«Քաղաքապետարա՞նն է խճճվել, թե՞ մեզ է ուզում խճճել»
Փետրվարի 20-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետին էր դիմել՝ խնդրելով պաշտոնական պարզաբանումներ ու տեղեկություններ տրամադրել Մաշտոցի այգու տարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան՝ հանրային այգու տարածքում հողահատկացում կատարելու, դրա համար հիմք դարձած իրավական ակտերի մասին:
Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին տեղեկություններ էր տրամադրել այն սուբյեկտների վերաբերյալ, ում «հողահատկացում է կատարվել Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգում առևտրի տաղավարներ տեղադրելու և սրճարան կառուցելու նպատակով», այդուամենայնիվ, չեն տրամադրվել պահանջված ակտերի հիմքերը և տեղեկությունների զգալի մասը:
Անբավարար համարելով քաղաքապետի պատասխանը՝ Ա.Բախշյանը նոր հարցապնդում է կատարել Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության վերաբերյալ՝ նամակում մասնավորապես խնդրելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ 10-օրյա ժամկետում տրամադրել հետևյալ տեղեկությունները.
1. Ո՞ր թվականին, Երևանի քաղաքապետի ո՞ր որոշմամբ, որքա՞ն ժամանակով և ո՞ւմ են տրվել Աբովյան փողոցի, մասնավորապես հ.21/3 հասցեում վարձակալությամբ տրամադրված հողամասում գտնվող շինությունները:
2. Մաշտոցի պողոտայի զբոսայգում տարբեր տարիներին տրամադրված հողահատկացումների վերաբերյալ քաղաքապետների որոշումները, որոնք թվարկված են Ձեր նամակում, ի՞նչ կապ ունեն Աբովյան փողոցում, մասնավորապես հ.21/3 հասցեում վարձակալությամբ տրամադրված հողամասերում գտնվող շինությունների տեղափոխման հետ:
Պատգամավորը խնդրել է նաև ամբողջությամբ տրամադրել Երևանի քաղաքապետի 2011թ. դեկտեմբերի 30-ի 7373-Ա որոշման տեքստը, որն ունի հետևյալ վերնագիրը. «Աբովյան փողոցի հ.21/3 հասցեում գտնվող վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա գտնվող շինությունները ապամոնտաժելու և 247,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով «Արևելյան օազիս» ՍՊԸ-ին տրամադրելու մասին»:
Որոշման 3-րդ կետում գրված է. «Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգու Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված /195.0քմ+52.0քմ/ 247.0 քմ մակերեսով հողամասը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցապատման իրավունքով տրամադրել «Արևելյան Օազիս» ՍՊԸ-ին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել