HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Վերին Հոռաթաղի գյուղապետ. «Ասում են՝ Շահումյանից մի հոգի եկել ու շփվել է գյուղացիների հետ. դա է պատճառը, որ սահմանափակում են մտցրել»

Երեկվանից խոսակցություններ են տարածվում, թե Վերին Հոռաթաղ համայնքում կորոնավիրուսից մարդ է մահացել: Թե որքանով է այդ ամենը համապասխանում իրականությանը, «Հետքը» փորձեց պարզել Վերին Հոռաթաղ համայնքի ղեկավար Գրիշա Մարտիրոսյանից:

«Ասում են՝ Շահումյանից մի հոգի եկել է ու շփվել գյուղի բնակիչների հետ, դա է պատճառը, որ սահմանափակումներ են մտցրել», - նշում է գյուղապետը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահացության մասին լուրերին, գյուղապետն ասում է, որ այդ մարդը քաղցկեղից է մահացել Երևանի հիվանդանոցներից մեկում:

Արցախի Հանրապետության պարետի որոշմամբ՝ ապրիլի 15-ից՝ ժամը 00:01-ից անձանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Շահումյանի շրջանի Քարվաճառ, ինչպես նաև՝ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայքների վարչական տարածքներում: 

Երեկ «Հետքը» փորձեց հասկանալ, թե ինչու են անձանց ազատ տեղաշարժը սահմանափակում Վերին Հոռաթաղում, Կոճողոտում և Հաթերքում, քանի որ մինչև այս պահը Մարտակերտի շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հաստատվել:

Արցախում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ այդ համայնքներում կան ինքնամեկուսացված անձինք:

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter