
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների որսի մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև` որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր դեպքերով դիմել ոստիկանություն՝ գործերի հետագա ընթացքն ապահովելու, իրավախախտներին հայտնաբերելու ու օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Որսորդն իրավունք ունի տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները և արգասիքները»։ Այդուհանդերձ՝ առաջին հերթին որսորդը պետք է ունենա որսի իրավունքը հաստատող փաստաթուղթ (արտոնագիր, կամ ուղեգիր), կամ պետք է հիմնավորի կենդանու կամ նրա արգասիքների ձեռք բերման օրինականությունը, այլապես այն կհամարվի հակաօրինական գործունեություն և կկիրառվեն համապատասխան վարչական, կամ քրեական պատասխանատվության միջոցներ։
Հիշեցնենք, որ համաձայն Շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279-Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հետամուտ լինել 2007 թվականի ապրիլի 9-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի, Շրջակա միջավայրի նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» թիվ 9-Ն հրամանի և բնագավառին վերաբերող բոլոր օրենքների պահանջների կատարմանը։ Կոչ ենք անում զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։
Մեկնաբանել