HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռն անդրադարձել է կաթողիկոսի հայտարարության վերաբերյալ արձագանքներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին խոսքերի արձագանքների վերաբերյալ:

Մայր Աթոռի հայտարարությունը՝ ստորև.

Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան News.am գործակալության հարցման կատարված հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում և անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։

Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։  

Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն` տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter