HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Վերադարձ դեպի «քարանձավ». սոցիալական հարաբերությունները Covid-19 համավարակի պայմաններում

«Հետքը» զրուցել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանի հետ

Պրն Աթանեսյան, աշխարհը գլոբալ անջատման (global lockdown) մեջ է, եւ բոլորին հիմնականում հուզում է դրա աղետալի տնտեսական հետեւանքը։ Կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսական կարգը կփոխվի կորոնավիրուսի համավարակից հետո։ Կփոխվե՞ն, արդյոք, հասարակական եւ սոցիալական կարգերը, եւ ո՞ր ուղղությամբ նկատելի տեղաշարժեր կլինեն։

Շատ շնորհակալություն հետաքրքիր հարցերի/դիտարկումների համար, դրանք արդեն տեսակետներ են և թույլ են տալիս ոչ թե պնդումներ անել, այլ այս բարդ հարցերի մասին մասնագիտական երկխոսություն ծավալել։

Ինչ վերաբերում է գլոբալացման միտումների քննարկմանը՝ որպես սահմանափակվող, անգամ՝ ավարտվող գործընթացի․տնտեսական հարաբերությունների ոլորտում գլոբալացումը պատմական գործընթաց է, այն սկսվել է վաղ անցյալում և չի ընդհատվի, քանի որ փոխշահավետ է։ Այսօր գրեթե չկան երկրներ, որոնց տնտեսությունն ինքնաբավ է (ապահովում է պետության բոլոր կարիքները և կարիք չունի արտաքին ռեսուրսների և փոխանակման), իսկ հարաբերականորեն փակ երկրների (օրինակ՝ Հյուսիսային Կորեա) տնտեսական իրավիճակին դժվար թե կարելի է նախանձել։

Բացի այդ, գլոբալացումն է՛լ ավելի է խորանալու տեղեկատվահաղորդակցական բնագավառում՝ համացանցի աճող օգտագործման, առցանց առևտրի, սոցիալական ցանցերի և այլնի աճող սպառման հետևանքով։ Այս իմաստով Covid-19-ը ոչ թե մարդկանց՝ տներում «փակվեու» պատճառ է, այլ՝ հերթական ազդեցիկ գործոնը․մարդիկ վաղուց են սկսել փակվել տներում՝ սնունդն ու ապրանքները պատվիրել տնից, սովորել տնից, շփվել տնից, անգամ՝ ծանոթանալ ու սիրահետել տնից։ Համալսարանների մեծ մասը վաղուց արդեն սկսել է անցումը դեպի հեռահար կրթություն, իսկ մի շարք նոր մասնագիտությունների ներկայացուցիչներ (ծրագրավորողներ, դիզայներներ, բլոգերներ և այլն) աշխատել են տնից։ Covid-19-ն արագացրեց դեպի տուն վերադարձի գործընթացը։ Իհարկե, համավարակի տարածումը սահմանափակելու առումով ֆիզիկական հեռավորություն ապահովելն անհրաժեշտ է, սակայն այստեղ մենք խոսում ենք այսօր գրեթե չկառավարվող՝ տևական սոցիալական հեռավորության բացասական հետևանքների մասին։

Հետաքրքիր է, որ քաղաքակրթության ամբողջ պատմությունը տեղի է ունեցել հակառակ ճանապարհով՝ քարանձավից դեպի դուրս, այդ թվում՝ դեպի իրավունքներ և հնարավորություններ։ Այժմ մարդիկ սկսել են վերադառնալ դեպի հետ՝ իրենց «քարանձավը»՝ արտաքին աշխարհի և այլ մարդկանց հանդեպ վախերով, սնունդ ճարելու խնդրով, սահմանափակ աշխարհայացքով՝ «քարանձավային մտածողությամբ»։ Եվ մոլորություն է մտածել, որ տանը նստած մարդն ավելի պաշտպանված է․ հակառակ դեպքում մարդկությունը քարանձավից ի սկզբանե դուրս չէր գա։

Եթե համավարակի հետեւանքով խորանա բեւեռացումը հասարակական տարբեր շերտերի միջեւ, ի՞նչ սոցիալական դրսեւորումների դա կհանգեցնի։

Ցանկացած բևեռացում կոնֆլիկտի սկիզբ է և բախման պատճառ։ Այդ պատճառով ցանկացած արդյունավետ քաղաքական իշխանություն պետք է աշխատի հասարակության մեջ հնարավոր բևեռացման ռիսկերի կանխարգելման, դրանց չեզոքացման ուղղությամբ։ Շատերի համար ԶԼՄ-ներն ու համացանցն այսօր արտաքին աշխարհի ու անգամ անմիջական միջավայրի մասին տեղեկատվական միակ աղբյուրն են, որ չես կարող ստուգել՝ փողոց դուրս գալով։ Քանի որ մարդիկ հիմնականում տանն են, ու յուրաքանչյուր գրված կամ ցուցադրված նյութ իրենց համար ավելի կողմնորոշիչ է, քան՝ սովորական պայմաններում, կարևոր է խիստ պատասխանատու և հիմնավոր լինել՝ հասարակության հետ շփման ընթացքում։ Սա առաջին հերթին վերաբերում է քաղաքական իշխանության ներկայացուցիչներին, ովքեր այսօր պետք է անհապաղ դադարեցնեն իրենց կոնֆլիկտային խոսելաձևն ու վարվելաձևն ԱԺ հարթակում, կառավարության նիստերում, սոցիալական ցանցերում՝ նման «աշխատաոճով» է՛լ ավելի սրելով բնակչության խուճապային տրամադրությունը։ 

Covid-19-ը մեր պետության համար արտաքին սպառնալիք է, ուստի բնական ու արդյունավետ կլիներ բոլոր քաղաքական ուժերի, պետության և հասարակության միավորումը, համահունչ գործունեությունն ու փոխաջակցությունը, սա ճգնաժամային պայմաններում հատուկ է անգամ կենդանական աշխարհին։ Մինչդեռ ազգային լրատվահոսից հակառակն ենք տեսնում․առանձին անձանց կոնֆլիկտային ինքնահաստատում իշխանության մարմինների, եկեղեցու, ներկա և նախկին ղեկավարների արժեզրկման, հասարակական կարծիքի չարաշահման միջոցով, այս ամենի պարզունակ ու ակնհայտ օգտագործում սեփական կարգավիճակն արդարացնելու համար։ Ինձ համար՝ որպես մասնագետի և քաղաքացու, այս ամենն ավելի մտահոգիչ է, քան՝ Covid-19-ը։ 

Ի՞նչ ազդեցության կամ տրանսֆորմացիայի կենթարկվեն միջանձնային հարաբերություններն ու շփումները։

Ինչպես արդեն նշել էի՝ մարդու սոցիալական մեկուսացման կամ օտարման գործընթացը սկսվել է ոչ թե համավարակի, այլ շատ ավելի շուտ՝ սոցիալական հարաբերությունների ռացիոնալացման, այսինքն՝ հաշվարկի և նպատակայնության հենքով հարաբերություններ կառուցելու հետևանքով։ Սոցիալական հարաբերությունների բանական մշակույթը՝ զգացմունքներին և սոցիալական կապերին երկրորդային դեր հատկացնելը, հաշվարկելը, կարգապահությունն ու օբյեկտիվությունը առաջին պլան բերելը, աշխատանքային հարաբերությունների խիստ տարանջատումն անձնական հարաբերություններից և աշխատանքին, կարիերային առաջնային տեղ հատկացնելը, ծնողական ընտանիքից վաղ տարիքում բաժանվելն ու ինքնուրույն կյանք կառուցելը՝ առանց ծնողների ու հարազատների օգնության, ամուսնական պայմանագիր կնքելն ու ընտանիքի պլանավորումը, և այլն, անձին ավելի ինքնաբավ, անկախ և ինքնուրույն, սակայն՝ ավելի մեկուսի են դարձնում։ Նման կենսակերպը լայն տարածված է արևմտյան քաղաքակրթության երկրներում։ Համավարակի պայմաններում տանը մնալու պահանջն այդպիսի հասարակություններում ընկալվում է որպես անհրաժեշտություն, կարգապահական պահանջ, միմյանց հարգելու և սեփական անձը պաշտպանելու մշակույթի հերթական դրսևորում։

Ի տարբերություն՝ արևելյան տիպի հասարակություններում (որոնցից ընդհանուր առմամբ մեկն է հայաստանյան հասարակությունը՝ որոշակի առանձնահատկություններով), սոցիալական հարաբերություններն ու մշտական բազմապիսի հաղորդակցումը ծանոթ-անծանոթների, հարևան-բարեկամ-ընկեր-գործընկերների հետ ամենատարածված վարքաձևեր են։ Հայաստանյան և նման տիպի մշակույթներում անձնական կյանքն ի ցույց է դրվում (եթե ցույց չտաս՝ չեն իմանա, թե ով ես), անձնական կյանքի և ընտանեկան-բարեկամական շահերը համարվում են գերակա աշխատանքային պարտավորությունների, պետական շահերի, օբյեկտիվության, կարգապահության հանդեպ, իսկ զգացմունքային ու պահի տրամադրությամբ պայմանավորված որոշումների ընդունումը նորմալ երևույթ է։ Նման հաղորդակցական բազմապիսիությունն ու արտաքին միջավայրին (լսարանին) ուղղված վարքագիծը տան պատերի մեջ խցկելը շատ ավելի դժվար է, քան՝ արևմտյան տիպի մշակույթի դեպքում։

Միևնույն ժամանակ, հատկապես երևանցիների կենսակերպն էր ֆիզիկապես ավելի շուտ պասիվ, քան՝ ակտիվ սոցիալական կյանքը․ընկեր-ընկերուհիների հետ հավաքվել, նստել ու «մի կտոր հաց ուտել», գնալ առևտրի կենտրոն «շոպինգ» անել ու այնտեղ էլ նստել՝ «մի բան ուտել», տանը միջոցառում անել՝ հավաքվել ու «մի լավ քեֆ անել» և այլն։ «Ակտիվության» նման ձևերը տուն տեղափոխելն ավելի հեշտ է․չի բացառվում, որ ոմանք տանը նստելով՝ շարունակելու են «հաց ուտել»՝ զուգահեռաբար Skype-ով կամ Facebook-ով հաղորդակցվելով էկրանի հակառակ կողմում նստած իր ընկեր-ընկերների հետ՝ ստեղծելով թվացյալ տպավորություն, թե միասին են հաց ուտում կամ խմում։

Վերջապես, ի տարբերություն արևմտյան մշակույթների, որտեղ մշտական ֆիզիկական ակտիվությունը՝ մարզվելը, առավոտյան վազելը, սննդակարգին հետևելը, առողջ ապրելաձևը և այլն համատարած երևույթներ են, հայաստանյան մշակույթում դրանք ավելի շատ բացառություն են և վերջին տարիներին են սկսել մոդայիկ դառնալ։ Սակայն տանը երկարատև նստելը միանշանակ զանգվածաբար և բացասաբար կանդրադառնա և՛ արևմտյան, և՛ արևելյան տիպի հասարակությունների ներկայացուցիչների ֆիզիկական առողջության վրա, եթե յուրաքանչյուրն իր տանը և ընտանիքում չսահմանի մարզվելու՝ իր համար հնարավոր և ընդունելի օրակարգ և սննդակարգ և դրան կարգապահորեն չհետևի։

Դարձյալ, ցավոք՝ հասարակություններն այդ հարցում թողնված են սեփական մոտեցումներին և հնարավորություններին, և իրենց պետությունների ղեկավարներն այդ հարցում որևէ օրինակելի, առաջնորդող դերակատարում չեն ստանձնել։

Չինաստանում համավարակի ճգնաժամի հաղթահարումից հետո հայտնի դարձավ, որ մեկուսացման հետեւանքով կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը։ Հնարավո՞ր է, որ այս միտումը տարածվի աշխարհով մեկ։ Կամ հակառակը տեղի ունենա` սերտ շփման արդյունքում ընտանիքներն ամրանան եւ աճի ծնելիության ցուցանիշը։

Այսօր շատ տարածված է բոլոր հիմնախնդիրները պատճառաբանել Covid-19 համավարակով։ Մինչդեռ արդեն վաղուց է, որ ծնելիությունն ուղղակիորեն կապված չէ ամուսնության, ամուսնությունը և ամուսնալուծությունը՝ տանը նստելու կամ չնստելու հետ։

Այլ բան է, որ մշտապես տանը նստելը շատերի համար անսովոր է, իրենց կամքին հակառակ, և խախտում է իրենց ակտիվ կենսակերպը, արտաքին սոցիալական հարաբերություններն ու գործունեության օրակարգը։ Մարդու կամքին հակառակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն սթրեսի պատճառ է դառնում, որը ժամանակի ընթացքում, եթե որոշ միջոցներ չձեռնարկվեն, կարող է սրվել։ Այդ միջոցառումները պետք է իրականացնել հանրային մակարդակում՝ օգտագործելով առկա փորձը։ Օրինակ՝ Խորհրդային Միության, Գերմանիայի և մի շարք այլ երկրների պետական հեռուստաընկերությունները պատրաստում և ցուցադրում էին օտար լեզուների, խոհարարական արվեստի, տան տեխնիկական խնդիրները լուծելու հմտությունների, մարզանքի, ինչպես նաև զարգացնող՝ գրականության և արվեստի մասին հանրամատչելի ուսուցանող հաղորդաշարեր։ Թե ինչու՞ այսօր ստեղծված հանրային սթրեսի նման կարգավորումներ չեն իրականացվում՝ ինձ համար մեծ հարց է։ Թողնելով մարդուն մեն-մենակ իր վախերի ու բացասական տեղեկատվության հետ, օրեցօր բազմապատկելով և խորացնելով այդ վախերը՝ նպաստում ենք մոտ ապագայում ինքնասպանությունների, հանցագործությունների, ընտանեկան և հանրային կոնֆլիկտների և բռնության, թմրամոլության և ալկոհոլիզմի կտրուկ աճին։

Նոր իրավիճակում շեշտակի աճել է թվային տեխնոլոգիաների տեղն ու դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ձեր կարծիքով՝ համավարակի հաղթահարումից հետո դրանց զգալի ներկայությունը մարդկանց կյանքում կշարունակվի՞, թե մարդիկ հոգնած կլինեն ու ինչ-որ չափով կհրաժարվեն դրանցից։

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տարածումը սկսվել է վաղուց, և շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից։ Համավարակն առիթ է՝ իրական կյանքի վիրտուալացումն արագացնելու և խորացնելու։ Համապատասխանաբար, տեղեկատվական իշխանություն ունեցողները համավարակի իրավիճակում միանշանակ շահելու են։

Մի կողմից, ստեղծված իրավիճակը նպաստելու է մասնագիտությունների վերանայմանը՝ կարևորելով իրական բարիքներ և արժեքներ ստեղծողներին, ում գործունեությունն ուղղակիորեն նպաստում է հանրային անվտանգությանը, մարդկանց կյանքին և առողջությանը։ Սպասարկման ոլորտի ավանդական մասնագիտությունները հետին պլան են մղվելու կամ տեղափոխվելու են վիրտուալ տարածք՝ է՛լ ավելի նպաստելով տեղեկատվական տեխնոլոգիաների զանգվածային սպառմանը և դրանք ապահովող սուբյեկտների հարստացմանը։

Մյուս կողմից, տանը մնալու տևական իրավիճակը յուրաքանչյուր օր է՛լ ավելի է ընդլայնում մինչ այդ արդեն տարածում ստացած՝ առցանց խանութներից առևտուր անելու սովորությունը, որն իր հերթին նպաստում է սպառողական վարքի խորացմանը։ Սպառողական վարքը՝ տանը նստած մարդու կողմից լայն սպառման ապրանքների, սննդի, հագուստի, տեղեկատվության, ընկերների, այլ ծառայությունների պատվիրումը և ստացումը՝ այդ ուղղությամբ որևէ իրական ջանք չգործադրելով, ստեղծում է մի կեղծ տպավորություն, թե այս աշխարհում ամեն ինչ հեշտ է և մատչելի։ Նման նստակյաց և պասիվ-կոմֆորտային իրավիճակին սովորելը հեշտ է, հետ վարժվելը՝ շատ դժվար։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները մարդկանց տանը պահելու համար «վախի» որոշակի զգացողություն են ներշնչում։ Նման զգացում է առաջացնում հատկապես մահացածների մասին չդադարող լրահոսը։ Կյանքի սպառնալիքի ազդեցության տակ, անգամ դեմոկրատական երկրներում, այդ թվում Հայաստանում, մարդիկ զիջեցին իրենց իրավունքները եւ թույլ տվեցին իշխանություններին հետեւել իրենց հեռախոսների միջոցով։ Ինչպիսի՞ ազդեցություն սա կունենա հասարակությունների վրա հետագայում։ Արդյո՞ք մարդիկ կդառնան ավելի հեշտ կառավարելի։

Վախեցած մարդուն, իհարկե, ավելի հեշտ է կառավարել։ Բայց վախը հաճախ զայրույթ է ծնում, որի դեպքում մարդուն ոչինչ չի կանգնեցնի՝ ո’չ համավարակը, ո’չ էլ՝ տանը նստելու կոչերը։ Որպես համավարակի տարածումը սահմանափակող միջոց՝ մարդկանց ֆիզիկապես միմյանցից բաժանելը դեղորայք և բուժում չէ․այսօր այդ միջոցն օգտագործելը դեռևս ըմբռնումով է ընկալվում, սակայն բուն խնդիրը մնում է չլուծված և, բնականաբար, ժամանակի ընթացքում նորանոր հարցեր և կասկածներ է առաջացնելու։ Տեղաշարժվելու՝ մարդկանց ազատությունն այսօր խիստ սահմանափակված է, բայց հայտնի է, որ մարդ լիարժեքորեն ազատ է միայն իր մտածողության մեջ։ Ուստի որևէ մեկը կամ որևէ բան չի կարող մարդուն արգելել տալ հարցեր, կասկածել, փնտրել և պահանջել ճշմարտությունը։

Դուք նկատու՞մ եք քննադատական մտածողության նահանջ աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում այս պայմաններում, երբ վիրուսի եւ համավարակի վերաբերյալ տեղեկությունները հիմնականում տնօրինում են կառավարությունները եւ կոչ անում վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Քննադատական մտածողության պակաս եղել է ու կա։ Այն, ինչ մեր հասարակության պայմաններում ներկայացրել ենք և ընկալել որպես քննադատական մտածողություն, այդ թվում՝ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր, իրականում քննադատական խոսելաձև է։ Միմյանց և բոլորին քննադատելը հնարավոր է՝ առանց մտածելու, ինչը և լայնորեն տարածված է մեր հասարակությունում և որևէ կառուցողական արդյունքի չի բերում։ Մինչդեռ մտածելով՝ դեպքերի մեծ մասում չէին քննադատի, քանզի կտեսնեին իրենց և քննադատվողների միջև ակնհայտ նմանությունը։

Ինչպիսի՞ քաղաքական փոփոխություններ կարող են տեղի ունենալ համավարակի պայմաններում։

Ներկայիս միջազգային հարաբերությունների փոխակերպումը՝ գերտերությունների կողմից աշխարհը վերաբաշխելու շուրջ, շարունակվելու է։ Սա շատ բարդ, համալիր հարց է, և մեկ առանձին հոդվածի կամ գրքի թեմա չէ անգամ։ Սակայն կարելի է տեսնել, որ անկախ համավարակի իրական պատճառներից՝ դրա հետևանքով ստեղծված իրավիճակը ծառայեցվում է կոնկրետ պետությունների ռազմավարական նպատակների, ներքին և քաղաքական խնդիրների լուծման համար։ Այսպես, համավարակից տուժած երկրներին ՌԴ, ԱՄՆ, Չինաստանի և անգամ Թուրքիայի կողմից ցուցաբերվող (ի ցույց դրվող) աջակցությունն ավելի շատ քաղաքական ազդեցության, սեփական վարկանիշի բարձրացման, մրցակցության խնդիրների լուծման համար է։

Այսօր Covid-19 համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ակնհայտորեն և արդյունավետորեն ծառայեցվում է նախընտրական քարոզարշավի մենաշնորհման նպատակով։ Օգտագործելով հասարակության հետ ստեղծված իրավիճակի մասին մշտապես խոսելու անհրաժեշտությունն ու ունեցած աննախադեպ ռեսուրսները՝ նախագահ Թրամփը փաստացիորեն շարունակում է իր նախորդ և ներկա գործունեության գովազդը, կառուցում իր՝ «անտեսանելի գլոբալ թշնամու» դեմ պայքարող հերոսի իմիջը, իր շուրջը համախմբում իշխանության մարմիններին, հասարակության ստվար զանգվածներին, ամրապնդում հանրային հավատն առ այն, որ իր կողմից սկսված և շարունակվող քաղաքականությունը անհրաժեշտություն է, իսկ իր թշնամիները՝ քաղաքական հակառակորդները, իրեն քննադատող ԶԼՄ-ները ամերիկացիների թշնամիներն են։

Եվ իրոք, Covid-19 համավարակի առկայությունը պետական ռեսուրսների և հանրային հաղորդակցական ալիքների մենաշնորհման դասական առիթ է, որից օգտվում են ոչ միայն ԱՄՆ, այլ նաև մի շարք այլ երկրների ներկայիս ղեկավարները։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ նույն իշխանությունները կշտապեն հաղթահարել ստեղծված ճգնաժամն ու կորցնել նման հնարավորությունը։ Առկա պատմական օրինակներն այն մասին են, որ քաղաքական վերնախավը մշտապես աշխատել է ձգձգել այն հարցերի կարգավորումը, որոնք բարենպաստ էին իշխանական ռեսուրսների մենաշնորհման, քաղաքական ընդդիմախոսներից ձերբազատվելու, քաղաքացիների իրավունքները սահմանափակելու համար։

Մյուս կողմից, կորցնելով հիվանդացող և մահացող բնակչություն, իշխանությունները ստիպված են որոշակիորեն սահմանափակել այդ իրավիճակի՝ սեփական նպատակներին ծառայեցնելու ժամկետները և զուգահեռաբար ապահովել դրանից պատվով դուրս գալու հնարավորությունները։

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter