HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Տիգրան Աբրահամյան. «Լրացուցիչ սահմանափակումներ եթե լինեն, ապա բոլորը պարետատան որոշումներով է կարգավորվելու»

Այսօր՝ ապրիլի 12-ին, Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: ԱՀ Սահմանադրության համաձայն՝ արտակարգ իրավիճակն ի տարբերություն արտակարգ դրության, չի նախատեսում հանրաքվեների ու ընտրությունների չեղարկում: Հետևաբար՝ ապրիլի 14-ին սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է:
Ըստ ԱՀ առողջապահության նախարարության՝ այս պահին Արցախում նոր կորոնավիրուսով վարակվածների քանակը հինգն է, իսկ թեստավորված 9 քաղաքացիների հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Հետքը» այս թեմաների շուրջ մի քանի հարց է ուղղել Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանին:
-Պարոն Աբրահամյան, արտակարգ իրավիճակ հայտարարելու իմաստը ո՞րն է, որ մարդիկ մասնակցելու են ամենամեծ հավաքներից մեկին, այն էլ` փակ շինությունում: Խոսքս ընտրությունների մասին է:
-Նախագահի հրամանագրի մեջ դրա մասին մանրամասները ներկայացված են, այս պահին մենկաբանություն չունեմ:
-Ինչո՞ւ 5 վարակվածի դեպքում, այդքան քիչ՝ ընդամենը ինը մեկուսացված ունենք:
-Ինը մարդ բուժհաստատությունում է մեկուսացված, երեք համայնք էլ ինքնամեկուսացրել ենք: Բայց դա նկատի չե՞ք ունենում:
-Իսկ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) բժիշկների առողջական վիճակն ինչպե՞ս է, քանի որ նրանք շփում են ունեցել շահումյանցի պացիենտի հետ:
-Շահումյանցի մեկ վարակակիրը երկկողմանի թոքաբորբով ու բազմաթիվ քրոնիկ հիվանդություններով ընդունվել է հանրապետական հիվանդանոց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկկողմանի թոքաբորբն իր մեջ այլ վարակի ախտանիշներ է պարունակել, բնական է, որ բուժաշխատողներն անհրաժեշտ աշխատակարգից ելնելով են նրան սպասարկել:
- Այսինքն` բժիշկները խնդիր չունե՞ն:
-Եթե այդ մասով որևէ տեղեկատվություն լինի, մենք արագ կփոխանցենք: Բայց այս պահին դեռևս մտահոգիչ տեղեկություն չկա:
- ՀԲԿ-ի բժիշկներն անհրաժեշտ հանդերձանքով ու բժշկական դիմակներով ապահովվա՞ծ են:
-Առողջապահության նախարարությունը մի քանի անգամ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ դեռևս փետրվար ամսից սկսված՝ երբ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է, այդ փուլում տարբեր խմբաքանակներով բուժպարագաներ են ստացել, ու դրանցով բուժհիմնակները համալրվել են: Եթե կոնկրետ հիվանդանոց նկատի ունեք, մենք կարող ենք Առողջապահության նախարարությունից փորձել ճշտել ու Ձեզ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնել:
-Պարո՛ն Աբրահամյան, արտակարգ իրավիճակի հայտարարումը նաև նախատեսում է, որ մարդկանց կոչ անեք, որպեսզի մնան տա՞նը:
-Արտակարգ իրավիճակների հայտարարման մեջ հրամանագիրը սահմանում է բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքներ, ինչպես նաև ընդգծված է, որ պարետատունը ժամանակի ընթացքում տարբեր որոշումների միջոցով նոր կարգավորումներ է մտցնելու:
Լիազորություններ տրված է պարետատանը: Նախագահը պարետ է նշանակել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Այս իրավիճակի պայմաններում պարետատան որոշումներով է կարգավորվելու: Լրացուցիչ սահմանափակումներ եթե լինեն, ապա բոլորը պարետատան որոշումներով է կարգավորվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter