HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծվաբերդի անտառտնտեսությունում ապօրինի ծառեր են հատվել. ոստիկանները փնտրում են ծառահատներին 

Արծվաբերդի անտառտնտեսության պահպանության գծով տնօրենի նախկին տեղակալ Նորայր Պապյանը ապրիլի 14-ին անտառտնտեսություն այցելության ժամանակ նկատել է 20-ից ավելի հատված ծառեր։ Ծառերը եղել են Նավուրի անտառպետության 6-րդ պահաբաժնում։

Նորայր Պապյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ հատված ծառերը հիմնականում նոր էին և մեծ մասամբ՝ հաճարենիներ։

«Հասարակ քաղաքացին չի կտրում։ Ծառահատումները կատարվում են և պահանջում են վերադասից, իհարկե իրենց վստահելի մարդկանց միջոցով, այդ համակարգը երևի միակն է, որ նախկին բարքերով է շարժվում։ Վերից վար կոռուպացված մի համակարգ է»,- ասում է նա։

Ծառերի հատումն արձանագրելու համար Նորայր Պապյանը երեկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի հետ գնացել է անտառտնտեսություն։ Սակայն նրանց հաջողվել է հայտնաբերել հատված ծառերից միայն մի քանիսը։ Նորայրն ասում է՝ անտառի տարածքը մեծ է, կտրված ծառերը` տարբեր հատվածներում, այդ իսկ պատճառով իրենց չի հաջողվել հստակ հայտնաբերել ապրիլի 14-ին իր տեսած այդքան ծառերը։

Որպես անտառտնտեսության նախկին աշխատակից՝ Նորայր Պապյանը պատմեց, որ իր աշխատելու շրջանում հատված մոտ 2000 ծառ է հայտնաբերվել։

Նորայր Պապյանը կարծում է՝ մշտապես հատված ծառերի մասին բարձրաձայնելու պատճառով էլ իրեն աշխատանքից ազատել են։ Նորայրին աշխատանքից ազատել են այս տարվա հունվարին՝ աշխատանքի ընդունվելուց մեկ տարի անց։

Թեև Նորայր Պապյանին աշխատանքից ազատել են բացակայություններ ունենալու հիմնավորմամբ, սակայն նա ընդգծում է՝ բացակաների գերակշիռ մասը անհիմն է եղել. այդ օրերին եղել է անտառում, կան աշխատակիցներ, ովքեր կհաստատեն դա, անգամ այդ օրերին իր անունից ակտեր են գրվել։

«Հաճախակի էի բարձրաձայնում անտառային խնդիրների մասին, ու իմ աշխատելու ժամանակ չէին կարողանում կոծկել։ Բացահայտում էի ապօրինի հատված ծառերը, իսկ դա իմ վերադասին «ձեռք չեր տալիս»։ Նրանք ուղղակի սովորել են նախկին ռեժիմի ոճով աշխատել, բազմիցս լինում էին անհամաձայնություններ իմ և վերադասի միջև, իսկ ես մնացել էի իրենց կոկորդներում»,- ասում է նա։

Նորայրը 2019 թվականի ապրիլին 15-ին անտառում ապօրինի ծառահատման դեպք էր արձանագրել, արդյունքում՝ ծառահատողները հարձակվել էին նրա վրա և բռնություն գործադրել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Նորայր Պապյանն ընդգծում է՝ «Իջևանյան դեպքերի» ժամանակ հասարակ քաղաքացին դուրս եկավ փողոց, քանի որ տեսնում էր, որ իրեն չեն թողում մտնի անտառ, իսկ ով արտոնություն ունի, ընդհանուր շահ թույլատրողի հետ, կարող է ծառահատում իրականացնել։

«Իմ կարծիքով` անտառը նաև բեռ է դարձել ոստիկանության համար. սրանք կտրում են, չբացահայտված ակտով հանձնում ոստիկանություն և վերջացնում՝ ասելով ապօրինի ծառահատում ենք բացահայտել։ Ստուգողներն էլ գալիս են, տեսնում ծառերը համարակալված են, ասում՝ դե, ամեն ինչ լավ է։ Այսինքն՝ տուժեց ոստիկանությունը, շահեց կոռուպացված անտառային համակարգը»,-ասում է Նորայր Պապյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը «Հետքի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց աշխատակիցներն անտառում տեղազննության արդյունքում հայտնաբերել են հատված չորս հաճարենի։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծառերը հատվել են ապօրինի։ Տեսչական մարմինը նախապատրաստված նյութերն այսօր փոխանցել է արդեն ոստիկանություն՝ ծառերը հատողներին հայտնաբերելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter