
«Օկուպանտի հոգեբանության» հետեւանքները
«Պետական կարիքների» անվան տակ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման շրջանակներում Երեւանի Կենտրոնից հարյուրավոր բնակիչներ բռնի տեղահանվեցին: Արդյունքում, ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Եվրադատարան են ուղարկվել բազմաթիվ հայցեր: ՀՀ կառավարությունը սկզբում կարծես ընտրել էր հաշտության ուղին, բայց հիմա ամեն ինչ փոխվել է, եւ հետեւանքնեը, ըստ ամենայնի, շատ ծանր են լինելու:
Ստրասբուրգ ուղարկված առաջին հայցերից մեկով` Գեւորգ Ճղրյանի գործով, երբ Եվրադատարանը ՀՀ կառավարությունից պարզաբանումներ պահանջեց, վերջինս իր քաղաքացուն առաջարկեց հաշտվել: Ճղրյանը ՀՀ պետբյուջեից 150 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցում ստացավ:
«Հետեւություն. երբ 2004 թ. Ճղրյանի գույքը անկախ փորձագետը գնահատել էր 185 հազար դոլար, այն պետք է վճարեր կառուցապատողը: Սակայն պետությունը` ի դեմս ԾԻԳ-ի, մտավ դատարան, եւ նրա պահանջով Ճղրյանին վտարեցին 47 հազար դոլարով: Այսինքն` Կառավարությունը, ի շահ կառուցապատողի, պետությանը վնաս հասցրեց, որովհետեւ հետագայում այդ 150 հազարը վճարեցին պետբյուջեից` բոլորիս գրպանից»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
Կառավարության հաշտվելու դիրքորոշումը, սակայն, պետբյուջեի համար չարյաց փոքրագույնն էր, քանզի հակառակ դեպքում Եվրադատարանի վճռով Կառավարությունը ստիպված էր լինելու, օտարված գույքի շուկայական արժեքից բացի, Ճղրյանին վճարել նաեւ պատճառած բարոյական վնասի համար: Իսկ այն, որ նման վճիռն անխուսափելի էր, դեպքերի հաջորդականությամբ հաստատվել է:
Նույնանման այլ հայցերով, մասնավորապես` Սեմերջյանների գործով, Եվրադատարանն արդեն իսկ վճռել է, որ ՀՀ կառավարությունը ոտնահարել է բնակիչների սեփականության իրավունքը: Այս վճռից հետո Կառավարությունը Սեմերջյաններին, ինչպես նրանց փաստաբան Լուիզա Գրիգորյանն է ասում, առաջարկել է մոտ 50 հազար դոլար արժողությամբ 1 սենյականոց բնակարան: Ընտանիքը չի համաձայնել, փոխհատուցման չափն այժմ որոշելու է Եվրադատարանը:
«Հավանաբար, այս տարվա ընթացքում Եվրադատարանի որոշումը կհրապարակվի»,- ասում է Լուիզա Գրիգորյանը եւ կարծիք հայտնում, որ փոխհատուցումն առաջարկվածից մի քանի անգամ բարձր կլինի:
Մինչեւ այս տարի ՀՀ կառավարության անունից Եվրադատարանի հետ գրագրության մեջ էր արդարադատության նախկին փոխնախարար, այժմ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրա հետ զրուցել «Հետքին» չհաջողվեց: Մեր զանգերին ի պատասխան` վերջինիս ընդունարանի աշխատակիցները նախ գրի էին առնում, թե ինչ հարցեր են մեզ հուզում, ապա խոստանում էին զանգահարել եւ հայտնել` Կոստանյանը համաձա՞յն է հարցազրույց տալ, թե՞ ոչ: Եվ այսպես մի քանի օր շարունակ:
Նշյալ գրագրությունների ընթացքում Գեւորգ Կոստանյանը Եվրադատարանից ժամանակ է խնդրել` հայցվորների հետ հաշտվելու համար: Օրինակ` Բուզանդի փողոցի երբեմնի բնակիչներ Բաղդասարյանների, Ղարիբյանների եւ Ղասաբյանների ընտանիքներին 2008 թ. Կոստանյանն իրենց ունեցածին համարժեք մակերեսով բնակարաններ է առաջարկել մի շենքում, որը պետք է կառուցվեր մինչեւ 2010 թ.: Ընդ որում` նա նշել է, թե մինչ այդ Կառավարությունը պատրաստ է ընտանիքներին ամսական 120 հազարական դրամ վճարել` բնակարան վարձելու համար: Բայց նորակառույցը մինչ օրս չի շահագործվել:
«Եթե բնակարանից հրաժարվում էինք, Կոստանյանն առաջարկում էր չնչին փոխհատուցում, կոնկրետ ինձ` 22 մլն դրամ: Սա արդեն խաբեություն էր. քաղաքի կենտրոնում 22 մլն-ով 140 քմ մակերեսով բնակարան չկա»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:
Մերժում ստանալուց հետո Կոստանյանը հիշյալ ընտանիքներին արդեն ավելի փոքր մակերեսով բնակարաններ է առաջարկել մեկ այլ շենքում, բայց պայմանով, որ նրանք վերադարձնեն վտարման ժամանակ իրենց տրամադրված փոխհատուցումը` մոտ 20 հազար դոլարը: Սակայն պարզվել է, որ առաջարկվող բնակարանները վաղուց արդեն վաճառված են:
«Հետաքրքիրն այն է, որ Կոստանյանը չէր նշում` այդ բնակարանները Կառավարությունը գնո՞ւմ է, թե՞ ոնց: Եթե գնում է, ապա ինչքանո՞վ»,- շարունակում է Ս. Բաղդասարյանը:
Փաստաբան Վահե Գրիգորյանը նկատում է` այն, որ Գ. Կոստանյանը այդ մասին չի նշել, կոռուպցիոն լրացուցիչ ռիսկեր է ստեղծում: Դա մի խողովակ է, որով պետբյուջեից կարելի է ուզածի չափ` «դույլով գումարներ» կորզել:
«Գումար չեն նշում, վաղն էլ ուզած թիվը կտան կառուցապատողին եւ կասեն` Եվրադատարանի վճիռն ենք կատարում»,- ասում է փաստաբանը: Ըստ Վ. Գրիգորյանի` հնարավոր է նաեւ, որ Կառավարությունը առաջարկվող տները կառուցապատողից կրկնակի, եռակի թանկ է գնում, բայց քաղաքացուն գումարային տեսքով նույն բնակարանի դիմաց ավելի քիչ է առաջարկում, որովհետեւ իրականում կառուցապատողն ինքն է` Կառավարության ներսի ազդեցիկ մարդը:
Վտարված բնակիչներից քանիսի՞ գանգատն է հասել Ստրասբուրգ: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը խորհուրդ է տալիս տեղեկանալ Եվրոպական դատարանի կայքէջից: Բայց այստեղ նշվում են միայն այն գործերը, որոք ընդունվել են վարույթ, եւ Կառավարության հետ գրագրություն է սկսվել: Փոխանցելով այս հարցով ներկայիս պատասխանատուի` արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանի ասածները` Քալանթարյանը նշում է, թե 19 գործով գրագրություն է վարվում, որից մեկը ճանաչվել է անընդունելի: Վերջ, այլ տեղեկություն չեն հայտնում. «գաղտնիք է»:
Ունեզրկման գործերով միայն 20-ից ավելի հայց Եվրադատարան է ներկայացրել փաստաբան Վահե Գրիգորյանը: Դրանցից ոչ մեկով (ինչպես վերը նշված ընտանիքների դեպքում, որոնց փաստաբանը Վ. Գրիգորյանը չէ) Կառավարության հետ հաշտություն չի կնքվել, որովհետեւ, ինչպես Գրիգորյանն է ասում, «Կառավարության առաջարկներում համարժեք փոխհատուցման ոչ մի տարր չկա»:
«Իրենք էլ գիտեն` մեծ հավանականությամբ բոլորի դիմումները բավարարվելու են: Միակ նենգ գործելաոճը, որ Կառավարությունը կիրառում է բոլորի նկատմամբ, ժամկետները ձգձգելն է: Այսինքն` ամեն ինչ արվում է, որ այս մարդիկ (որոնց ճնշող մեծամասնությունը թշվառության մեջ է, 6 տարի է` ապրում են վարձով) հուսահատված ինչ-որ լուծման գնան, հաշտություն կնքեն առաջարկվող ստրկացուցիչ պայմաններով»,- ասում է Վահե Գրիգորյանը:
Բուզանդի 15 հասցեում` արտգործնախարարության հարեւանությամբ գտնվող սեփական տնից (մոտ 50 քմ բնակմակերես + 80 քմ հող) Վահանյաններին 2006 թ. վտարել են մոտ 40 հազար դոլար փոխհատուցմամբ: Եվրադատարան ներկայացրած հայցով նրանք պահանջում են ավելի քան 600 հազար եվրո փոխհատուցում: Ընդ որում` հաշվարկն արվել է ոչ միայն անկախ գործակալությունների տրամադրած գնահատման, այլեւ նույն տարածքի նորակառույցի բնակարանների վաճառքի միջին գնի հիման վրա:
Վահանյաններին արված փոխհատուցման անորոշ եւ անհասցե առաջարկից հետո անգամ Գեւորգ Կոստանյանը Կառավարության անունից համաձայնել է, որ Եվրադատարանն ինքն առաջարկի հաշտության պայմանները:
«Կինս ծանր հիվանդ էր, իսկ երկու երեխաներս անչափահաս են: Բելգիայում բուժվելու դեպքում հնարավոր էր կնոջս կյանքը առնվազն 10 տարով երկարացնել»,- մանրամասնում է Զոհրաբ Վահանյանը: Իսկ փաստաբանը հավելում է, որ այս մասին հայտնել է Եվրադատարանին, ինչի արդյունքում որոշ չափով գործընթացն արագացվել է:
«Կառավարությանն էլ եմ տեղեկացրել, որ կինը հիվանդ է, նրանք տուն չունեն, եւ նա կարող է այս գործընթացի վերջը չտեսնել: Մի կողմ թողած բոլոր իրավական վեճերը` ինչ-որ բան չե՞ք ուզում անել,- հիշում է Գրիգորյանը,- բայց միեւնույն է, եթե ինչ-որ հարցով Կառավարությանը ժամկետ էր տրվում, սպասում էին մինչեւ վերջին օրը, նոր միայն պատասխանում»:
8 ամիս առաջ Եվրադատարանը կողմերին առաջարկել է խնդիրը հանգուցալուծել 75 հազար եվրո փոխհատուցմամբ: Գեւորգ Կոստանյանը դարձյալ վերջնաժամկետին է ստորագրել Կառավարության պատասխանը, որը Ստրասբուրգ է հասել 20 օր ուշացումով: Ընդ որում` Վահանյանները Կառավարության դիրքորոշման մասին տեղեկացել են Եվրադատարանից: Կոստանյանը հայտնել է, թե 75 հազարի առաջարկն ընդունում են, բայց դրանից պետք է հանեն Վահանյաններին ժամանակին տրված մոտ 40 հազար դոլարը:
Ի պատասխան` Եվրադատարանը չի էլ սպասել Վահանյանների արձագանքին: «Դատարանից գրեցին` քանի որ ձեր Կառավարությունը նման պայմաններ է առաջ քաշում, համարում ենք, որ հաշտություն կնքել հնարավոր չէ, սպասեք վճռի»,- պատմում է Զոհրաբը: Մոտ 1 ամիս անց` ապրիլի 3-ին, նրա կինը մահացել է:
Անցյալ ամիս մահացել է նաեւ Աբովյանի 3/2 հասցեի համասեփականատերերից մեկը` այդպես էլ չտեսնելով Եվրադատարանում քննվող գործի ելքը: Այս քանդված տան տեղը մինչեւ հիմա շինարարություն չեն սկսել: Աբովյանի 3/2 հասցեն օտարված ոչ մի գոտում ներառված չէ, բայց ներպետական դատարանները, հղում անելով Գլխավոր պողոտային վերաբերող Կառավարության համապատասխան որոշմանը, տունը սեփականատերերից խլել են:
«Փոխանակ այս ընթացքում քաղաքացիների հետ ողջամիտ առաջարկություններով բանակցություններ վարեին, առավոտից իրիկուն պետական ռեսուրս են ծախսել ու հիմար-հիմար առարկություններ ներկայացրել: Նաեւ ամոթ է, որ իմ (որպես ՀՀ քաղաքացի) Կառավարությունը նման անգրագետ դիրքորոշումներ է ներկայացնում: Այսքան ժամանակ ունեզրկման գործերով Կառավարության որեւէ առարկություն չի ընդունվել»,- ասում է Վահե Գրիգորյանը: Ըստ նրա` այս ձգձգումներով ՀՀ կառավարությունն իրականում որեւէ բան չի շահում, պարզապես սպասվելիք հետեւանքները «նրա գլխին են թափվելու միանգամից»:
Ի՞նչ է սպասվում վաղը
Միայն փաստաբան Վահե Գրիգորյանը Եվրադատարանին փոխհատուցման մոտ 30 մլն եվրոյի պահանջ է ներկայացրել, որը, նրա կարծիքով, անպայման բավարարվելու է:
Նշելով, որ օտարման գործընթացը սկսել է երկրորդ նախագահը՝ փաստաբանն ասում է, թե Քոչարյանի կողմից «օկուպանտի հոգեբանությամբ քաղաքացիներից նվաճված հողերը», եթե վաղը նշյալ հայցերը բավարարվեն, շատ ավելի լուրջ խնդիրների պատճառ են դառնալու:
«Եթե Եվրոպական դատարանը հայցերը բավարարեց, իրավատերերը ներպետական ատյաններում նոր վեճ են բացելու, եւ այդ ամենն այդքան էլ միանշանակ չէ, թե մարդկանց ձեռքից ունեցվածքը խլեցին, հանձնեցին մեկ ուրիշի, ու հարցը փակվեց: Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ իրենք շենքը կկառուցեն, կվաճառեն ու կքաշվեն մի կողմ, սխալվում են: Այս խմորը շատ ջուր է քաշելու,- ասում է փաստաբան Գրիգորյանը:- Վաղը վիճարկվելու է նաեւ բնակարանները գնողների սեփականության իրավունքը, եթե պարզվեց, որ հողը, որի վրա կառուցվել է նրա սեփական բնակարանը, պատկանում է ուրիշին»:
Լուսանկարները՝ pkz.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել