HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևաբերդի ջրամբարում ձկների անկումը տեղի է ունեցել թթվածնի պակասի պատճառով. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքները պարզելու համար Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային  բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել են տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ:

ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում  լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները։

ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրության համաձայն՝ լաբարատոր հետազոտությունների ուղղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության։

ՏԿԵՆ Ջրային կոմիտեից տեղեկացանք, որ ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում: Ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան: Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում, հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց):

Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։       

Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում։

Հիշեցնենք, որ ջրամբարի պահպանությունն իրականացվում է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter