HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու դեպք. պետությանը պատճառվել է ավելի քան 37 մլն դրամի վնաս

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր և մտերիմների անուններով գրանցել է 5 կազմակերպություն ու զբաղվել ապրանքների ներկրմամբ (եգիպտացորեն, ցորեն, գարի, բրինձ)։

Հարկման ընդհանուր համակարգից խուսափելու նպատակով Հ.Կ.-ն, համագործակցելով տարբեր անձանց հետ, իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը տարանջատել է մի քանի մասի և դրանք կազմակերպել իր կողմից փաստացի ղեկավարվող տարբեր ընկերությունների անուններով: Այդ եղանակով պայմաններ է ստեղծել հարկային հսկողությունից հնարավորինս աննկատ գործելու համար։

Ստացված օպերատիվ տեղեկությունների և կատարված վերլուծական աշխատանքների արդյունքների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ.Կ.-ին փաստացի պատկանող ընկերությունների միջոցով 2019թ. կեսերից մինչև 2020թ. փետրվար Հայաստան են ներկրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ: Խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները՝ մինչև ապրանքները ՀՀ պետական սահմանը հատելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չեն կազմվել և հարկային մարմին չեն ներկայացվել օրենքով սահմանված, ներմուծման հարկային հայտարարագրերը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է 37 մլն 320 հազ. 102 դրամ գումարի չափով վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով։

ՊԵԿ քննչական վարչությունում կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավար անձանց գործողությունները փաստացի կազմակերպվել ու ղեկավարվել են միևնույն անձի կողմից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նշված անձի կողմից նույնատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ առնչության վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Հ.Կ.-ին և նրա հետ համագործակցած անձանց։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter