
Կորյուն Սումբուլյան. «Մենք պետք է մտածենք երկրի պարենային անվտանգության, ոչ թե տեղական արտադրողին խեղճացնելու մասին»
Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում երեք տարի առաջ բացված հնդկացորենի վերամշակման գործարանն անցած տարվա հոկտեմբերից չի աշխատում: Գործարանի տնօրեն Կորյուն Սումբուլյանի փոխանցմամբ, պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին՝ հնդկացորենը ցրտահարվեց, չկարողացան հարկ եղած քանակությամբ հումք հավաքել:
«Կոնկրետ իմ 3 հա հնդկացորենը տուժել է ցրտահարությունից, 20 հա-ն էլ՝ կարկտահարությունից ու սելավներից: Կառավարությունը որպես աջակցություն 30 հազար դրամ փոխանցեց, մեկ էլ՝ 30 կգ ոսպ: Ովքեր էլ որ չէին տուժել ու որոշակի քանակությամբ հումք ունեին, մենք չկարողացանք գնել, որովհետեւ չվարկավորեցին: Գյուղացիներն էլ ստիպված դարձրեցին անասնակեր: Հիմա գարունը բացվել է, մայիսի վերջին, հունիսի սկզբին ցանքսը սկսելու ենք, ու մտադրություն կա եղած տարածքներն ընդլայնել, քանի որ պարենային անվտանգության խնդիր կա,-նկատում է Կորյուն Սումբուլյանը,-հնարավոր է՝ առաջիկայում ներկրման հարցերում խնդիրներ առաջանան, ի՞նչ պիտի անենք: Էսօր պետք է կանգնել տեղական արտադրողի կողքին, պետք է մտածենք նրան հզորացնելու, ոչ թե խեղճացնելու մասին»,-ասում է Կորյուն Սմբուլյանը:
Երբ Բավրայում եւ Սեւանում պաշտոնապես բացվեցին հնդկացորենի վերամշակման գործարանները, Կորյուն Սումբուլյանը ենթադրում էր, որ հնդկաձավարի ներկրմամբ զբաղվողները խնդիրներ կստեղծեն տեղական արտադրողի համար: Զրուցակիցս հիշում է, որ առաջին արտադրանքը շուկա հանելուն պես խանութներում հնդկաձավարի գինն իջավ մինչեւ 270 դրամ:
«Հումքի ծախսը չհաշված՝ միայն արտադրական ծախսն իմ վրա նստում է 230 դրամ: Սրան ավելացրած փաթեթավորումն ու առաքումը, հասկանալի է, որ չէր կարող մեր արտադրածը էժան լինել ներկրածից, մանավանդ որ համային որակով էլ գերազանցում էր: Մենք խանութներին շոգեխաշածը տվել ենք կգ-ը 500 դրամով, կանաչը՝ 700 դրամով, անգամ հնդկաձավարի ալյուր ունեինք,-ասում է Կորյուն Սումբուլյանը,-երբ 2018-2019թթ.-ին շուկա դուրս եկանք, ներկրողներից կգ-ը 180 դրամով գնելու առաջարկ եմ ստացել, որ փաթեթավորեմ, վաճառեմ տեղականի անվան տակ, բայց ես հրաժարվել եմ: Ներկրվող հնդկաձավարի ինքնարժեքը սահմանին 267 դրամ է, դրա համար էլ իրենց ձեռք էր տալիս թեկուզ 300 դրամով խանութների վաճառքը: Հիմա, երբ խնդիրներ են առաջացել, խանութներում հնդկաձավարի մեկ կգ-ը դարձել է 750-ից 900 դրամ, եւ սպառողն էլ այլընտրանք չունի, որ ասենք տեղականը լիներ, տեղականը գներ 500 դրամով»:
Հնդկացորենի վերամշակումը Հայաստանում իրականություն դարձավ շնորհիվ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD): Հայաստանում հնդկաձավարի ներքին սպառումը, ըստ ENPARD-ի ուսումնասիրությունների, կազմում է մոտ 8000 տոննա տարեկան: Անհրաժեշտ է մոտ 6000 հա հնդկացորեն մշակել՝ պահանջված հումքը ստանալու համար:
Կորյուն Սումբուլյանն ասում է, որ Բավրայի գործարանը կարող է տարեկան 2000 տոննա հնդկացորեն մշակել. «Ես ունեմ Հայաստան ներկրվող հնդկաձավարի երեք տարվա տվյալները, ըստ որի՝ 2015թ.-ին ներկրվել է 50 տոննա, 2016թ.-ին՝ 460 տոննա, 2017-2018թթ.-ին՝ 550 տոննա, անցած տարվա տվյալները չունեմ, եւ սա էն դեպքում, երբ սպառողական պահանջարկը 8000 տոննա է: Հիմա մենք կարող ենք որոշակիորեն շուկայի պահանջը բավարարել, սակայն պիտի ազնիվ մրցակցություն լինի, խաղի կանոնները պետք է այնպիսին լինեն, որ ներկրողը ներկրի, սակայն տեղական արտադրողի շահերին էլ չվնասի: Անկախ ամեն ինչից, էն, ինչ մենք երկրում կարող ենք, ի վիճակի ենք արտադրել՝ պիտի արտադրենք: Էս մեկուսացումը ցույց տվեց, թե ինչեր կարող են լինել ոչ միայն գնաճի հետ կապված, այլեւ՝ ներկրումների: Ասենք` ՌԴ-ն է ու արգելում է արտահանումն ընդհանրապես, ի՞նչ ենք անելու»:
Այս տարի հնդկացորենի մշակման տարածքներն ընդլայնվելու են մինչեւ 300 հա: Կորյուն Սումբուլյանն ասում է, որ զանգեր է ստացել Կապանից, Գորիսից, Վարդենիսից, Սեւանից՝ գյուղացիները պատրաստ են մշակել, սակայն երաշխիքներ են ուզում, որ Բավրայի գործարանը կգնի ամբողջ հումքը: «Հիմա փորձում եմ պայմանգրի ձեւ մշակել, որ կարողանանք ոչ միայն գյուղացիների հետ կնքել պայմանագիր, այլեւ՝ վաճառքի կետերի, որ ոչ միայն գյուղացին վստահ լինի, որ իր արտադրանքը գործարանը կգնի՝ իր վրա չի մնա, այլեւ մենք էլ վստահ լինենք, որ մեր արտադրածը կվաճառվի՝ մեր վրա չի մնա»,-ասում է Կորյուն Սումբուլյանը:
Մեկնաբանել