
Երևանում մարտ ամսին օդի աղտոտվածության բարելավում տեղի չի ունեցել
Աշխարհի տարբեր երկրներում մարտ ամսին գրանցվել են օդի աղտոտվածության ցածր ցուցանիշներ: Շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնող կազմակերպություններն արձանագրում են, որ մոլորակը կորոնավիրուսային այս համավարակի օրերին մաքրվում է:
Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը դեռևս չի կարողանում ամբողջացնել մթնոլորտային օդի աղտոտվածության ցուցանիշները: Ավելի քան 15 օր առաջ արված հարցմանն ի պատասխան՝ հատվածական, մասնակի և թերի ցուցանիշներ են տրամադրվել մեզ, որոնք չեն ամբողջացնում մարտ ամսվա պատկերը հանրապետության ողջ տարածքում: Այդուհանդերձ, փորձել ենք վերլուծել տրամադրված ցուցանիշները և հասկանալ, թե Հայաստանի որ քաղաքներում են արձանագրվել բարելավումներ, որում` ոչ:
Հայաստանի ամբողջ տարածքում մոնիթորինգ է իրականացվում հիմնականում մթնոլորտային օդում փոշու, ծծմբի (ՏO2) և ազոտի (NO2) երկօքսիդների կոնցենտրացիաների չափման համար:
Ծծմբի երկօքսիդը մթնոլորտում առաջանում է ծծումբ պարունակող նյութերի այրմամբ, օրինակ` ածուխի և մազութի: Ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է, մթնոլորտում երկար ժամանակ է պահպանվում։
Այս նյութերը վնասակար են մարդկանց առողջության համար, հատկապես, եթե անցնում են սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ): Առաջացնում են սուր շնչառական, անոթային հիվանդություններ, ընդհուպ՝ քաղցկեղ:
«Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է իրականացնում մոնիտորինգն ու հավաքագրում տվյալները: ՊՈԱԿ-ը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ է:
Կենտրոնը հայտարարել է՝ կատարված դիտարկումների արդյունքները վկայում են, որ վերջին շաբաթներին (խոսքը մարտի մասին է) աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և տնտեսական որոշակի գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով: Օրինակ՝ Երևան քաղաքում, ըստ կենտրոնի, մարտ ամսին փոշու կոնցենտրացիան 31 տոկոսով նվազել է փետրվարի համեմատ:
Կենտրոնի` մեզ տրամադրած ցուցանիշները, սակայն, հակառակ արդյունքն են ցույց տալիս: Մարտ ամսին փոշու միջին ցուցանիշն ավելին է, քան փետրվարինը: Այդ մասին վկայում են նաև կենտրոնի հրապարակած գրաֆիկները, որտեղ ցուցանիշի բարելավում որևէ կերպ չի նկատվում:
Այժմ՝ ավելի մանրամասն: Փոշու սահմանված թույլատրելի կոնցենտրացիան 1 խորանարդ մետրում 0,15 մգ է: Այս տարվա հունվարին փոշու ամսական միջին ցուցանիշը ՍԹԿ-ի շեմին է հասել, փետրվարին այդ ցուցանիշը եղել է 0,13-ի սահմաններում, մարտին այն եղել է 0,14-ի սահմաններում, իսկ ապրիլի առաջին իննօրյակում` 0,12-ի: Հետևաբար, մարտ ամսին որևէ բարելավում չի գրանցվել, որոշակի փոփոխություն գրանցվել է միայն ապրիլի սկզբին:
Կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված այս գրաֆիկում դեղինով նշված են այս տարվա առաջին երկու ամիսներին փոշու միջին ցուցանիշները, որը, օրինակ, փետրվարին եղել է 0,12-0,15 միջակայքում:
Ստորև պատկերված գրաֆիկն էլ կենտրոնը տարածել է իր ֆեյսբուքյան էջում` հայտարարելով փոշու նվազման մասին, որտեղ Երևանի ցուցանիշների կանաչ գույնը (մարտ ամիսն է) ցույց է տալիս, որ այն եթե ոչ ավելի բարձր, ապա գոնե նույն տեղում է` 0,10-0,15 միջակայքում և ավելի մոտ` 0,15-ին:
Բացի դրանից, ինչպես երևում է առաջին գրաֆիկում, այս տարվա առաջին երկու ամսում, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, փոշու միջին կոնցենտրացիան օդում ավելի շատ է: Հետևաբար, սա ևս վկայում է, որ փոշու պարունակությունն օդում մարտ ամսին չի նվազել ո'չ նախորդ ամսվա, ո'չ էլ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ եւ չի հասել նույնիսկ անցած տարվա մարտի ցուցանիշին:
Եթե Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի նշած 31 տոկոս բարելավումը տեղի ունենար, ապա փոշու պարունակությունը 1 խմ-ում պետք է մոտենար գոնե 0,09 ցուցանիշին:
Այժմ դիտարկենք Երևան քաղաքում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունն օդում:
ԾԾմբի երկօքսիդի ՍԹԿ-ն 1 խմ-ում 0, 05 մգ է: Այս տարվա առաջին եռամսյակում այս միացությունը ՍԹԿ-ն չի հատել, 0,01-ի սահմաններում է: Սակայն նախորդ տարվա առաջին եռամսյակում ծծմբի երկօքսիդի ցուցանիշներն ավելի բարձր են եղել, թեկուզ կրկին ՍԹԿ շեմը չեն հատել: Բարելավում նկատվում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ազոտի երկօքսիդի ՍԹԿ-ն 1 խմ-ում 0,04 մգ է: Մարտ ամսին այդ ցուցանիշը Երևանում եղել է 0,03-ի սահմաններում և ավելին է, քան նախորդ երկու ամիսներին: Բացի դրանից, ազոտի երկօքսիդն այս տարվա առաջին եռամսյակում գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հետևաբար, ազոտի երկօքսիդի նվազում նույնպես չի արձանագրվել մարտին:
Երևանում կատարվում են նաև գետնամերձ օզոնի նմուշառումներ: Այս ցուցանիշը նույնպես էականորեն չի փոփոխվել:
Հաջորդ հրապարակմամբ կանդրադառնանք մարզերում օդի աղտոտվածությանը:
Մեկնաբանել