HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գալիք տեխնոլոգիական համակարգի հիմքում ընկած են մանիպուլյացիան և համոզելու արվեստը». Արման Ղարագուլյան

«Տեխնիկան ծագել է մարդու ծագմանը զուգընթաց. զենքի, տարբեր արհեստների, կենդանիների ուժի կիրառումը, առաջին անիվի, ավելի ուշ՝ ավտոմեքենայի ստեղծումը զուգահեռվել է մարդու պատմական հիշողության որևէ հատվածի»։                                                                                                                          Կարլ Յասպերս 

20-րդ դարի սկզբին պարզ դարձավ, որ տեխնիկան «ներխուժել է» հասարակական կյանք, առաջ եկավ «տեխնոլոգիական քաղաքակրթություն» հասկացությունը։ Գիտատեխնիկական առաջընթացը դարձավ ամենաընդունելի գործոնը՝ կյանքի որակական փոփոխման համար։ 1930-ականներին առաջ եկավ նաև «տեխնոկրատիա» հասկացությունը՝ իշխանության նոր ընկալում տեխնոկրատական հասարակության մեջ (նոր կառավարման համակարգ, որտեղ գերակշռում է տարբեր մասնագետների դերակատարումը)։

Որակապես փոփոխելով, հեշտացնելով մարդու կյանքը՝ տեխնիկան 20-րդ դարից թափանցեց մարդու ներաշխարհ և մոդիֆիկացրեց նրան։ Էկոլոգիական խնդիրների կողքին հայտնվեցին անհատական սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի խնդիրներ։ «Տեխնոլոգիան ինքն է ընտրում սեփական ուղղությունը, այն, ինչպես բնությունը, դարձել է կեցության միջավայր, որի նպատակը գոյություն ունի մարդկայինից անկախ»,-նկատել է ճապոնացի փիլիսոփա Իմամիչին։

Այսօր տեխնիկայի զարգացումը նպաստում է մարդկային անհատականության մասսայականացմանը, որն աստիճանաբար առավել մեծ թափ է ստանում։

Գիտատեխնիկայի զարգացմանը զուգընթաց մարդ-տեխնիկա-բնություն-հասարակություն փոխհարաբերությունների շուրջ զրուցել ենք Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Ղարագուլյանի հետ։

Գիտատեխնիկական զարգացման միտումը կարելի՞ է համարել տեխնոլոգիական առումով սոցիալական կայունության ապահովման գրավականը: Մարդկությունն այսօր ունի՞ այդ կայունությունը:

Տեխնիկական զարգացումը նպաստում է գիտության գործնական կիրառման արդյունավետացմանը, ինչի արդյունքում, ենթադրվում է, մարդու կյանքը պետք է հեշտանա: Եթե տնտեսական առումով կյանքը դառնում է ավելի նպաստավոր և ապահովված, մարդիկ` ավելի կուշտ և բավարարված, իհարկե, ըստ այդմ, հասարակությունը ձեռք է բերում որոշակի սոցիալական կայունություն: Այդուհանդերձ, եթե հիմնախնդրին մոտենանք հեռահար առումով, չենք կարող մարդկության կայունությունը, ողջ մարդկայինը հանգեցնել միայն կյանքի տեխնիկական ապահովվածությանը:

Մարդկությունն իր զարգացման համար այսօր օգտագործում է բավական վտանգավոր հարացույցներ: Օրինակ՝ տնտեսագիտության մեջ գոյություն ունի մի այսպիսի հասկացություն` «կայուն զարգացում», որը սերտորեն կապված է հենց գիտատեխնիկական առաջընթացի հետ: Այս հայեցակարգի հիմնական վտանգն այն է, որ չկա հստակ սահման` մինչև ու՞ր կարելի է և պետք է զարգանալ: Այդ առումով  հասկանալի են այն մոտեցումները, որոնք ժամանակակից տեխնոլոգիական հասարակությունը նմանեցնում են քաղցկեղով հիվանդ մարդուն: Ինչպես հիվանդությունը, «անհեռատեսորեն» օգտագործելով մարդկային օրգանիզմի ռեսուրսները, ի վերջո ոչնչացնում է այն միջավայրը, ինչի հաշվին ինքը գոյություն ունի, որովհետև զարգանում է անընդհատ և չունի հստակ նախանշված  վերջնասահման, այնպես էլ մարդկության` կայունության որոնումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների:

-Գերմանացի փիլիսոփա Կարլ Յասպերսն ընդգծել է, որ յուրաքանչյուր գյուտ, հայտնագործություն պետք է ծառայի մարդուն: Այսօր տեխնիկայի զարգացումն ուղղվա՞ծ է մարդու բարեկեցության ապահովմանը, թե՞ համաձայնենք որոշ փլիսոփաների այն կարծիքին, որ տեխնիկայի զարգացման միտումը «մաքուր» լինել չի կարող:

Երբ խոսում ենք գիտելիքի մասին առհասարակ, պետք է նկատի ունենանք, որ այն բարոյական տեսանկյունից չեզոք է: Գիտնականն իր լաբորատորիայում աշխատելիս պարզապես լուծում է տեսական կամ տեխնիկական կոնկրետ խնդիր: Առաջին ատոմային ռումբ ստեղծող ֆիզիկոսների խմբի խնդիրն, օրինակ, պարզելն էր, թե ինչպես կարելի է իրականացնել շղթայական միջուկային ռեակցիա. դա զուտ մեթոդի հարց էր: Մինչդեռ առաջին իսկ հաջող փորձարկումներից հետո նույն ֆիզիկոսների խումբը այս ոլորտում հետազոտություններն անմիջապես և մեկընդմիշտ   դադարեցնելու կոչով դիմեց ժամանակի խոշորագույն տերությունների ղեկավարներին: Այսինքն`բացի գիտելիքի լինել-չլինելուց` գոյություն ունի նաև նույն գիտելիքի  արժեքային կողմը. միևնույն դանակով կարելի է  և´մարդ փրկել, և´ մարդ սպանել:

Կ.Յասպերսն առաջ է քաշել նաև տեխնիկայի պատճառով մարդու` բնության նկատմամբ իշխանություն ձեռք բերելու հանգամանքը, որի հետևանքով խախտվում է մարդ-բնություն, մարդ-մարդ ներդաշնակությունը: Ստացվում է` սոցիալական մակարդակով մենք շահում ենք, իսկ անհատական մակարդակով` կորցնու՞մ:  

Ալբերտ Էյնշտեյնը մի անգամ նկատել է, որ թեև գիտության, տեխնոլոգիաների առումով մարդկությունը  մուտք է գործում 21-րդ դար, այնուամենայնիվ, իր հույզերով, ապրումներով այն շարունակում է մնալ քարե դարում: Այսինքն` մարդ տեսակի ձևավորման և կայացման պահից սկսած` նրա ներքին էության, բնական ռիթմերի  սկզբունքները չեն փոխվել: Մինչդեռ արդի տեխնոլոգիաները ստեղծում են բոլորովին այլ իրականություն, ինչին մարդկային օրգանիզմը, նյարդային համակարգը դիմանում են գնալով ավելի ու ավելի մեծ դժվարությամբ: Համաձայն մի հետաքրքիր տեսակետի` գիտատեխնիկական զարգացման արդի տեմպերը, ի վերջո, կարող են հանգեցնել այն բանին, որ հանձին մարդկային  հասարակության` մենք գործ կունենանք մեղվաբնի կամ մրջնաբնի մոդելի հետ, որտեղ խումբը` որպես ամբողջ, կլինի բացարձակ գերակա, իսկ այդ համատեքստում առանձին անհատը կզրկվի որևիցե արժեքից:

Այս պարագայում իմ հիմնական թեզը հետևյալն է. թեև տեխնոլոգիաները բազմաթիվ ձեռքբերումների և քաղաքակրթական  հսկայական ներուժի աղբյուր են և շարժիչ ուժ, այնուամենայնիվ, շատ դժվար է ասել, որ այս ամենն ի վերջո հանգեցնում է առանձին և յուրաքանչյուր անհատի ներքին զարգացածության: Վերջին հաշվով, որքան մարդ իր գործառույթների իրականացումը թողնում է կոնկրետ տեխնիկական միջոցներին, այնքան զրկվում է դրանք ինքնուրույնաբար իրականացնելու հնարավորությունից: Սա է պատճառը, որ շատ մտածողներ, բնութագրելով տեխնոլոգիաների դարաշրջանում ապրող մարդուն, վերջինիս անվանում են «միաչափ մարդ» կամ «մասնակի մարդ»:

Եթե համարենք, որ մարդը երջանիկ է զգում, երբ սոցիալիզացված է, իսկ գիտատեխնիկական առաջընթացը տալիս է սոցիալիզացված լինելու հնարավորություն, չպե՞տք է ենթադրենք, որ մարդը տեխնիկայի շնորհիվ կարող է իրեն երջանիկ զգալ:

Վիճելի է այն դրույթը, որ տեխնիկակական հագեցվածությունը կարող է մարդուն երջանկացնել: Եթե տեխնիկան լուծում է մարդու որոշ խնդիրներ, թեկուզ առաջին անհրաժեշտության, դա դեռ չի նշանակում, որ մարդուն տրվում է այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է ապրել: Կենսական առումով մարդը բավարարված է, բայց եթե անդրադառնանք նրա հոգևոր բավարարվածությանը, կտեսնենք, որ այն թերի է: Օրինակ` մարդը տեխնիկայի շնորհիվ շահում է ժամանակ, թվում է` նա այդ ժամանակը պետք է կիրառի կենսական նշանակության խնդիրներ լուծելու համար, այնինչ այդ ազատ ժամանակի ընթացքում նա իրեն նետում է ծուլության գիրկը: Մարդն աստիճանաբար դառնում է ավելի պասիվ ու անտարբեր շրջապատի նկատմամբ, կորցնում իր անհատականությունը: Եթե նախկինում, օրինակ, փիլիսոփայությամբ ավելի շատ զբաղվել են արիստոկրատները, որովհետև նրանք մտորումների համար ազատ ժամանակ են ունեցել, այսօր, թեև տեխնիկան մեզ տալիս է այդ ազատ ժամանակը, մենք այն ամենևին էլ չենք ծառայեցնում մեր մտածողության զարգացմանը:

«Տեխնոլոգիական» երջանկության հայեցակարգը վիճելի է նաև այն պատճառով, որ բացասաբար է անդրադառնում մարդ-մարդ հարաբերությունների վրա: Բերեմ մի զավեշտալի օրինակ: Մալայզիայի նախագահներից մեկը, այցելելով երկրի ծայրամասային շրջաններ և մտահոգվելով այնտեղ տիրող ծայրահեղ աղքատության և հատկապես՝ չափազանց բարձր ծնելիության մակարդակով, որոշում է ընդունում այդ շրջաններում անցկացնել կաբելային հեռուստատեսության… Կարծում եմ` հասկացաք: Ահա՛ թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաները կարող են ազդել անհատի հոգեբանության և վարքագծի վրա:

Փիլիսոփայության մեջ վաղուց գոյություն ունի այն տեսակետը, որ գիտատեխնիկական առաջընթացը չի նպաստում մարդկային բարքերի կատարելագործմանը: Պատկերացրեք` դեռևս 18-րդ դարում Ֆրանսիայում փիլիսոփայական էսսեների մրցույթ է հայտարարվել «Նպաստու՞մ է արդյոք գիտության և տեխնիկայի զարգացումը  մարդկային բարքերի կատարելագործմանը» թեմայով: Մրցույթը հաղթում է Ժան ժակ Ռուսսոն` դեռևս այն ժամանակ այս հարցին տալով բացասական պատասխան:

1930-ականներին առաջ եկավ «տեխնոկրատիա» հասկացությունը` որպես  իշխանության նոր ընկալում` ի դեմ տեխնիկայի: Կարո՞ղ ենք համարել, որ այսօր ևս, ի դեմ տեխնիկայի, մենք, ըստ էության, ունենք կառավարման տեխնոկրատական համակարգ:

Ըստ իս` տեխնոկրատական է այն հասարակությունը, որտեղ տեխնիկան  մարդկային գործունեությանն աջակցող միջոցից վերածվում է ինքնին նպատակի:

Քանի դեռ արտադրության և սպառման ծավալների անընդմեջ ավելացումը երկրի զարգացման առաջնային հրամայականն է, իսկ դա այսօր այդպես է, կարելի է համարել, որ իշխանությունն ունի տեխնոկրատական ուղղվածություն: Քաղաքակրթությունը տեխնոկրատիայի իշխանության ներքո կմնա այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական կայունության և բարգավաճման հայեցակարգը չի հավասարակշռվի համարժեք հոգևոր հարացույցներով:

Անգլիացի գրող Ջորջ Օրվելն ասել է, որ գալիք տեխնոլոգիական հասարակությունը կլինի տոտալիտար հիերարխիկ համակարգ` հիմնված վախի և ատելության վրա: Ի՞նչ է ցույց տալիս արդի գիտատեխնիկական առաջընթացը` կանխատեսումն արդարացի՞ է:

Օրվելի հետ կարելի է համաձայնել միայն այն մասով, որ նման տեմպերով ընթացքը ակնկալում է հասարակական համընդհանուր վերահսկողության նոր համակարգի ձևավորում, սակայն, այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ համակարգի հիմքում ընկած կլինեն ոչ այնքան վախը և ատելությունը, որքան մանիպուլյացիան և համոզելու արվեստը, այսպես ասած՝ հասարակության բեմականացումը: Ինչ-ինչ, բայց այս մի հարցում ժամանակակից տեխնոլոգիաները շատ կարողունակ են: Վերջին հաշվով, նույնիսկ այսօր, հաշվի առնելով այն իրողությունը, որ տեղեկատվական հոսքերը մեզ ռմբակոծում են առավոտից իրիկուն, մեր որոշումների ընդունման ազատությունը արդեն իսկ շատ դեպքերում պարզապես պատրանքային է: 

Աննա Բաբաջանյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter