HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ մակարդակում է Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտությունը. հետազոտություն

Հայաստանի ֆինանսական կարողությունների ցուցիչը 2019 թվականին կազմել է 46.8%, ըստ որի՝ Հայաստանն ընդգրկվել է միջին ֆինանսական կարողություններ ունեցող երկրների խմբում:

Ֆինանսական կարողությունների ցուցիչը ցույց է տալիս բնակչության ֆինանսական գիտելիքները, ֆինանսները կառավարելու կարողություններն ու վարքագիծը։ «Ի-Վի Քոնսալթինգ»  խորհրդատվական ընկերությունը հետազոտություն է իրականացրել Հայաստանի բնակչության շրջանում՝ պարզելու ֆինանսական գրագիտության մակարդակն ու դրա փոփոխությունները 5 տարվա համեմատությամբ։ Նման հետազոտություն Հայաստանում իրականացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն իրականացվել է 2014 թվականին։

Եզրակացությունն այն է, որ 2014 թվականի համեմատ՝ 2019 թվականին Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունների ցուցիչն աճել է ոչ մեծ չափով՝ 2.3 տոկոսային կետով: Արձանագրված աճը չի ազդել երկրի դիրքի վրա ֆինանսական կարողությունների դասակարգման խմբերում։

Բնակչության ֆինանսական գրագիտությունը չափվել է մի քանի ուղղություններով՝ գիտելիք, հմտություններ, վարքագիծ և վերաբերմունք։

Ընդհանուր առմամբ՝ «վերաբերմունք» և «վարքագիծ» բաղադրիչները 2014 թ. ուսումասիրության համեմատ զգալիորեն բարելավվել են։ Սակայն «գիտելիք» և «հմտություններ» բաղադրիչներն անփոփոխ են մնացել։ Բարելավումը նկատելի է «Խնայողություն և երկարաժամետ պլանավորում» և «Անձնական բյուջեի արդյունավետ կառավարում» թեմատիկ խմբերում։

Ֆինանսական և մակրոտնտեսական հասկացությունների վերաբերյալ ընդհանուր իմացության մակարդակը բավական ցածր է

Այս հետազոտության շրջանակներում հարցումների մասնակցել է 1 536 քաղաքացի՝ Երևանից և մարզերից։

Ինչպես նշված է հետազոտության արդյունքերի զեկույցում, 2014 թ. համեմատ զգալիորեն բարելավվել են (6.9 տոկոսային կետով) հարցվածների ֆինանսական և մակրոտնտեսականհասկացություններին առնչվող հմտությունները. «Թեև հարցվածները բավական հմուտ են գնահատվել ֆինանսական և մակրոտնտեսական հասկացությունների հետ գործնականում առնչվելիս, հիմականում պայմանավորված ինտուիցիայով և անձնական փորձով, սակայն նրանց գիտելիքի մակարդակը և, հետևաբար, վարքագիծը ցածր ցուցանիշ են արձանագրել:Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածները քաջատեղյակ են համեմատաբար պարզ ֆինանսական գործիքներից և ծառայություններից»:

Հետաքրքրական է, որ հարցվածների մեծամասնությունը գրավատները, տարադրամի փոխանակման կետերը և ապահովագրական ընկերությունները որպես ֆինանսական կազմակերպություններ չեն դիտարկել և այդ կազմակերպությունների գործունեության վերբերյալ ունեն ցածր իրազեկվածություն։ Հարցվածների շրջանում ֆինանսական ծառայություններ մատուցող հաստատություններից ամենաճանաչվածները բանկերն ու վարկային կազմակերպություններն են:

Ապահովագրության տեսակներից էլ ամենատարածվածն ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունն է, ինչը հիմականում բացատրվում է վերջինիս պարտադիր բնույթով։

Բնակչությունը բյուջեն արդյունավետ կառավարելու թույլ հմտություններ ունի

Հաջորդ ընդհանուր եզրակացությունն այն է, որ անձնական բյուջեն կառավարելու ցանկությունն զգալիորեն աճել է հարցվածների շրջանում: Այնուամենայնիվ, արդյունավետ բյուջետավորում կատարելու համար նրանց անհրաժեշտ են ավելի շատ հմտություններ և գիտելիք:

« «Անձնական բյուջեի արդյունավետ կառավարում» թեմատիկ խմբի ենթացուցիչը երկրորդ ամենաբարձրն է ֆինանսական գրագիտության ենթացուցիչների մատրիցայում։ 2014 թ. համեմատ՝ 2019 թ. այն աճել է 4.4 տոկոսային կետով՝ հասնելով 50.5%: Հարցվածները բավականին ոգևորված էին անձնական բյուջեի կազմմամբ և պլանավորմամբ, սակայն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ընդհանուր առմամբ, բյուջեն արդյունավետ կառավարելու համապատասխան հմտություններ չունեն»,- նշված է զեկույցում։

Մյուս եզրահանգումն այն է, որ բնակչության կարծիքով, խնայողությունն ու երկարաժամետ պլանավորումը կարևոր են, և առկա է խնայողությունների աճի որոշակի միտում

Մտահոգիչ է բնակչության կողմից պարտքի արդյունավետ կառավարման կարողությունների գնահատականը։ «Հաշվի առնելով, որ զանազան վարկային գործիքների հետ առնչվող հարցվածների տեսակարար կշիռն աճում է՝ պարտքի արդյունավետ կառավարումը բնակչության համար դառնում է կարևոր հմտություն։ Պարտքի տարբեր տեսակների և աղբյուրների մասին իրազեկվածությունը դեռևս ցածր մակարդակի վրա է և բարելավման կարիք ունի»,- նշված է զեկույցում:  

2014 թ. համեմատ՝ «Պարտքի արդյունավետ կառավարում» թեմատիկ խմբի ենթացուցիչն էապես չի փոխվել, մինչդեռ աճել է պարտք ունեցող հարցվածների տեսակարար կշիռը:

Բնակչությանը անհրաժեշտ են ավելի շատ գիտելիքներ ֆինանսական խարդախությունների դեմ պայքարելու համար

Զեկույցում նշված է, որ հարցվածները տեղեկացված են ֆինանսական խարդախությունների և կեղծիքների մասին, սակայն նրանց անհրաժեշտ են ավելի շատ գիտելիքներ և հմտություններ՝ այդ դեպքերն ավելի հեշտ վերհանելու համար։

Չնայած հարցվածները նշել են, որ զգույշ և ուշադիր, սակայն զեկույցի հեղինակները եզրահանգել են, որ նրանք լավ ծանոթ չեն ֆինանսական խարդախության ձևերին և չեն կարող ճանաչել դրանք: Ֆինանսական խարդախության ձևերը հիշատակելու դժվարություն ունեցող հարցվածների տեսակարար կշիռն աճել է 11.4 տոկոսային կետով՝ հասնելով 70%-ի:

Նշենք, որ Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման հետազոտությունն (այսուհետ՝ հետազոտություն) իրականացվել է ՀՀ Կենտրոնական բանկի պահանջով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter