«Առավոտ». Հետընտրական պրոցեսներ
«Ռուսաստանում սկսվել է այն, ինչ սովորաբար անվանում են «հետընտրական պրոցեսներ»` ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ հավաքվում են հրապարակներում և իրենց բողոքն են հայտնում ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ, նրանց ձերբակալում են, դատում են և այլն: Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել` կախված նրանից, թե որքանով է իշխանությունը հակված արյուն թափելու և որքանով է ընդդիմությունը արկածախնդիր: Անշուշտ, մարդիկ բողոքելու հիմքեր ունեն` ԱՊՀ երկրներում ընտրությունները կազմակերպում ու անց են կացնում իշխանությունները, և բնական է, որ նրանք ամեն հնարավորն ու անհնարինը անելու են` վերարտադրվելու համար: Ինչո՞ւ ես պետք է կազմակերպեմ մի բան, որում չեմ «հաղթելու»: Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ընտրություններն անց է կացնում պետությունը, և դա ոչ մեկի համար «Ավարայր» կամ «Սարդարապատ» չէ` սովորական, առօրյա գործընթաց է` 4-5 տարով ժամանակավոր վարչակազմ և օրենսդիր մարմին ընտրելու համար:
Տվյալ դեպքում, երբ Մոսկվայի հրապարակներ են դուրս գալիս մարդիկ և ասում են, որ ընտրությունները կեղծվել են, նրանք ճիշտ են միայն մասամբ: Որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե իրականում հաղթել է, ասենք, Յյուգսսնովը կամ Պրոխորովը, իսկ նախագահ է հռչակվել Պուտինը: Ավելի ճշգրիտ կլինի ասել` ընտրություններ, որպես այդպիսիք, տեղի չեն ունեցել: Երբ կա երկրի լիարժեք տեր և տիրակալ, որը թույլ է տալիս այլ թեկնածուների հավակնել նախագահի պաշտոնին [իսկ ոմանց էլ արգելում է], և այդ թեկնածուներն անգիր գիտեն, որ ոչ մի հաջողության չեն հասնելու, և քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են, թե ով է ցարը, որը թույլ չի տա, որ որևէ մեկը մոտենա գահին, այդպիսի միջոցառումը չի կարելի ընտրություն անվանել: Գրող և հրապարակախոս Վիկտոր Տենդերովիչը այդ «մրցավազքի» համար ավելի դիպուկ անուն է գտել` պարաօլիմպիկ խաղեր, երբ առողջ մարդն իր մրցակիցների ոտուձեռքը նախօրոք կտրել է:
2008-ի հայաստանյան ընտրություններից գլխավոր տարբերությունն այն է, որ հետընտրական գործընթացները կազմակերպում են ոչ թե անցած «ընտրապայքարի» նախկին մասնակիցները, այլ նրանք, ում կոչում են «ոչ համակարգային ընդդիմություն»: Եվ այս տարբերակն ավելի աշխատող է, որովհետև Նավալնին, Յաշինը, Ուդալցովը այնքան չեն հոգնեցրել ոուսաստանցիներին, որքան Զյուգանովն ու ժիրինովսկին: Մեզանում զուտ քաղաքական ասպարեզում թարմ դեմքեր առայժմ չեն երևում` ասպարեզում հիմնականում նրանք են, ովքեր այսպես թե այնպես քաղաքականության մեջ են արդեն մոտ 20 տարի:
Իսկ նմանությունն այն է, որ [եկեք իրատես լինենք) փոփոխություններ Հայաստանում և Ռուսաստանում հնարավոր են միայն «վերևից»: Բայց դրանք կիրականացվեն միայն այն դեպքում, եթե «ներքևից» լինի ուժեղ ճնշում»»,- վերլուծում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել