
Առաջարկվում է կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել
Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի:
Նախագծերը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: Փոխնախարարի խոսքով` գործող օրեսնդրությամբ քաղաքացին ունի հնարավորություն` կենսաթոշակը ստանալ կանխիկ և անկանխիկ եղանակով: Քաղաքացուն կենսաթոշակն առձեռն փոխանցվում է փոստատարի միջոցով կամ էլ փոխանցվում վերջինիս բանկային հաշվեհամարին:
Սաիյանի խոսքով` անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման համակարգը ներդրվել է 2011 թվականին, այդ տարի նման եղանակով փոխանցվել է կենսաթոշակների ընդհանուր գումարի 10 տոկոսը: 2020-ին արդեն նման եղանակով վճարվել է կենսաթոշակների ֆոնդի 53 տոկոսը:
«Այսինքն էվոլյուցիոն ճանապարհով անկանխիկ եղանակով փոխանցումներ տեսակարար կշիռը աճել է: Անկանխիկը եղանակը քաղաքացիների համար հարմարություն է, պետության համար թափանցիկություն և համապատասխան միջոցների խնայողություն: Կանխկիկ վճարումը ավելի թանկ է նստում պետության վրա, քան անկանխիկ վճարումը»,- ասաց Սաիյանը:
Փոխնախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման բացառապես անկանխիկ տարբերակին: Առանձին կատեգորիայի անձինք, ինչպես 75 և ավելի տարեկան թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:
«Նաև հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրը որոշ համայնքներում՝ առաջարկվում է նախագիծը ներդնել փուլային տարբերակով: Առաջին փուլում տարածել խոշոր քաղաքների` Երևան, Գյումրի,Վանաձոր քաղաքների վրա, և սա կիրառել 2020 թվականի հունիսի 1-ից: Այնուհետև աստիճանաբար անցում կատարել մնացած քաղաքներում, մեծ գյուղերում, և արդեն 2023 թվականից այն գյուղական բնակավայրերում, որտեղ հազարից պակաս բնակչություն կա»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով` անցումային փուլի տրամաբանությունն այն է, որ բանկային ենթակառուցվածքների հասանելիություն ապահովվի ամբողջ երկրում, բանկերը համապատասխան քայլեր ձեռնարկեն ենթակառուցվածքները զարգացնելու համար:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչպես է որոշվելու՝ որ բանկերի միջոցով է փոխանցումներն իրականացվելու:
Փոխնախարարն արձագանքեց` քաղաքացին ինքն է ընտրում բանկը, որով ցանկանում է ստանալ կենսաթոշակ, այսինքն՝ այնպես, ինչպես այսօրվա կարգն է: Բանկերը ցանկության դեպքում միանում են այդ համակարգին, պետության հետ համապատասխան պայմանագիր կնքում: Սաիյանի խոսքով` Հայաստանի առևտրային բանկերից միայն երկուսն են, որ կենսաթոշակներ փոխանցելու համակարգում ընդգրկված չեն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց` բանկային ենթակառուցվածնքերը ոչ թե որոշ համայնքներում չեն զարգացած, այլ Հայաստանի համայնքների 99,9 տոկոսում: Պատգամավորի խոսքով` օրինակ Սիսիանում կամ Կապանում կարելի է բանկոմատներ գտնել միայն քաղաքի կենտրոնական հատվածներում, ուստի ինչ քայլեր են ձեռնարկվելու, որ քաղաքացին մի բնակավարից ոտքով այլ բնակավայր չտեղափոխվի բանկոմատ գտնելու համար:
Սմբատ Սաիյանը նշեց` փուլային տարբերակի իմաստն այն է, որ բանկերը այս ժամանակահատվածում հնարավորություն ունենան զարգացնել ենթակառուցվածքները:
Մեկնաբանել