
Վիրահատությունից հետո այսօր աշխատանքի վերադարձած Աննա Դանիբեկյանը երկուշաբթի օրվանից մեկնում է արձակուրդ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն, ով մեկ ամիս առաջ վիրահատվել էր, այսօր վերադարձել է աշխատանքի, իսկ երկուշաբթի օրվանից մեկնում է արձակուրդ։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատարանի աշխատակազմից։ Դատավորն արձակուրդում կլինի մինչև մայիսի 7-ը, իսկ մայիսի 8-ին նշանակվել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ։
Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակվում է դատավորների՝ տարվա ընթացքում պլանավորված արձակուրդի ժամանակացույցը։ Աննա Դանիբեկյանի արձակուրդի ժամանակացույցը, սակայն, այս պահին տեղադրված չէ։ Դատաավոր Դանիբեկյանի աշխատակազմից հետաքրքրվեցինք՝ նա պլանավորված արձակուրդի է մեկնում, թե՞ իր հաշվին է արձակուրդ վերցրել, ինչին ի պատասխան հայտնեցին, որ արձակուրդն իր հաշվին չէ, պլանավորված է։
Կապ հաստատեցինք նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանի հետ։ Վերջինս ասաց, որ դատավոր Դանիբեկյանը արձակուրդ է մեկնում՝ կապված հետվիրահատական բարդությունների հետ։ Մեր դիտարկմանը, որ դատարանի աշխատակազմից հայտնում են, որ արձակուրդը պլանավորված է, Ասլանյանը պատասխանեց. «Այսօր է պլանավորվել՝ հաշվի առնելով, որ վիրահատությունից հետո խնդիր ուներ, կապաքինվի և կվերադառնա աշխատանքի»։
Նշենք, որ Դանիբեկյանը հիվանդության թերթիկ է բացել մարտի 13-ից։ Մարտի 17-ին նշանակված էր Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում Քոչարյանի պաշտպանները պատրաստվում էին նրան անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել։ Առ այսօր, փաստորեն, գործով դատական նիստ տեղի չի ունեցել, և նիստեր չեն լինի մինչև մայիսի 8-ը:
Մեկնաբանել