HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սերժ Սարգսյան. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը մասնակցել հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստը տևեց հինգ ժամ. սա հանձնաժողովի պատմության մեջ ամենաերկար նիստն էր: Նիստի ավարտին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց հանդիպումը:

«Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր: Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին»,-ասաց Սարգսյանը:

Պաշտոնաթող նախագահի խոսքով` լրագրողների հարցերին չի կարող պատասխանել ոչ թե այն պատճառով, որ կարող է գաղտնի տեղեկություններին անդրադարձ լինել, այլ որ նման կարևոր հարցերին չի ուզում ոտքի վրա պատասխանել:

«Իրար ընդհատելով՝ անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ մտածում, իսկ իմ նպատակը պարզ է` հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք, զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հասարակությունը հաղթել է»,- ասաց Սարգսյանը:

Նախկին նախագահը վստահեցրեց` արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո պատրաստ է մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել ապրիլյան պատերազմի վերաբերյալ ցանկացած հարցի: Նրա խոսքով` չի լինելու հարց, որի պատասխանը չի հնչելու:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս դրական գնահատեց պաշտոնաթող նախագահի հետ կայացած հանդիպումը: Հանդիպման սկզբում Սարգսյանն ասել է, որ առավելագույն չափով անկեղծ է լինելու:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն ընդունեց, որ բացթողումներ եղել են, Քոչարյանն արձագանքեց` իհարկե:

«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որը մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դա բոլոր հարցերի պատասխանները չեն, հարցերն ամբողջական կլինեն, երբ կլսենք նաև այլ պաշտոնյաների: Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված հիմնականում գրեթե ամեն ինչ հիշել է, ինչ հարցրել են հանձնաժողովի անդամները:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության նկարահանած ֆիլմի առնչությամբ, որտեղ Սարգսյանն ասել է, որ ոչ թե 800 հեկտար կորցրած տարածքի մասին է խոսք եղել, այլ 400, պրն Քոչարյանն ասաց. «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր: Ֆիլմում հնչեցված բազմաթիվ հարցեր փորձել ենք ճշտել, պարոն Սարգսյանն ասել է, որ ֆիլմի ռեժիսորի կողմից իրացված ֆիլմ է»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով` պաշտոնաթող նախագահին հարցրել են, թե որքանով է հակառակորդն իր առջև դրված խնդիրը կարողացել լուծել, արդյոք այդտեղ քաղաքական բաղադրիչ կա, թե ոչ, ինչքանով ենք պատրաստված եղել, որքանով են հետախուզության տվյալներն ամբողջությամբ արտացոլում այն իրավիճակը, որ շրջանառության մեջ կա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հետախուզությունը թերացել է, Քոչարյանն ասաց, որ այդ ամենն արտացոլված կլինի հանձնաժողովի զեկույցում, ապա հավելեց, որ եղել են բացթողումներ:

Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ Բակո Սահակյանը ևս ցանկություն է հայտնել մասնակցել հանձնաժողովի նիստին, ամենայն հավանականությամբ նա ևս կհրավիրվի:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչ հունիսի 4-ն է:

Լուսանկարները` Անի Սարգսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter