք ուսումնասիրում ենք»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մի շարք պարենային ապրանքների գներ այսօրվա դրությամբ ավելի ցածր  են, քան նախորդ տարվա այս ժամանակահատվածում։ «Նախորդ տարի այս ժամանակահատվածում շաքարավազը եղել է 380 դրամ, կարագը՝ 4690-4700 դրամ, որից հետո հասել է նույնիսկ 5000 դրամի, ձուն այս ժամանակահատվածում 60-70 դրամ է եղել։ Եթե հիմա համեմատեք նույնիսկ այսօրվա բարձրացված գների հետ, կտեսնեք, որ գները բավականին նվազ են։ Սա նշանակում է, որ մրցակցությունը շուկայում աշխատում է։ Մենք չենք բացառում, որ կան խնդիրներ և կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք այս կամ այն ձև կչարաշահեն իրենց ունեցած դիրքը շուկայում»,- ասաց Գեղամ Գևորգյանը։ 

Ձուն վերադառնում է նախկին գնին

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ նաև ձվի գնին։ Հիշեցնենք, որ հայկական շուկայում այս տարվա փետրվարին ձվի գնի կտրուկ անկում գրանցվեց։ Երևանի խոշոր սուպերմարկետներում ձվի գինը 50-70 դրամից իջավ մինչև 20-30 դրամի: Տնտեսվարողները էժանացումը բացատրեցին գերարտադրությամբ: Իսկ այսօր, ըստ Գեղամ Գևորգյանի, այն հասել մինչև 47 դրամի։

«Մեր հանձնաժողովում կար հարուցված վարույթ ձվի գնի դեմպինգի կասկածների հետ կապված, երբ ձուն վաճառվում էր ինքանարժեքից ցածր։ Եվ այս օրերին ձուն դարձել է 36-47 դրամ։ Մեր հաշվարկներով՝ միջին կշռված ինքնարժեքը պետք է լիներ 36 դրամ։ Այդ անոմալ վիճակը գնալով վերանում է։ Նույնիսկ էժան գինը պետք է տնտեսապես հիմնավորված լինի»- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա հայտարարեց, որ հանձնաժողովը վարույթներ է հարուցում մի շարք ապրանքային շուկաներում՝ կարագ, շաքար, ձու, բենզինի, ձեթ, հավի միս և այլն։ Նպատակն է՝ հասկանալու, թե գների ինչ դինամիկա է գրանցվում և արդյոք կա՞ն տնտեսական մրցակցության խնդիրներ, թե՞ ոչ. «Չի լինի տնտեսվարող սուբյեկտ, ով խախտել է օրենսդրությունը և պատասխանատվության չի ենթարկվի։ Հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտումը կդիտարկվի ծանրացնող հանգամանք, որի մասին զգուշացումը փոխանցվել է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին՝ թե՛ Երևանի, թե՛ մարզերի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter