HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավն օգնում է մեկուսացվածներին

Մհեր Ենոքյան,
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը բավարարել էր իմ դիմումը՝ թույլատրելով ինձ զբաղվել կավագործությամբ: Իսկ այս գաղափարը ծնվել էր վերջերս, երբ լուսամուտից նայում էի հեռվում իրենց մշտական բնակության վայրը գտած սարերին ու շատ ավելի մոտ` բողբոջելուն ու կանաչելուն պատրաստվող ծառերին: Չգիտեմ ինչու մտածեցի` ինչ լավ կլինի, որ կավից գեղեցիկ բաներ պատրաստեմ: 

Կավով աշխատելու որևէ փորձ չունեի, բայց տեսանյութեր նայեցի, ուշադիր լսեցի ինձ կարճատև տեսակցության եկած ընկերոջս կնոջ խորհուրդները, ով երկար ժամանակ կավագործությամբ է զբաղվում: Այսպես սկսեցի կավից պատրաստել տարատեսակ հուշանվերներ՝ մոմակալներ, սուրճի բաժակ` ափսեով, ծաղկաման, զարդեր: Որոշ գործեր նկարազարդում եմ: Մեկ -մեկ կարիք է լինում հոսող ջրի մոտ կանգնած աշխատել կամ զբոսախցում: Կավը թրծելու հարցում ընկերներս են օգնում: Մի խոսքով` շատ հետաքրքիր է կավի հետ աշխատելը: Ահա որոշ գործեր, որոնք արդեն պատրաստ են: 

Դեռ հեռավոր 1996 թվականին, երբ հայտնվեցի մահապատժի դատապարտվածների խցում, իմացա, որ այստեղ որոշ դատապարտյալներ խմորից առարկաներ են սարքում` խաչքարեր և թեզբեհներ: Դեռ այն ժամանակ խմոր մշակեցի և մայրիկիս համար ծաղկաման պատրաստեցի` ծաղիկներով, հայրիկիս համար` մոխրաման և մեջն էլ գրեցի. «Հոգով ուժեղները չեն հանձնվում»: Դրանից հետո խմորից որևէ բան չէի պատրաստել մինչև Զարուհուն գտնելը. ա՛յ հենց այդ ժամանակ նորից խմոր մշակեցի և տարբեր փոքր կենդանիներ պատրաստեցի, նաև ծաղիկներ:

Կարծում եմ, որ կավագործությունը կստացվի, քանի որ դեռ դպրոցական տարիքում հայրս սովորեցնում էր նաև ատամ պլոմբել, տաշել պրոթեզները: Ցմահ դատապարտյալներից մոտ 7 հոգի զբաղվում են տարբեր ստեղծագործական աշխատանքներով` փայտից եկեղեցիներ են պատրաստում, հատուկ սարքով լազերային փորագրություն են կատարում, ստվարաթղթից հուշանվերներ պատրաստում և այլն: Այս զբաղվածությունը շատ կարևոր է թե՛ հոգեբանական, թե՛ որոշակի հմտություններ ձեռք բերելու առումով:

Ի դեպ, լավ լուր ունեմ` որքանով տեղեկացված եմ, արդեն 9 ցմահ դատապարտյալ տեղափոխվել են կիցաբաց տիպի ուղղիչ հիմնարկ, այսինքն` գաղութ, որտեղ վերջապես կարող են քայլել հողի, այլ ոչ թե բետոնի վրա, լինել բաց երկնքի տակ, ծաղիկներ աճեցնել և մաքուր օդ շնչել: Անշուշտ, սա ուրախալի է, և բոլորս պետք է գիտակցենք, որ Հայասատանը նույնպես քաղաքակիրթ աշխարհի մաս է կազմում, և որ պատժի նպատակն է` մարդուն  վերադարձնել հասարակություն: Քրեակատարաղական համակարգը պետք է առաջնորդվի դատապարտյալներին վերասոցիալականացնելու սկզբունքով, և մարդու ազատություն վերադառնալն այլընտրանք չպետք է ունենա: 

Վերասոցիալականացմանն ուղղված գործընթացներից կարևոր է նաև այն, որ բոլոր դատապարտյալները կարողանան աշխատել համակարգչով: Առանց համակարգչի դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհը, իսկ նախկինում մահապատժի դատապարտվածներս գրեթե պատկերացում չունեինք համակարգիչների մասին: Անհրաժեշտ է կազմակերպել համակարգչային դասնթացներ` սկսած պարզապես տեքստ հավաքելուց, ֆոտոշոփ, մոնտաժելու հմտություններից մինչև ծրագրավորում և այլն: Համոզված եմ, որ մեր մոտ էլ վերջ ի վերջո ազատազրկման վայրերում կթույլատրվի օգտվել համացանցից, ինչը անհրաժեշտ է, թե հարազատների հետ շփման, թե ուսանելու, թե աշխատելու համար:

Ես հուսով եմ, որ քրեկատարողական համակարգը վերջնականապես կհրաժարվի անցյալից, որտեղ դատապարտյալի վերականգնումը էական չէր: Ինչ վերաբերում է առհասարակ ողջ դատաիրավական համակարգին, ապա վիրահատական միջոցառումներն այստեղ անխուսափելի են, քանի որ դա է միակ ուղղին նոր` արդար, օրենքի առաջ բոլորի հավասարության, իրավունքի գերակայության սկզբունքով առաջնորդվող դատական, դատախազական, ոստիկանական, քննչական համակարգեր ունենալը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter