HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոմունալների փոխհատուցման ծրագիրը» չի վերաբերում խմելու ջրի սպառմանը. «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարությունը սկսել է քաղել իր գործունեության պտուղները

ՀՀ կառավարությունը 2020 թ. ապրիլի 13-ի թիվ 542-Լ որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, իսկ 2020 թ. ապրիլի 14-ի թիվ 550-Լ որոշմամբ էլ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որոնք ազգաբնակչության մոտ ստացան «Կոմունալների փոխհատուցման ծրագիր» անվանումը: Այս 2 միջոցառումների նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց՝ փոխհատուցելով վերջիններիս բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց փետրվար ամսվա վճարի 30-50 տոկոսը:

Հիշեցնենք, որ միջոցառումների շահառու են բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել էլեկտրաէներգիայի դեպքում՝ 10 000 ՀՀ դրամը, իսկ գազի դեպքում՝ 30 000 ՀՀ դրամը:

Այսպես, տարբեր գնահատականներով ՀՀ կառավարության թիվ 11 միջոցառման շահառուներն են 222 000 բաժանորդներ, իսկ թիվ 12-ինը՝ ևս 100 000 բաժանորդներ: Որպեսզի հասկանալի լինի միջոցառումների ֆինանսական գնահատականը, ամրագրենք ՀՀ կառավարության կողմից փոխհատուցման ենթակա գումարների առավելագույն մեծությունը, իսկ իրական մեծությունը ստանալու համար ստացված թիվը 11-րդ միջոցառման դեպքում բազմապատկենք 80 տոկոս գնահատվող ճշգրտման գործակցով, 12-րդի դեպքում՝ 50 տոկոս գործակցով (բնականաբար բաժանորդների փետրվար ամսվա սպառումը չի համընկնելու առավելագույն շեմին): Արդյունքում փետրվար ամսվա համար պետական աջակցության ընդհանուր գումարը կկազմի մոտ 2248.6 մլն ՀՀ դրամ, որը փոխանցվելու է ծառայություն մատուցող ընկերություններին («ՀԷՑ» ՓԲԸ, «Գազպրոմ-Արմենաի» ՓԲԸ):

Ինչպես օրինակ տեղեկացնում է aliq.ge կայքը, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ամբողջությամբ ֆինանսավորել իր բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարումները՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, աղբի և ջրի ծախսերը:

Փորձենք հասկանալ, թե մեր երկրում ինչու կոմունալներից դուրս մնացին աղբահանությունն ու խմելու ջրի ծառայությունները:

Աղբահանության վճարների գանձման ինստիտուտը մեղմ ասած կայացած չէ, այն  դեռևս կազմակերպվում է նախորդ դարի մեթոդներով ու շատ դեպքերում՝ նախորդ դարի փաստաթղթերով (ԽՍՀՄ ժամանակների ձևաթղթերով): Անընդունելի թափթփվածություն է, որ 21-րդ դարում աղբահանության գումարը գանձվում է բոլորիս հայտի «աղբի կնոջ» կողմից, կանխիկ դրամով՝ վճարման մասին բազմաթերթ մատյանում անհասկանալի նշագրումներ կատարելով ու որևէ քննադատության չդիմացող «վճարման փաստաթուղթ» տրամադրելով:

ԵՎ այս պայմաններում առավել քան հասկանալի է կառավարության քաղաքականությունը. անհասկանալի հաշվառմամբ հասույթների դիմաց վճարումների փոխհատուցումը դուրս է վերահսկողությունից: Ավելին, անհնար է աղբահանության վճարների հիման վրա տարանջատել սոցիալական խնդիրների առջև կանգնած բաժանորդներին, էլ չենք ասում, որ անհնար է անհատապես փոխհատուցել այդ խումբ մարդկանց:

Խմելու ջրի մատակարարում

Հարկ է նկատի ունենալ, որ ամսական 10 000 ՀՀ դրամից ավել գազի սպառում ունեցող բաժանորդի մոտ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների վճարը պետք է որ առնվազն գերազանցի 3000 ՀՀ դրամը: Սա աքսիոմա չէ, չեն բացառվում շեղումները, սակայն ամիսը 10 000 հազ ՀՀ դրամ գազի սպառում ունեցող բաժանորդը ծախսում է մոտ 72 խոր. մետր գազ: Գազասպառման նման ծավալ ունեցող բաժանորդը (ընտանիքը՝ բաղկացած մի քանի անձից) ամիսը առնվազն պետք է ունենա 15 խոր. մ ջրի սպառում կամ որ նույնն է՝ օրական 555 լ սպառում (նախկինում գործող իրավակարգավորումներով /ՀՀ կառավարության 22.01.2004 թ. թիվ 130-Ն որոշում/ մեկ անձի ծախսը հաշվարկվում էր օրական 200 լիտր, իսկ Երևան քաղաքում` 250 լիտր հաշվարկով): Միևնույն ժամանակ ՀՀ ՀԾԿՀ 30112016 թ թիվ 378-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման (այսուհետ` ջրամատակարարում) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» կանոնների 42 կետով սահմանվում է, որ առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 30 մ3 (օրական 1000 լիտր), որը համարժեք է 5400 ՀՀ դրամի:

Ուստի եթե ՀՀ կառավարության կողմից որպես խոցելի խումբ ընտրվեր նաև փետրվար ամսին առավելագույնը 2000 ՀՀ դրամին համարժեք ջրի սպառում ունեցող բաժանորդները, ապա վերջիններիս թիվը չէր գերզանացի այդ նույն 222 000-ը, իսկ դրա 50 տոկոս փոխհատուցման և 0.8 կշռման գործակցի պարագայում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին ՀՀ կառավարության կողմից վճարվելիք գումարը կկազմեր ընդամենը 177.6 մլն ՀՀ դրամ:

Միջոցառում Շահառու բաժանորդներ առավելագույն գումար /հազ.  ՀՀ դրամ/ կշռման գործակից Փոխհատուցման հնարավոր մեծություն
/հազ. ՀՀ դրամ/
Ջրի ծախսի փոխհատուցում      222 000           222 000 80%        177 600

Ակնհայտ է, որ սույն գումարն էականորեն փոքր է գազի ու էլեկտրաէներգիայի սպառման դիմաց բնակչությանը փոխհատուցվող գումարների մեծությունից: Հետևաբար օբյեկտիվորեն առաջանում է այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ կառավարության կողմից չի փոխհատուցվում նաև խոցելի խմբերի ջրի կոմունալ ծախսը: Դրա հետ կապված ունենք հետևյալ բացատրությունները.

  • ՀՀ կառավարությունն ուղղակիորեն չի վստահում «Վեոլիա ջուր» ՓԲԸ բաժանորդական բազայի տեղեկատվությանն ու այդ հիմքով հարցականի տակ դնում գումարների բաշխման հասցեականության հնարավորությունն ու անաչառ տեղեկատվության տրամադրումը: Այս ենթադրությունը միս ու արյուն է ստանում այն իրողություններում, երբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից տարբեր մարմիններ են ներկայացվում հաշվետվություններ ու միևնույն ամսվա միևնույն ցուցանիշը 5-6 հաշվետվություններում ներկայացված իրարից տարբեր 5-6 մեծություններով: 

Սա անկասկած «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարության 2017-2020 թթ գործունեության հետևանքն է:

  • «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դեռևս ոչ բոլոր բնակիչ բաժանորդների հետ է կնքել ջրամատակարարման պայմանագրեր: Սա էլ ջրամատակարար կազմակերպության հայաստանյան ղեկավարության հերթական թերացումն է, անգործությունը, որն ուղղակիորեն հարված է հասցնում «Վեոլիա» ապրանքանիշին: Ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հաշվետվությունների՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ծառայություն ստացող 664038 բաժանորդներից պայմանագրեր են կնքվել 501875-ի կամ 75.58%-ի հետ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» №379Ն որոշման 2-րդ կետով ի սկզբանե խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2017 թ. հունիսի 1-ը, այնուհետև
  • ՀՀ ՀԾԿՀ 24.05.2017 թ. №159Ն որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թ. դեկտեմբերի 31-ը, այնուհետև
  • ՀՀ ՀԾԿՀ 06.12.2017 թ. №519Ն որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թ. օգոստոսի 31-ը, այնուհետև
  • ՀՀ ՀԾԿՀ 08.08.2018 թ. №321Ն որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թ. հունիսի 1-ը, այնուհետև
  • ՀՀ ՀԾԿՀ 05.06.2019 թ. №191Ն որոշմամբ որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. մարտի 1-ը, այնուհետև
  • ՀՀ ՀԾԿՀ 04.03.2020 թ. №46Ն որոշմամբ որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը:
  • «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր ղեկավարության վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում ՀՀ կառավարության համար համարվում է անհուսալի գործընկեր, ում մասնակցությունը սոցալական աջակցության պետական ծրագրերին ուղղակի բացառվում է: Եթե մի կազմակերպություն փնտրում, գտնում ու ամենօրյա ռեժիմով կիրառում է ՀՀ օրենսդրությամբ չարգելված այնպիսի գործիքներ, որոնք ուղղված են բաժանորդների համար լրացուցիչ դժվարություններ ու ծախսեր ստեղծելուն /Վեոլիայի 14 կետանոց հայտնի նախապայմանը, ջրաչափերի ստուգաչափումը, ծառայությունների մատուցման որակը, անտեղի ու առանց ծանուցման ջրանջատումները/, եթե մի կազմակերպություն իր անգործությունը կամ սխալ գործունեությունը քողարկելու համար Ջրային կոմիտե է ներկայացնում կեղծ տեղեկատվություն, ապա ակնհայտ է, որ նման ոչ գործընկերային կազմակերպության հետ պետությունը երբևէ չի հայտնվի միևնույն հարթությունում:
  • «Վեոլիա ջուր» ՓԲԸ բաժանորդական բազայում նվազագույն ծախս ունեցող բաժանորդների տեսակարար կշիռը էականորեն տարբերվում է մյուս կոմունալ ծառայություններից, ինչը կասկածի տակ է դնում տեղեկատվության հուսալիությունը: Այսինքն ենթադրվում է, որ բաժանորդների ճնշող մեծամասնությունը ունեն ամսական մինչև 2000 ՀՀ դրամի ծախս ու ըստ այդմ կհամարվեին միջոցառումների շահառուներ: Եթե այդպես է, ապա սա մեկ այլ խորքային խնդրի ցուցիչ է՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ առևտրային շտեմարանում խեղաթյուրվում է իրական տեղեկատվությունը՝ դրանից բխող բոլոր կոռուպցիոն հետևանքներով: Ավելին, ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոմունալների փոխհատուցման հետ կապված պարզաբանումներ ներկայացնելիս շեշտեց, որ ընտրություն կատարելիս հիմնվել են մատակարար ընկերությունների շտեմարանների /բազաների/ տեղեկատվության վրա ու ըստ այդմ խոցելի խմբերին թիրախավորելու նպատակով ընտրվել է ամսական ծախսի դրամային մեծությունը: Ու ստացվում է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում տիրող անթույլատրելի բարքերի, թերի կառավարման ու ամենաթողության արդյունքում կրկին անգամ տուժում են սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող մեր քաղաքացիները:
  • ՀՀ կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել ջրամատակարարման ոլորտին և/կամ վրիպակի արդյունքում մոռացվել է խմելու ջրի մատակարարումը: Այս դեպքում ևս մեղավորը իրականությունից կտրված «Վեոլիա ջուր» ՓԲԸ բարձրագույն ու ֆինանսական ղեկավարությունն է, որը կա՛մ չի կարողանում իր ընկերության շահերը պատշաճ ներկայացնել ՀՀ կառավարությունում, կա՛մ ժողովրդական լեզվով ասած «դրա համար երես չունի»: Մինչդեռ Ըստ ՀԾԿՀ կայքում զետեղված հաշվետվությունների բնակիչ-բաժանորդները որպես մատուցված ծառայությունների դիմաց վճար 2019 թ. ամսական «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին են վճարել 1 մլրդ 275 միլիոն ՀՀ դրամ գումար և մեր հաշվարկներով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին հատկացվելիք գումարը՝ 177.6 մլն ՀՀ դրամը կազմում է ամսական հավաքագրումների ավելի քան 14 տոկոսը: ԵՎ ոչ նորմալ կառավարման արդյունքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ուղղակիորեն զրկվում է հնարավոր ֆինանսական հոսքերից՝ դրա դիմաց շարունակելով կուտակել դեբիտորական պարտավորություններ, որոնց հավաքագրումը մոտ ապագայում տեսանելի չէ:

Ո՞վ, եթե ոչ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենն իր ֆինանսական տնօրենի հետ պետք է ամենօրյա ռեժիմով ՀՀ կառավարության առջև բարձրացներ խմելու ջրի ծառայություններից օգտվող բնակիչ բաժանորդներին սոցիալական աջակցության տրամադրման հարցը, ո՞վ պետք է ջանք ու եռանդ չխնայեր իր կազմակերպության համար երաշխավորված դրամական մուտքեր ապահովելու համար:

 

Ամփոփելով վերոշարադրյալը փաստենք, որ ներկայացված ենթադրություններից գեթ մեկի իրական լինելու դեպքում մեղավորը բացառապես «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրինությունն է, ով իր հետևողական աշխատանքի արդյունքում ձախողվել է գրեթե ամենուր, ով չի դարձել ու դեռևս մնում է անվստահելի գործընկեր, ով շարունակաբար հրամցնում է իրարամերժ ու անարժանահավատ տեղեկատվություն:

Իսկ ո՞վ է տուժում «Վեոլիա ջուր» ՓԲԸ նմանատիպ տնօրինության առկայության պայմաններում.

  1. Սոցիալապես անապահով ՀՀ քաղաքացիները, ովքեր զրկվում են խմելու ջրի ծախսի մի մասի փոխհատուցման հնարավորությունից,
  2. ՀՀ կառավարությունը, ով իրարամերժ շտեմարանի ու ոչ արժանահավատ հաշվառման պարագայում անկախ իր ամենամեծ ցանկությունից չի կարողանում ձեռք մեկնել սոցիալապես անապահով խավին ու ինչ-որ կերպ մեղմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները,
  3. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, ով զրկվում է երաշխավորված գանձումից՝ դրա դիմաց կուտակելով անկանխատեսելի ապագայով հերթական դեբիտորական պարտավորություններ,
  4. Վեոլիա ԳՐՈՒՊ-ը, ով հայաստանյան իրականության մեջ ուղղակի հակասության մեջ է հայտնվում «առաջավոր համաշխարհային կազմակերպություն» եզրույթի տրամաբանության հետ,
  5. Հայաստանի Հանրապետությունը, քանի որ 177 մլն ՀՀ դրամով հնարավոր  կլիներ էականորեն բարելավել օրական մինչև 8 ժամ ջուր ստացող համայնքների ջրամատակարարման գրաֆիկներն ու ջրի որակը:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային վերահսկողություն» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter