HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերին Լարս. հայ բեռնափոխադրողների անվերջանալի ու թարմացվող խնդիրները

«Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», «Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարներ են կուտակվել». տարվա ընթացքում հայկական մամուլում բազմաթիվ այսպիսի վերնագրերով նյութեր կարելի է կարդալ։

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է  վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով, հայ բեռնափոխադրողները պարբերաբար հանդիպող խոչընդոտներով են հաղթահարում։ Ռուսաստան հասնելու համար նրանք երբեմն ստիպված են լինում ժամերով ու նույնիսկ օրերով սպասել մաքսային անցակետերում։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների մի զգալի հատված առաջանում է հատկապես Վերին Լարսում։

Հայաստանը, որը 2015 թվականից դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ, չունի ընդհանուր ցամաքային սահման ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Միության մյուս երկրների հետ։

Ու թեև Վերին Լարսի անցակետում հայ բեռնափոխադրողները միշտ էլ բախվել են խնդիրների (ձմռան օրերին դժվարանցանելիություն, մաքսային կետում երբեմն անհարկի քաշքշուկներ և այլն), սակայն նրանք պնդում են, որ վերջին ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ և դրան հակազդելու քայլի, Վերին Լարսը հատելն ավելի է բարդացել։ Իսկ Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը վստահեցնում է, որ չնայած որոշ բացառությունների՝ հայկական բեռնատարները այս մաքսակետն ավելի դյուրին են հատում, քան մյուս երկրների բեռնատարները։

Խոչընդոտները Վերին Լարսում. եղանակային վատ պայմաններից մինչև բրոքերային թանկ ծառայություններ

Վերին Լարսի անցակետում հայ (և ոչ միայն հայ) բեռնափոխադրողները հաճախ մաքսային ձևակերպումների համար ստիպված են լինում երկար սպասել անցակետը հատելուն։ Բայց առաջացած մաքսային ու այլ խնդիրներից, հաճախ Վերին Լարսը հատելը դառնում է կամ շատ դժվար, կամ անհնար եղանակային պայմանների պատճառով՝ հատկապես ձմռանը։

Հայկական «Սպիննակեր գրուպ» բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ հայ բեռնափոխադրողներն այս օրերին, բացառությամբ որոշ դեպքերի, կարողանում են անարգել հատել հայ-վրացական սահմանը՝ չնայած, որ դա տևում է մի քանի օր, և խնդիրների մի ամբողջ շարան է սկսվում Վերին Լարսի անցակետում՝ սկսած բրոքերների ծառայություններից մինչև ապրանքների փորձաքննություն։ Այս ամենի արդյունքում հայ բեռնափոխադրողները կորցնում են թե՛ զգալի գումար, թե՛ ժամանակ։ Վիճակն ավելի է բարդացել, երբ մաքսային կետերում կորոնավիրուսի հետ կապված խստացվել են բեռնատարները ստուգելու միջոցառումները։ Այս օրերին նաև բրոքերային ծառայությունների գներն են բարձրացել։

«Կարանտինի հետ կապված՝ ռուսական մաքսատունը ներկայում որոշել է անմիջական շփում չունենալ վարորդների հետ։ Մաքսավորները բրոքերների միջոցով են շփվում վարորդների հետ։ Այստեղ արդեն առաջանում են թղթաբանության հետ կապված բազմաթիվ քաշքշուկներ։ Մինչդեռ, լինելով ԵԱՏՄ անդամ, հայ բեռնափոխադրողները պետք է կարողանան անարգել հատել Վերին Լարսը, քանի որ Բագրատաշենի անցակետում նրանց փաստաթղթերն արդեն իսկ ստուգել են։ Միասնական մաքսային տարածքի էությունը հենց այն է, որ այդ փաստաթղթերը մի անգամ ստուգվեն՝ մեկ մաքսակետում։ Սակայն, ռուսական կողմը հավելյալ ստուգում է այդ փաստաթղթերը, որի ժամանակ հավելյալ մեծ գումարներ են գանձվում հայ բեռնափոխադրողներից։ Ռուսական կողմը պահանջում է օգտվել իրենց բրոքերական ծառայություններից, և կարանտինային այս օրերին բրոքերների ծառայությունների գինը երեք-չորս անգամ բարձրացել է՝ մինչև 10 հազար ռուբլի մեկ մեքենայի ձևակերպման համար` միջնորդության համար»,- պատմում է   Նորայր Գևորգյանը։

Նա համեմատության համար նշում է, որ բեռնատարը վրացական միայն մաքսային ծառայության ձևակերպումների վրա ծախսում է 1-2 ժամ, ապա Վերին Լարսում՝ ՌԴ մաքսային տարածքում, դա կարող է տևել 10-24 ժամ և նույնիսկ ավելի, եթե բեռնաափոխադրողն ու մաքսային ծառայությունը «լեզու չեն գտնում»։

Նորայր Գևորգյանի խոսքով՝ Վերին Լարում հայ բեռնափոխադրողների մյուս խնդիրներն ի հայտ են գալիս ապրանքների փորձաքննության ժամանակ, որն իրականացնում է «Ռոսկոմնադզորը»։

«Հատկապես, եթե դա վերաբերում է սննդամթերքին, կոնյակին ու գինուն, իսկ ամռանը՝ մրգերին։ Կանգնեցնում են ու առանց որևէ թղթի՝ չորս-հինգ արկղ վերցնում են։ Մենք վերջերս արտահանել ենք կոնյակ, որը զննելու համար ուղիղ վեց արկղ վերցրել են բեռնատարից որպես փորձանմուշ՝ նույն տեսակի կոնյակից։ Ապրանքը ոչ միայն հետ չեն տալիս, այլև թուղթ էլ չեն տալիս՝ փորձաքննության արդյունքը։ Դա մարտի կեսերին է եղել։ Ի սկզբանե, եթե համակարգը ցույց է տալիս կամ եթե նշված ապրանքը համարվում է կասկածելի, ապրանքը զննում են, որի համար գանձվում է մինչև 70 հազար ռուբլի»,- նշում է բեռանափոխադրող ընկերության ղեկավարը։

Ըստ նրա՝ այդ գումարը բավականին մեծ է ի տարբերություն, օրինակ, Ռուսաստան-Լատվիա անցակետում գանձվող բրոքերային ծառայությունների գումարների։

«Ավելորդ կուտակումները, արհեստական հերթերը, կաշառքն ու բյուրոկրատական քաշքշուկները, բրոկերային անհասկանալի և թանկ ծառայությունները, զննումը և բեռի մասնակի առգրավումը զննման սպառնալիքի տակ, զննման անհասկանալի թանկ սակագները՝ համեմատած ՌԴ այլ սահմանների սակագների հետ, բացարձակ ոչ մի առավելություն չեն տալիս ՀՀ-ից արտահանված բեռի հանդեպ։ Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ մեկ միասնական մաքսային կառույցում է»,- ասում է «Սպիննակեր գրուպի» հիմնադիրը։

Վերին Լարսում մաքսային հայ կցորդ. «Բեռնափոխադրողն իրավիճակն իր տեսանկյունից է ներկայացնում, վերահսկողն՝ իր»

Այս տարվա հունվարին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Արամ Թանանյանին նշանակել Ռուսաստանում՝ Վերին Լարսի անցակետում, Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով։ Արամ Թանանյանը 2018-ից զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Թանանյանն այժմ Վերին Լարսում է։ «Հետք»-ի հետ զրույցում նա նշեց, որ հայ բեռնափոխադրողների հետ կապված անցակետը հատելիս, թեև բազմաթիվ թյուրընկալումներ ու խնդիրներ են լինում` հավաստիացնում է, որ հայերն ավելի դյուրին կարգով են հատում սահմանը, քան մյուս երկրների ներկայացուցիչները։

«Թյուրընկալումներ և խնդիրներ լինում են, որովհետև օրական հազարավոր մեքենաներ են այստեղով անցնում։ «Անակնկալներ» միշտ էլ լինում են։ Բեռնափոխադրողներն ու առանձին վարորդներն ունենում են բողոքներ, հայտնում են։ Նրանց մի մասը օբյեկտիվ են լինում, մյուս մասը՝ ոչ։ Վրաստանի տարածքով բեռնատարների ահռելի հոսք է գալիս այստեղ, որոնք բազմակի գերազանցում են մեր բեռների ու բեռնատարների քանակը։ Հայկական բեռնատարները, երևի թե, այդ քանակի ընդամենը 10 %-ն են կազմում։ Եվ այդ ֆոնին, կարող եմ ասել, որ մենք համեմատաբար թեթև ենք անցնում։ Որպես ԵԱՏՄ անդամ՝ որոշ հարցեր կան, որ մենք հնարավորինս արագ լուծում ենք։ Պարզապես չենք կարող անտեսել նաև Վրաստանի՝ տարանցիկ երկիր լինելու հանգամանքը»,- նշում է Արամ Թանանյանը՝ հավելելով, որ բեռնափոխադրողները միշտ իրենց տեսանկյունից են ներկայացնում խնդիրը, մաքսային վերահսկողները՝ իրենց։

Հարցին, թե ինչու՞ են բարձրացել բրոքերային ծառայությունների գները և ի՞նչ կարող է անել հայկական կողմն այս հարցում, Թանանյանը պատասխանում է, որ դա ռուսական կողմի որոշումն է, ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։

«Մենք կարող ենք վերահսկել Բագրատաշենի մաքսակետում իրականացվող բրոքերային ծառայություններին։ Որպես պետություն՝ սահմանում ենք չափանիշներ, որոնց համապատասխանողներն էլ ընտրվում են որպես բրոքերներ։ Իսկ ռուսական կողմում բրոքերային ծառայություններ մատոցողներին ու նրանց չափանիշները մենք չեն որոշում։ Դա որոշում է Ռուսաստանը։ Գները շեշտակի չեն բարձրացել, բայց դա ծառայություն է՝ մեծ թվով մարդկանց են սպասարկում, կարանտինային միջոցառումների հետ կապված մի մասը չեն աշխատում այդ ծառայությունների, կան մեկուսացվածներ, աշխատողների թիվը քչանում է՝ իրենք սրանով են բացատրում թանկացումը։ Դա, իհարկե, հիմքեր չի տալիս ծառայությունների գինը թանկացնելու, բայց որոշ ժամանակով թանկացնում են։ Չէի ասի, թե Վերին Լարսում ամեն ինչ իդելական է և զարգանալու տեղ չկա։ Ռուսական կողմը մտադիր է Լարսի անցակետը արդիականացնել։ Անկասկած, ծառայության մակարդակը կբարձրանա։ Գնալով իրավիճակը կբարելավվի, բայց թե ինչ տեմպերով, չենք կարող ասել, դա բավականին բարդ գործընթաց է»,- ասում է Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդը։

Ինչ վերաբերում է ապրանքի որակը ստուգելու համար, ըստ հայ բեռնափոխադրողների, անտրամաբանական քանակի փորձանմուշներ վերցնելուն և փաստաթղթերի հետ կապված խնդիրներին, Արամ Թանանյանը նշում է, որ դա ևս ռուսական կողմի տիրույթում է։ Նա համաձայն չէ, որ փորձանմուշների համար հաճախ չարադարացված քանակի ապրանք են վերցնում հայկական բեռնատարներից։ Սակայն, չի էլ բացառում, որ երբեմն լինում են նման դեպքերն և հորդորում է բեռնափոխադրողներին այդ դեպքերում իր հետ կապ հաստատել, որպեսզի կոնկրետ օրինակներով կարողանան ռուսական կողմի հետ բանակցել, բարձրացնել խնդիրը։

«Փորձանմուշ վերցնողը կարող է վերցնել ցանկացած քանակություն։ Ունի նման իրավունք։ Կարող են բեռնատարի տարբեր կետերից վերցնել այդ փորձանմուշները։ Սահմանափակել նմուշ առնողին մենք չենք կարող։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, դա տրամադրում են, բացառություններ կարող են լինել։ Եթե ինչ-որ մեկից վերցնում են ինչ-որ քանակություն, փաստաթուղթ չեն տալիս, դա արդեն օրինականությունից դուրս է։ Դրանով զբաղվում են համապատասխան մարմինները՝ համապատասխան կարգով։ Մենք հորդորել ենք, որ եթե նման բան է լինում, բեռնափոխադրողները պնդեն, որ իրենց փաստաթուղթ տրամադրեն։ Նմուշների փորձաքննության ժամկետները ևս տարբեր են։ Դրանք կարող են, նույնիսկ, մի քանի շաբաթ տևել։ Այդ ընթացքում մեքենան մնում է կանգնած։ Վիճակն ավելի է բարդանում, երբ մեքենայում մի քանի տեսակի ապրանք է լինում՝ մի քանի հոգու։ Մեկի պատճառով կանգնած է մնում նաև մյուսների բեռը»,- նշում է Արամ Թանանյանը։

Ըստ նրա՝ շուտով կսկսվի մրգի ու բանջարեղենի բեռնափոխադրումների սեզոնը, և այդ ընթացքում իրենց աշխատանքն ավելի է մեծանալու. «Պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ մթերքը չփչանա։ Եթե ինչ-որ մեծ թյուրիմացություններ են լինում, որ բեռնափոխադրողները չեն կարողանում լուծել, մենք, իհարկե, արձագանքում ենք»։

Հարցին, թե ինչու՞ են հայկական բեռնատարները Բագրատաշենի սահմանում մանրամասն զննում անցնելուց հետո մեկ անգամ ևս զննվում Վերին Լարսում այն պարագայում, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրաբար նշանակում է, որ բեռնատարներն ու ապրանքները պետք է մեկ անգամ զննում անցնեն, Արամ Թանանյանը պատասխանում է, որ մինչև մեքենաները Վրաստանով հասնում են Ռուսաստանի սահման՝ Վերին Լարս, երկար ժամանակ է անցնում և այդ ընթացքում, հնարավոր է, ապրանքը որակական փոփոխությունների ենթարկված լինի, բացի այդ՝ ռուսական կողմը բոլոր երկրներից եկող ապրանքները մանրամասն ատուգում է, մանավանդ կորոնավիրուսի տարածումից հետո։

«Այնուամենայնիվ, քանի որ մենք մեկ ԵԱՏՄ շուկայում ենք, եթե անհրաժեշտություն չկա, հայկական բեռնատարները պարզեցված ընթացակարգով են մուտք գործում։ Բայց այդ բեռը Ռուսաստան է հասնում Վրաստանով։ Վարցական կողմը իր հերթին կնքում է, ստուգում։ Բեռնատարները մի քանի օր անց նոր հասնում են Վերին Լարսի սահման՝ ընդհուպ մինչև մեկ շաբաթ։ Իհարկե, ռուսական ծառայությունները իրավասու են այդ ապրանքները ստուգել այնպես, ինչպես իրենք մտածում են՝ լինի դա արտաքին դիտարկումով, սկաներով նայելով, արտաքին տվյալների հիման վրա և այլն։ Բայց, որպես կանոն, իրենք միտված չեն մանրամասն ստուգել և խոչընդոտներ ստեղծել։ Եթե նման բան լիներ, օրական այդքան մեքենա չէր անցնի Լարսի անցակետով։ Մեր բեռներն ավելի արագ ու դյուրին են անցնում, քան օրինակ, Թուրքիայից եկածները, որոնք շատ ավելի բարդ ընթացակարգով են հատում Վերին Լարսը։ Եվ երբեմն խնդիր է առաջանում, երբ մենք այդ ընդհանուր հերթի մեջ ենք հայտնվում ու ստիպված ենք լինում սպասել»,- պատասխանում է Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդը՝ հավելելով, որ վերջին օրերում Վերսին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ չեն եղել։

Ինչպես հայտնի է, ներկայում հայկական կողմը բանակցում է ռուսական կողմի հետ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների համար առանձին ժամային գրաֆիկ սահմանելու հարցում։ Արամ Թանանյանի տվյալներով՝ առայժմ հստակեցված որոշում չկա։

Վերին Լարսին այլընտրանք ստեղծելու ծրագրերը մնացին թղթի վրա

Հայաստանից Ռուսաստան ցամաքային ճանապարհի այլ ուղիներ գտնելու, Վերին Լարսին այլընտրանք ստեղծելու կարևորության մասին խոսել ու խոսում են Հայաստանի բոլոր կառավարությունները։ Սակայն, այդ մասին ծրագրերը մնացել են օդում, լավագույն դեպքում՝ թղթի վրա, քանի որ այս հարցի կարգավորման մեծ մասը կախված է Ռուսաստանի, Վրաստանի ու Հարավային Օսիայի իշխանություններից։

Եվ, մինչ հայ բեռնափոխադրողները ստիպված են լինում բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով ու կորուստներով հասնել Ռուսաստան, ռուսական շուկան շարունակում է որոշիչ դեր ունենալ Հայաստանի արտահանման կազմում։ Կան ապրանքներ, հատկապես սննդամթերքի տեսակներ, որոնց հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2019թ. Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 640 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.4 %-ով։ Դրանից մոտ 761 մլն դոլարն (աճը՝ 10.5 %) արտահանվել է դեպի ԵԱՏՄ երկրներ և մասնավորապես՝ 734.5 մլն դոլարը՝ դեպի Ռուսաստան (աճը՝ 10.3 %)։ Այսինքն՝ պրակտիկորեն Հայաստանի համար ԵԱՏՄ շուկան նշանակում է Ռուսաստանը։

Այսպիսով, Հայաստանի արտահանման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել է 27.8 %: Այս ցուցանիշով Ռուսաստանը առաջատարն է Հայաստանի արտահանման կազմում։ Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում Շվեյցարիան է՝ 17.3 %-ով, երրորդում Բուլղարիան՝ 7.9-ով։

Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ Հայաստանը Ռուսաստան է արտահանում շուրջ 800 անուն ապրանք։ Մեծ կշիռ ունեն կոնյակն ու սննդամթերքը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան ներմուծմանը, ապա այստեղ ևս Ռուսաստանն ունի ամենամեծ տեսակարար կշիռը 2019 թվականին Հայաստանը աշխարհից ներմուծել է 5 մլրդ 514 մլն դոլարի ապրանք, որը 2018 թվականի համեմատ աճել է 10.8 %-ով։ ԵԱՏՄ երկրներից ներմուծվել է 1 մլրդ 531 մլն դոլարի ապրանք, որից 1 մլրդ 478 մլն դոլարը՝ միայն Ռուսաստանից, որը նախորդ տարվա համեմատ աճել է 17.4 %-ով։

Այսպիսով` Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 26.8 % է։ Եթե կարճ՝ Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ամեն ինչ։

Մեկնաբանություններ (2)

Արթուր
Ռուսական կողմի պնդմամբ հայերը աշխատում են լեւի դաշտում 2018-2019 թթ ներմուծված բեռների, հատկապես պտուղ/բամջարեղենի հիմնական մասը մոտ 12 000 խմբաքանակ ներմուծվել է բագրատաշենի մաքսային պապկաներով։ Այդ մասին շատ լավ գիտեն Անանյան/Թանանյան զույգը: եվ իզուր է կոծկում գեներալ-ներկայացուցիչը։ ՊՆԴՈՒՄ ԵՄ ՝ամբողջ պրոբլեմը ստեղծում է ՊԵԿ-ը Անթույլատրելի է այն մոտեցումը, թե моя хата с краю եվ վնասել ստրատեգիկ գործընկերոջ գրպանին սեւ մեխանիզմներով ... լարսը համարում է հայկական բիզնեսը խաբեբա ՝ ԽԱԲեԲԱ ԵՆ ՊԵԿ-ը ոչ թե Հայ ժողովուրդը!!! Ավելին՝ հայաստան ներմուծված ապրանքների ինվոյսների մեծ մասը գրովի է (կեղծ) շատ անգամ 2-3 անգամ էժան։ այդ բիզնեսն էլ պեկ օպերների ԹԵման է՝ անուղղելի հարված հասցնելով տեղական բիզնես միջավայրին եւ Էրգրի բյուջեին (25-30 միլլիարդ) Լարսը օգտվելով ՀՀ արտաքին տնտեսական խուժան բարքերից՝ իր «փայ» ավարն է դոմփում ՄԻՆՉԵՒ ՉՄԱՔՐԵՆՔ ՄԵՐ ԱԽՈՌԸ, ԼԱՐՍԻ ԽՆԴԻՐԸ ՄՆԱԼՈՒ Է ԽՐՈՆԻԿ Լարսում բրոքերի ինստիտուտն էլ չգիտեմ ինչու համընկավ ներկայացուցչի ժամանման հետ Այնքան անպատժելի են որ փոխանակ վարորդների մատից փուշ հանելու դրվածք են դնում Հատուկ ՊԵԿ-ի նորօրյա իշխանիկներին ասեմ որ բրոքերի ինստիտուտը ռդ օրենքներով ներմուծման ժմնկ իմ կարծիքով անօրինական է Բեռը մաքսային չի այլեւս Շտապ միջոցառումներ են պետք գյուղմթերքների սպասվող հոսքը չտապալելու համար։ ԳՈՌՈՒՄ ԵՄ նախկինի պես լեւի աշխատել անթույլատրելի է
Արթուր
Ռուսական կիղմի պնդմամբ հայերը աշխատում են լեւի դաշտում 2018-2019 թթ ներմուծված բեռների, հատկապես պտուղ/բամջարեղենի հիմնականմասը մոտ 12 000 խմբաքանակ ներմուծվել է բագրատաշենի մաքսային պապկաներով։ Այդ մասին շատ լավ գիտեն Անանյան/Թանանյան զույգը: եվ իզուր է կոծկում գեներալ-ներկայացուցիչը։ ՊՆԴՈՒՄ ԵՄ ՝ամբողջ պրոբլեմը ստեղծում է ՊԵԿ-ը Անլույլատրելի է այն մոտեցումը թե моя хата с краю եվ վնասել ստրատեգիկ գործընկերոջ գրպանին սեւ մեխանիզմներով ... լարսը համարում է հայկական բիզնեսը խաբեբա ՝ ԽԱԲԵՈԱ ԵՆ ՊԵԿ-ը իչ թե Հայ ժողովուրդը!!! Ավելին՝ հայաստան ներմուծված ապրանքների ինվոյսների մեծ մասը գրովի է (կեղծ) շատ անգամ 2-3 անգամ էժան։ այդ բիզնեսն էլ պեկ օպերների լեման է Լարսը օգտավելով ՀՀ արտաքին տնտեսական խուժան բարքերից՝ իր «փայ» ավարն է դոմփում Լարսում բրոկերի ինստիտուտն էլ չգիտեմ ինչու համընկավ ներկայացուցչի ժամանման հետ Այնքան անւատժելի են որ փոխանակ վարորդների մատից փուշ հանելու դրվածք են դնում Հատուկ ՊԵԿ-ի նորօրյա իշխանիկներին ասեմ որ բրոկերի ինստիտուտը ռդ օրենքներով ներմոծման ժմնկ անօրինական է Բեռը մաքսային չի այլեւս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter