HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց Հանրային հեռուստաընկերությանը առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք տալու հարցը

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք:

Նախագծերը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

«Նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք, միաժամանակ պահպանվում են մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտայիին հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորի մասին հավելյալ համառոտ տեղեկատվություն հրապարակելու Հանրայինի իրավունքը, որը չի կարող գերազանցել հաղորդման տևողության երկուսուկես րոպեն»,-ասաց փոխնախարարը:

Դանիելյանի խոսքով` կարգավորվում են նաև սոցիալական գովազդի հետ կապված իրավահարաբերությունները, ըստ որի՝ սոցիալական գովազդը 00:00-ից 18:00-ն անվճար է լինելու, իսկ 18:00-ից 00:00-ն` հեռարձակվելու է վճարովի հիմունքներով:

«Երկրորդ նախագծով, ականջալուր լինելով մեր գործընկերների այն մտահոգությանը, որ որոշակի բովանդակություն ունեցող գովազդ չի կարող հեռարձակվել Հանրային հեռուստաընկերությամբ, լրացուցիչ սահմանափակումներ ենք նախատեսել: Արգելվելու է ցուցադրել վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների գովազդը»,- ասաց Դանիելյանը:

Հիշեցնենք, որ մինչ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու 2014թ. դեկտեմբերի 17-ի որոշումը, Հանրային հեռուստաընկերությունն առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք ուներ, որը չպետք է գերազանցներ ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը, և հանդիսանում էր Հանրային հեռուստաընկերության՝ օրենքով նախատեսված եկամտի աղբյուրներից մեկը:

Սակայն 2014 թվականի փոփոխություններից հետո Հ1-ը զրկվեց իր եթերում գովազդ ցուցադրելու հնարավորությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter