Շորժա տանող ճանապարհին կայանած մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով։
Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացան մարզային ոստիկանության գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։
Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք էր պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել