
Զ. Մնացականյան. «Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին»
Արցախում տեղի ունեցած ընտրությունները մարդու իրավունքների իրացում էր ընտրությունների միջոցով: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով մարտի 31-ին և ապրիլի 14-ին Արցախում անցկացված նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
«Ընտրություների միջոցով Արցախի ժողովուրդը իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին` շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ներկայացնել իրեն խաղաղ բանակցություններում»,- ասաց Մնացականյանը:
ԱԳ նախարարի խոսքով` Արցախի ընտրությունները էական նշանակություն ունեին` մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ բանակցությունների տեսանկյունից:
«Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդին ներկայացնելու իրենց խաղաղ գործընթացում, Հայաստանի իշխանությունները եղել են ու մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, սակայն խաղաղ գործընթացը առնչվում է հարցերի, որոնք կենսական նշանակություն ունեն Արցախի ժողովրդի համար: Եւ ժողովուրդը ընտրություններով` մանդատի միջոցով արտահայտում է իր մոտեցումները և դիրքորոշումները»,- ասաց նախարարը:
Նա նաև կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների հայտարարություններն ընտրությունների վերաբերյալ.
«Իրենց հայտարարություների մեջ կարևոր է այն շեշտադրումը, որ ընտրությունների միջոցով կարևորվում էր Արցախում ապրող մարդկանց դերը իրենց ապագան որոշելու հարցում»,- ասաց ԱԳ նախարարը:
Մեկնաբանել