HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «Մի քանի նոր կադրեր ապացուցել են, որ կարող են մտնել կաբինետ և իրենց դնել նախորդի տեղը»

«Այն, որ պետական կառավարման համակարգի շատ մեծ տոկոսը շարունակում է մնալ իր տեղում, հեղափոխության ժամանակ տրված իմ խոստման շրջանակում է»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցադրմանը, թե հաճախ քաղաքական մեծամասնությունը քննադատության է ենթարկվում հին կադրերի համար, արդյոք այս հարցում կառավարությունն ունի ռազմավարություն սաբոտաժներից խուսափելու համար:

«Ես այդ խոստումը տվել եմ շատ ավելի վաղ, քանի որևէ մեկը լրջորեն կմտածեր, որ ստանձնելու եմ վարչապետի պաշտոնը, իսկ ես իմ տված խոստումները կարևոր եմ համարում»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` երբ ասել է, որ կադրային ջարդ չի լինելու, նկատի չի ունեցել, որ պետական համակարգը մնալու է նույնը:

«Բայց չենք էլ նկատի ունեցել, որ պետական կառավարման համակարգում եղած այս, այս, այս մարդուն պետք է փոխարինեն այս, այս, այս մարդիկ, հին կադրերին` նոր կադրեր: Ես ի սկզբանե համարել եմ, որ դա վատ մոտեցում է: Ցավոք սրտի, պետք է նաև խոստովանեմ, որ առնվազն մի քանի նոր կադրեր մի քանի օրվա ընթացքում ապացուցել են, որ կարող են մտնել կաբինետ և սկսել իրենց դնել նախորդի տեղը: Նույնիսկ ստիպված եմ եղել իմ նշանակած մարդկանց շատ արագ ազատել աշխատանքից` ամենամերձավոր թիմի ներկայացուցիչներին»,-ասաց նա:

Ըստ կառավարության ղեկավարի` մի քանի դեպքեր են եղել, երբ առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ նոր կադրերը կոռուպցիոն գործարքներում են եղել:

«Իմ ընկալածը ոչ թե այն է եղել, որ այս մարդուն պետք է փոխարինի այն մարդը, այլ մեր հեղափոխության գաղափարախոսությունն է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան մեզնից յուրաքանչյուրի ներսում, որի արդյունքում մենք կունենանք հանրային համաձայնություն: Սա գաղափարական հարց է, անուն-ազգանունով մարդկանց հարց չէ: Մենք ունենք հին կադրեր, որոնք էս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել, և ունենք նոր կադրեր, որոնք ապացուցել են, որ իրենց երազածը հների տեղում հայտնվելն է և նույն բաներն անելը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter