Զգուշացեք, երբ անցնում է Սամվել Նիկոյանը
Այսօր` ժամը 21-ի սահմաններում, իսկական իրարանցում էր առաջացել Երեւանի Նալբանդյան փողոցում: Պարզվում է` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սիրում է, որ իրեն ուղեկցող 035oo01 պետհամարանիշի «Ջիպ» ավտոմեքենան «շուխուռով» անցնի փողոցները:
Սամվել Նիկոյանի 001oo01պետհամարանիշի BMW ծառայողական ավտոմեքենան, հետեւից էլ 051օօ01 պետհամարանիշի «Toyota Camry»-ին անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նշված ժամին անցան Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկը, այն էլ՝ կարմիր լույսի տակով: Այդ պահին ճանապարհը հետիոտնինն էր, եւ տեսնելով արագ սլացող «գոլդ» պետհամարանիշով ավտոմեքենաները, մարդիկ մի կողմ քաշվեցին:
Սամվել Նիկոյանի ավտոշարասյունը կարմիր լույսի տակով կանցներ նաեւ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի հատվածում, եթե իրենց ավտոմեքենայի առջեւից այլ մեքենա չընթանար:
Ի դեպ, ԱԺ նախագահին ուղեկցող ավտոմեքենան ազդանշանը միացնում եւ ուշադրություն էր գրավում այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենեւին էլ չկար, սակայն, երբ կարմիր լույսի տակով պիտի անցներ, մեծ արագությամբ, առանց ազդանշանի հատեց ճանապարհը:
Հենց այստեղ տաքսու վարորդը մի քանի «քաղցր» խոսք հնչեցրեց «գոլդ» համարներով երթեւեկողների հասցեին եւ բարկացած ասաց. «Ես լինեի, հիմա ինձ կլպել էին, ավտոտեսուչները դուխ ունեն, թող բռնեն, ինչի՞ չեն բռնում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել