HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սոցիալական և տնտեսական աջակցության նոր միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական օժանդակությունը: Իրականացվում է նաև շահառուների տվյալների բազաների թվայնացում։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջոցառումների կատարումը՝ կարևորելով նաև թվայնացման աշխատանքների պատշաճ իրականացումը, քանի որ թվային օրակարգը կառավարության առաջնահերթություններից է։

Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցությանը ներկայացվել են սոցիալական և տնտեսական աջակցության նոր գաղափարներ։ Մասնավորապես, քննարկվել է 8-րդ միջոցառման շահառուների ցանկում ևս մի քանի ոլորտների աշխատակիցներին ներառելու առաջարկը, արծարծվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շահառու ընտանիքներին ևս որոշակի չափով աջակցություն տրամադրելու հարցը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին լրամշակել առաջարկները և ներկայացնել հաստատման։

Տնտեսական օժանդակության նոր միջոցառումների համատեքստում քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը։ Անդրադարձ է եղել հարկային վարչարարության գործիքակազմի բարելավմանը, թեմայի առնչությամբ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ կարգավորումների փոփոխման և երկարաժամկետ կիրառման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկային կարգապահության պահպանման կարևորությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին՝ համատեղ քննարկել և ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ։

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետություն-մասնավոր գործընկերության ներքո ենթակառուցվածքային ծրագրերի հեռանկարները, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճի ապահովմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter