HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական պարգևավճարներ. արդարության ու շահագործման հարցեր

Աննա Նիկողոսյան, Աննա Շահնազարյան, Արփինե Գալֆայան, Դ.Ս., Հրակ Փափազեան

Պետական պաշտոնյաների պարգևավճարների շուրջ ֆեյսբուքում ծավալված թեժ քննարկումը ստիպեց մեզ գրել այս տեքստը: Թեև քննարկման ակտիվ մասնակից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը գրել էր, թե իր փորձառությունն ավելի բազմազան ու իրական է, քան ձախերի տեքստերը, միգուցե հեգնելով ձախ գաղափարախոսությունը կամ ձախերին իբրև անհատներ, մենք հանդգնում ենք հրապարակել մեր ձախ քաղաքական դիրքորոշումը և ելնում ենք Հայաստանում ապրելու՝ մեր անհատական ու կոլեկտիվ փորձառությունից: Մեր քննադատության թիրախն անհատ պաշտոնյաները, նրանց անձնական փորձառությունը կամ հմտությունները չեն, այլ նրանց քաղաքական դիրքորոշումը։

Խնդիրները, որ բարձրացնում ենք, էությամբ համակարգային են։

Մենք քննադատում ենք այն իրողությունը, որ ԱԺ պատգամավորներն ու պետական պաշտոնյաները դրսևորում են խոշոր հաշվով անարդար տնտեսաքաղաքական համակարգի հետ հաշտություն կամ այն կազմաքանդելու անունակություն, իսկ որոշ դեպքերում նպաստում են այդ համակարգի շարունակական վերահաստատմանը օրենսդրական, գործադիր կամ այլ ամենօրյա նորմավորող գործունեությամբ: Համահարթ հարկման մասին օրենքի ընդունումը, խոշոր բիզնեսի նկատմամբ հովանավորչությունը, նախկին ռեժիմի կողմից թալանված հանրային հարստության վերադարձի հստակ և գործուն քաղաքականության բացակայությունը, աշխատանքային իրավունքների պաշտպանության կամ մատչելի առողջապահության հարցում խիստ անբավարար գործողությունները, բնության պահպանության ստորադասումը և բազմաթիվ այլ քաղաքական որոշումներ վերարտադրվող անարդարությունների շղթայի օղակներն են:

Բարձրաստիճան պաշտոնյաների բարձր աշխատավարձների և դրանց հավելվող պարգևավճարների անհրաժեշտությունը ներկայիս կառավարությունը և օրենսդիր ներկայացուցիչները հիմնավորվում են կոռուպցիայի բացառմամբ (իբր՝ բարձր աշխատավարձ ստացողը կաշառք չի վերցնի), «բարձր արժանիքներով»՝ օրինակ արտասահմանում ստացած կրթությամբ, մասնավորից պետական ոլորտ տեղափոխվելիս եկամտի մակարդակը պահպանելով, իրենց կատարած ծանր ու պատասխանատու աշխատանքով։

Խնդիրն առաջ է բերում հետևյալ կարևոր հարցերը։

1. Արդարության հարցը

Հայաստանում միջին (բայց ոչ միջնարժեք՝ median) ամսական հարկված աշխատավարձը մոտ 135.000 դրամ է. սա միայն գրանցված աշխատողներին հաշվելով: Չմոռանանք, որ մեծ թիվ են կազմում նաև չգրանցված և օրավարձով աշխատողները: Նվազագույն աշխատավարձը բարձրացվել է ընդամենը 68.000 դրամի: Հայաստանի ամեն 4-րդ բնակիչը գոյատևում է աղքատության գծից ցած՝ ամսական մոտ 42.000-ից պակաս եկամուտով: Չքավորության այս պայմաններում պատգամավորները (առանց պարգևավճարների, հավելավճարների) մաքուր ստանում են մոտ 500.000 դրամ` միջին աշխատավարձի 3.7 անգամը, նվազագույն աշխատավարձի 7.35 անգամը, իսկ պարգևավճարով (650.000 դրամ)՝ միջին աշխատավարձի 4.8 անգամը, նվազագույնի՝ 9.55 անգամը (մի կողմ թողնենք ծախսերի համար ամսական 50.000 հավելավճարը)։ Խոսք է գնում նաև, որ ամսական 150.000 դրամի պարգևավճարներն ըստ էության պետք է ընկալել իբրև աշխատավարձ, և մոտ ապագայում օրենսդրական փոփոխությամբ ֆիքսել աշխատավարձի այդ բարձրացումը։

Որպես համեմատություն՝ վերջին տարիներին Գերմանիայում պատգամավորների աշխատավարձերը երկրում միջին աշխատավարձը գերազանցել են մոտ 2.8 անգամով, նվազագույնը՝ 6 անգամով, Ֆրանսիայում՝ միջինը՝ 1.4 անգամով, նվազագույնը՝ 5 անգամով, Իսպանիայում՝ միջինը՝ 1.5 անգամով, նվազագույնը՝ 3.7 անգամով (աղբյուր): Ակնհայտ է, որ նշյալ երկրներում ոչ թե պատգամավորների աշխատավարձերն են ցածր, այլ բարձր են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը և աշխատաշուկայում ձևավորված միջին աշխատավարձը։

Նախարարները Հայաստանում վարձատրվում և պարգևատրվում են պատգամավորներից 2-3 անգամ ավելի բարձր: Նախարարների և աշխատավորների վճարների միջև գոյացած հսկա անդունդն ու աշխատանքի գնահատման անարդարությունը փորձենք ակնառու դարձնել X գործարանում որպես չգրանցված բանվոր աշխատող և ամսական 65.000 դրամ ստացող մեզ անձամբ ծանոթ մի կնոջ աշխատավարձի օրինակով։

Պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ մեկ նախարար պարգևատրվելու արդյունքում մեկ ամսում ստանում է օրը 12 ժամ գործարանի անմարդկային պայմաններում, վնասակար աշխատանք կատարող, շաբաթական 6,5 օր աշխատող, օրվա մեջ միայն 2 անգամ 15 րոպեանոց ընդմիջում ունեցող կնոջ 23 ամսվա աշխատավարձը գրեթե երկու տարվա (1.500.000 / 65.000 = 23)։ Չմոռանանք, որ կինն աշխատում է 40 ժամից ավել, մոտ 73 ժամ, որի համար, ոչ մի հավելյալ վճար ՉԻ ստանում։ Ակնհայտ է, որ այս հաշվարկը խոսակցություն է բացում Հայաստանում արդարության և տնտեսական շահագործման  մասին։

2. Շահագործման հարցը

Պատգամավորներից ոմանք նշում են, որ եթե նրանք և նախարարներն այդքան չվարձատրվեն, ապա կստացվի, որ շահագործվում են իրենց այդ պաշտոններում։ Այստեղ հարկ ենք համարում այդ պաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանում գործատուների կողմից մարդկանց շահագործումը համատարած բնույթ է կրում՝ որոշ գործարաններում օրենքով սահմանված նվազագույնից ցածր աշխատավարձերի խնդիրը դեռ չի լուծվել, մարդիկ արտաժամյա  աշխատում են առանց հավելավճարի, չի վերացվել աշխատանքային իրավունքների ոտնահարման համընդհանուր պրակտիկան և ընդհանրապես մեծ մասի աշխատավարձն, ըստ էության, համարժեք է աղքատության նպաստի։ Իսկ իրենք շահագործման այս հարցերը ոչ միայն չեն լուծել, այլև բավականաչափ չեն էլ բարձրաձայնել իրենց վերապահված ամբիոններից, դեռ մի բան էլ՝ բողոքում են շահագործված լինելուց։

Բացի այդ, ի՞նչ են հասկանում պաշտոնյաները շահագործում ասելիս։ Արդյոք արտոնյալներն ու անարտոնյալները նույն կե՞րպ են ընկալում և փորձառում շահագործումը։ Ի՞նչպես կարող է նախարարի աշխատանքային գերծանրաբեռնվածությունը համարվել շահագործում այն պարագայում, երբ նա, ի տարբերություն աղքատության ու չքավորության մեջ գտնվողների, կարող է առանց սովամահության ու բանկի տույժերի տակ ընկնելու վախի ընտրություն կատարել՝ փոխել աշխատանքը, մի քանի ամիս չաշխատել, այլուր օգտագործել իր կրթական ու մասնագիտական որակները։ Դրանք, ի դեպ, նա ձեռք է բերել ոչ թե զուտ որովհետև շարունակաբար կրթվել է, այլ նաև որովհետև համակարգն իրեն ընձեռել է նման հնարավորություն և արտոնություն՝ ի տարբերություն շատ ուրիշների։

Այստեղ խոսում ենք որոշակի արտոնյալ խմբի մարդկանց մասին միայն՝ միջին դասի, հաճախ՝ տղամարդ, հաշմանդամություն չունեցող, հետերոսեռական, մայրաքաղաքից, որոնք այսօր համեմատաբար լավ աշխատանք ու կենսապայմաններ են վայելում։ Նրանք ասում են, որ այդ ամենն ունեն, որովհետև քրտնաջան աշխատել են իրենց վրա, բայց հաշվի չեն առնում, որ անձնական որակների չափ, եթե ոչ ավելի որոշիչ դեր ունեն սոցիալական հանգամանքները։ Հողագործների կամ սեզոնային արտագնա աշխատողների ընտանիքում մեծացածներից քանի՞սն են հայտնվում հայտնի արտասահմանյան համալսարաններում՝ ի հակադրություն ասենք, բիզնեսմենի երեխաների: Որքա՞ն ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեն կանայք՝ տղամարդկանց համեմատությամբ, նույն կարևոր աշխատանքը ստանալու համար: Եվ այլն... Նեոլիբերալ կապիտալիստական արժեհամակարգը ստիպում է հրաժարվել արտոնությունները քննելուց, դրանց շուրջ քաղաքական դիսկուրս ստեղծելուց։ Ձախողումը կամ հաջողությունը անհատականացվում է դո՛ւ ես մեղավոր, որ չես հասել բարձունքի, իսկ նա, ով հասել է, «աշխատել է իր վրա»։

Եթե պաշտոնյան, հանրության շնորհիվ հայտնվելով ֆունկցիոնալ հիերարխիայի մեջ, հանրության գումարներից ինքն իրեն տալով պարգևավճարներ և գործնականում քաղաքականություն փոխելու լծակներ ունենալով` այնուամենայնիվ, շարունակում է վերարտադրել իշխանական լեզուն և իշխող համակարգը, և չի կարողանում պատկերացնել շահագործման ծավալներն ու իր արտոնությունների տարրական քննում անել(privilege check), ապա ամեն ինչ շատ ողբերգական է։ Պատգամավորը կամ պաշտոնյան կարող է մտածել, որ ինքը կապիտալիստ չէ ու ի պաշտոնե չի էլ կարող լինել, բայց եթե նա ո՛չ իր լեզվով, ո՛չ գործերով մարտահրավեր չի նետում կապիտալիստական շահագործող համակարգերին, ապա նա ընդամենը ստատուս քվոն պաշտպանող չինովնիկ է։

3. Հանրային հարստությունը բաշխելու հարցը

Հայաստանում աշխատող յուրաքանչյուր անձ, ներառյալ որևէ նյութական վարձատրություն չստացող մարդիկ, տնային տնտեսուհիները, ինքնազբաղ հողագործները, ստեղծում են այս երկրի հարստությունը։ Հանրային այդ հարստությունից սնվող պետական բյուջեն այս հանրության համընդհանուր գանձանակն է՝ միտված հանրության կարիքները լուծելուն, ուստի և բոլորը պետք է դրանից համաչափ և կենսապահովման համար անհրաժեշտ մաս ստանան:

Հայաստանի հանրային միջավայրն այնպիսին է, որ մարդկանց մեծ մասն աղքատ է: Երբ 26.500 դրամ նվազագույն կենսաթոշակը բավարար չէ անգամ ձմեռային կոմունալ ծախսերը հոգալու համար, երբ ուսուցիչները շարունակում են ստանալ մոտ 100000 դրամ, և նույն պետական ոլորտում աշխատողների մեծամասնությունը համապետական միջին աշխատավարձի չափ է վարձատրվում, պետական բարձրաստիճան պաշտոնյան պարտավոր է իրեն դիտարկել հանրության մյուս անդամների հետ համեմատության մեջ։ Ավելին, նա պարտավոր է տեսնել մասնավոր ոլորտում առկա եկամտային բևեռացումները և իրեն լիազորված ուժով սահմանել եկամտային բևեռացումները թույլ չտվող համակարգ (պրոգրեսիվ հարկում, տնօրենների պարգևավճարների առաստաղ և այլն Զավեշտալի և առանձին քննարկման թեմա է, որ որոշ պետական պաշտոնյաներ մեջբերում են հասարակական կազմակերպություններում իրենց անցյալ բարձր աշխատավարձները։ Սա կրկին հասարակական խիստ բևեռացման ցուցիչ է։

4. Պատասխանատվության հարցը

Պաշտոնյաները, պաշտպանելով պարգևավճարներ ստանալը, պնդում են, թե իրենք և իրենց կոլեգաները շատ ավելի պատասխանատու գործով են զբաղված, քան ինչ-որ բանվոր, ու եթե սխալ անեն, ապա հնարավոր է՝ դատվեն։ Առաջարկում ենք ցույց տալ գոնե մեկ դեպք, երբ պետական պաշտոնյան սխալ անելու համար դատվել է։ Խոսքը կաշառք ստանալու կամ հանցակազմ պարունակող գործողությունների մասին չէ, այլ հենց սխալի։ Իրականում, ցանկացած փոխնախարարի, նախարարի կամ այլ պատասխանատու գործով զբաղվող բարձրաստիճան պետպաշտոնյայի սխալները մանրամասնորեն թաքցվում են և քողարկվում բյուրոկրատական իներցիայով: Մեր հիշողության մեջ շատ վառ է այն դեպքը, երբ տարբեր պետական մարմինների պաշտոնյաների սխալների շնորհիվ պետությունը ստիպված եղավ երրորդ կողմին՝ լիբանանյան «Էլարդին» պատվիրել «Լիդիան ինթերնեյշնլի» ներկայացրած տխրահռչակ ՇՄԱԳ-ի գնահատականը, դրա համար մեր գրպանից վճարել հարյուր հազարավոր դոլարներ, հետո նրանց աշխատանքը մեկնաբանել ըստ ցանկության՝ վերջապես չհանգելով որևէ գործնական արդյունքի։ Ո՞վ դատվեց սխալների այս բազմակի շղթայում։

Եվ ի վերջո, անկեղծ լինենք՝ կորոնավիրուսի համավարակը շատ հստակ ցույց տվեց այն աշխատանքների կենսական կարևորությունը ու պատասխանատվության մակարդակը, որոնք ամենից ցածրն են գնահատվում, հաճախ անտեսանելի են ու արհամարված՝ սնունդ արտադրող և մատակարարող գյուղացիները, բուժքույրերն ու սանիտարները, բանվորները, տնային տնտեսուհիները, առաքիչները, փողոցներում, տներում ու հիմնարկներում մաքրություն անողները այլն:

Վերջապես, պատասխանատվությունից խոսելով հիշենք, որ ոմանք պարգևավճարներն արդարացնում են պաշտոնյաների կողմից հավանական կոռուպցիոն գործարքները կանխելու փաստարկով։ Եթե փողն է միակ բանը, որ չի թողնում բարձրաստիճան պաշտոնյաներին կոռուպցիոն գործարքների մեջ մտնել, ապա այդ պաշտոնյաները խիստ անպատասխանատու են, նրանց փոխելու ժամանակն է։

*   *   *

Եզրափակելով արձանագրում ենք, որ այսքան ամիսներ հանրային դժգոհությունից հետո կառավարող ուժը ոչ միայն չի հրաժարվում պարգևավճարի միջոցով աշխատավարձերը դե ֆակտո և գաղտնի կերպով բարձրացնելու մոտեցումից, այլև հանրայնորեն պաշտպանում է և փորձում արդարացնել այն՝ շահագործման և արժանապատիվ վարձատրման մասին մեր իրականության մեջ անհեթեթության հասնող փաստարկներով։ Ավելին, այս ճգնաժամային ամիսներին պարգևավճարներից մի քանի ամսով ժամանակավորապես հրաժարվելը ներկայացնում է որպես բարեգործություն։

Պատգամավորներն ու կառավարության անդամները գուցե մոռանում են, որ իրենք «սորովորական ԱԺ»-ում չեն, առնվազն այդպիսին չէին հասարակության ակնկալիքներն ու իրենց իսկ խոստումները։ Նրանք նաև մոռանում են, որ իշխանության են եկել, որովհետև հազարավոր աշխատավորներ երկու տարի առաջ լուրջ հույսեր են կապել իրենց հետ։ Այս ԱԺ-ն ոչ թե կարիերայի, հիպոթեկային վարկ մարելու կամ աշխատավարձի ԱԺ պիտի լիներ, այլ հեղափոխական ծառայության։

Ցավով արձանագրում ենք, որ այս խնդիրն ու դրա շուրջ հնչած մեկնաբանությունները եկան կրկին փաստելու, որ Ազգային Ժողովն ու Կառավարությունն անհաղորդ են մեր երկրի մեծագույն մարտահրավերներից՝ սոցիալական արդարության և բևեռվածության մեղմման հրամայականներին։

Մեկնաբանություններ (4)

Բեթի Փանոսյան
Շնորհակալություն այս հոդվածը հրապարակելու համար։ Այն մատը խրում է միանգամից մի քանի բաց վերքի մեջ։
Վարդգես Գասպարի
Հարգելի ընկերներ, թույլ տվեք անելու մի քանի առարկություններ Ա - Ձեր հոդվածում չկա, չեք քննել աշխատավարձի չափի և կատարված աշխատանքի համեմատության հարցը. Օրինակ՝ գուցե ԱԺ որոշ պատգամավորների 1,000,000 դրամ չէ, 100,000 -ն էլ շատ լինի... իսկ մեկ ուրիշի արժի 1 չէ, 2 միլիոն էլ վճարել... Ի դեպ գտնում եմ գործադիրի և օրեսդիրի պարագաները պետք է առանձին քննել. Վարչապետը Գործադիրի մասով պատասխանեց վերջին հարցազրույցում... մոտավոր էսպես. <Նախարարներին և տեղակալներին 1 միլիարդ դրամ պարգևատրելով արձանագրել ենք ժողովրդի 100 միլիարդ դրամի եկամուտների աճ>: Իմ կողմից ավելացնեմ, որ սա մեծ ձեռք բերում եմ համարում գործադիրի 1-2 տոկոսանոց քաղաքական իշխանության համար, հաշվի առնելով, որ գործադիրը դրան հասել է պետական կոռումպացված, անգործունյա և անարդյունավետ ապառատով... Այլ է պարագան օրենսդիրի դեպքում... Ես համաձայն եմ Ձեզ հետ, ոչ այնքան աշխատավարձի բարձր լինելու պահով, այլ՝ աշխատանքի արդյունավետության... ըստ ինձ ԱԺ պատգամավորների կեսին, որ կրճատես՝ ԱԺ-ն բնավ չի տուժի... Եվ ի վերջո աշխատավարձը ամենամեծ ծախսը չի... Ամեն մի պատգամավորի աշխատանքային պայմանների ապահովումը ամիսը 1, 2 կամ 3 միլիոն դրամ դրամ է նստում մեզ վրա. ( կոպիտ ասած էդ պատգամավորի սենիակը , որ վարձակալության տրվի ամիսը մի միլիոն եկամուտ կբերի Դ.) եթե հարց տրվեր՝ ո՞ր կարևոր օրենս դ
Վահագն
չգողանալու համար բարձր աշխատավարձ կամ պարգևավճարներ պետք չեն, պետք ա ընդամենը գող չլինել:
Yerevan2800
Լավ ա տեղյակ չեք որ դեպքեր կան որ անձնական մեքենաներ են փոխում, տներ առնում, բիզնես հիմնադրում և անգամ այդ գումարներից են իրենց բիզնեսի հարկերն էլ վճարում, ինչ վերաբերում է իբր աշխատել են որ հասել են, էտ ով չգիտի որ սրան նրա եսիմինչը որ չլինեին ովեին լինելու, ծանոթով, փողով պետհամակարգ խցկվածներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter