HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եկամուտների հայտարարագրումը խուճապի է մատնել պատգամավորներին

Ազգային ժողովի նախորդ քառօրյայում քննարկվել էր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն քվորում չլինելու պատճառով այն չէր ընդունվել: Երեկ շարունակվեցին քննարկումները` դարձյալ կիսադատարկ դահլիճում: Բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, պատգամավորների գույքի եւ եկամուտների հայտարարագրի, ինչպես նաեւ շահերի բախմանը վերաբերող օրինագծի քննարկմանը մասնակցում էր 13 պատգամավոր:

ԱԺ փոխնախագահի աչքը վախեցել է

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը մտահոգված էր, որ նախագծով հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ իրականում չեն սահմանափակվում պատգամավորի իրավունքները, պարզապես պաշտոնյան իր պաշտոնեական դիրքը չի կարող ծառայեցնել հօգուտ կուսակցության շահերի:

«Դուք` որպես ԱԺ փոխնախագահ, չեք կարող ձեր պաշտոնն օգտագործել կուսակցության շահերի համար: Իսկ այն, որ Դուք քաղաքական գործիչ եք եւ պահելու եք այդ շահերը, հակառակը չի էլ կարող լինել»,- նշեց Հ. Թովմասյանը:

Հավանաբար մտահոգվելով, որ կարժանանա ԱԺ նախկին փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի ճակատագրին, երբ քաղաքական պասիվության պատճառով ստիպված եղավ Գագիկ Ծառուկյանի պահանջով հրաժարական տալ, Սամվել Բալասանյանը փորձեց հակադարձել Հ. Թովմասյանին. «Ո՞նց կլինի ես ԲՀԿ անունը չտամ կամ նրա դիրքորոշումը, ծրագրերը չպաշտպանեմ, չէ՞ որ սա քաղաքական մարմին է»:

Հրայր Թովմասյանը հանգստացրեց Ս. Բալասանյանին. «Եթե ելույթ ունենաք, դա չի արգելվի, խնդրեմ` ազատ եք»: Դրանից հետո պրն Բալասանյանը հանդարտվեց:

Հ. Բիշարյանի մտահոգությունը ծաղիկներն են, «բոմբոներկան» ու քրոջ տեգրը

ՕԵԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ նախագիծն արդար չէ: Պատգամավորին ավելի շատ հետաքրքրում էր «նվերների պահը»: Նախագծով սահմանված է, որ եթե օրացուցային տարվա ընթացքում նույն անձից uտացված նվերներն իրենց արժեքով գերազանցում են 50.000 դրամը, կամ oրացուցային տարում uտացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 250.000 դրամը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դրա մաuին հնարավոր uեղմ ժամկետում հայտնել իր վերադասին, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

«Ներողություն, ինչ-որ մեկին պիտի ասենք, որ 50.000 դրամանոց ծաղկեբուկետ ենք նվեր տարել կամ թաղմանը ծաղկեպսակ ենք տարե՞լ, պիտի սկսեն հետաքրքրվել, թե որտեղի՞ց ես այդ ծաղկեբուկետը գնել, ու՞մ պանիխիդային ես տարել»,- մտահոգված էր պատգամավորը:

Բիշարյանը դեմ էր նաեւ իր զավակների համար հայտարարագիր ներկայացնելու` օրինագծի պահանջին: Ըստ նրա` եթե իր զավակները չափահաս են եւ, ասենք, զբաղվում են գործարարությամբ, ի՞նչ կապ ունեն իր հետ, որ հայտարարագիր ներկայացնի նաեւ նրանց համար:

«Դեռ փոփոխել եք, որովհետեւ նախորդ նախագծում էլ կնոջ բարեկամ, հորաքույր, մորաքույր, էլ մարդ չէիք թողել, ներկայացրել էիք: Էլի գտնում եմ, որ այս կետը տեղին չէ»,- ավելացրեց Հ. Բիշարյանը:

Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքն էլ որպես պաշտոնյա նվեր ստանալիս չի կարող նվիրողին ասել, որ կտրոնն անպայման իրեն տա, որպեսզի տեսնի` 50.000 դրամը գերազանցու՞մ է, թե՞ ոչ: Այստեղ գործելու է ողջամտության սահմանը:

«Հուղարկավորությանը ծաղիկ տանելը նվեր չի դիտարկվում, եւ Ձեր մտահոգությունը տեղին չէ, հանգիստ եղեք»,- հանգստացրեց նախարարը:

Ինչ վերաբերում է պաշտոնյայի զավակների եկամուտների հայտարարագրմանը, ապա Հ. Թովմասյանը նշեց, որ նրանք անպայման պետք է հայտարարագրեն, հակառակ դեպքում ցանկացած պաշտոնյա իր եկամուտները կգրանցի զավակների անունով, եւ օրենքը կիմաստազրկվի:

«Քավոր, սանիկ, բաջանաղ, սա էլ է մեր իրականությունը, եւ հաճախ նրանց անունով են գույքն ու եկամուտները հայտարարագրված»,- ասաց արդարադատության նախարարը: «Հիմա ես քրոջս տեգոր համա՞ր էլ հայտարարագիր ներկայացնեմ»,- հակադարձեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Ըստ Բիշարյանի` լավ կլինի միլիոնների սանդղակ դնել, որը տեսանելի չէ, իսկ 50.000 դրամանոց նվերը տեսանելի է:

«Ասենք ծաղիկ կամ բոմբոներկա է նվեր ստացել... Ամոթ է, որ օրենքի նման հոդված ունենք: Լավ կլինի ընդհանրապես ազատվենք այս հոդվածից: Գուցե ծիծաղելի է, քմահաճույքով եք խոսում, բայց ես այն մարդն եմ, որ ոչ բիզնես ունեմ այս երկրում, ոչ էլ եսիմ ինչեր: Մտահոգված եմ այն ընտանիքների համար, որոնք բիզնեսով զբաղվող մարդիկ ունեն»,- ավելացրեց պատգամավորը:

Իսկ Հրայր Թովմասյանը հրապարակավ խոստացավ տիկին Բիշարյանին առանձին որոշ բաներ ասել. «Ես էլ անհանգիստ տեսք չունեմ: Եթե Ձեր աշխատավարձն ընդամենը 240.000 դրամ է, ապա 50.000 դրամը որոշակի գումար է, որ դրանից ավել նվեր չվերցնեք: Հետո ձեզ կասեմ»:

«Հետքի» հետ զրույցում Հեղինե Բիշարյանն ասաց, որ օրենքի այդ դրույթը Հայաստանում չի գործելու. «Ինչպե՞ս եք այդ նվերները բացահայտելու: Ազգային ժողովում 131 կաբինետ կա, ինչպե՞ս եք իմանալու` ով ում մոտ մտավ ու ինչ բերեց: Պետք է բոլոր սենյակներում նկարահանող կամերաներ դնենք, որ տեսնենք` ով ում մոտ մտավ կամ ինչ նվիրե՞ց»: Պատգամավորն ասում է, որ ինքն այդ սահմանափակումից չի վախենում, որովհետեւ աշխատավայրում երբեք որեւէ մեկից նվեր չի ստացել:

«Ամենաթանկ նվերները ստանում եմ իմ ամուսնուց ու տղայից: Իմ տղան արդեն աշխատում է ու կարող է իր մայրիկին նվեր գնել»,- ավելացրեց Հ. Բիշարյանը:

Մեկնաբանություններ (3)

Սասուն
ՏԻԿԻն Բիշարյան, Քաղաքակիրք երկրում ձեր նմաներին հավաքարարի աշխատանք էլ չեին տա..
T. A
Եվրոպական շատ երկրներում տարեկան եկամուտների հայտարարգրումը պարտադիր է բոլորի համար ովքեր ունեն աշխատանքային գործունեություն եւ ունեն եկամուտ։ Լավ կլիներ որ Հայաստանում էլ մտցնեին այս դրույթը։ Այ հենց այս ժամանակ տիկին Բիշարյանը էլ ոչ մի բանի դեմ չի կարող լինել, այլ միայն պարզապես կունենա մտահօգություն։
Դավիթ
Հետաքրքիր է, որ Բիշարյանը խոսում է 50.000-անոց բոբոներկայի մասին, երբ իր ամսեկան եկամուտը, ըստ իրեն, ընդամենը 240.000 է: Տեսնես այդ համեստ աշխատավարձով ոնց է կարողանում էդպիսի թանկարժեք կոնֆետներ համտեսել: Միթե միշտ ուրիշի հաշվին?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter