HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչական դատարանը երկրորդ անգամ վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումը

Վարչական դատարանը երկրորդ անգամ է վերադարձրել Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի ներկայացրած հայցադիմումը: Փաստաբանը պահանջել էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի քրեակատարողական ծառայությանը ձեռնպահ մնալ մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը, առնվազն մինչև Հանրապետության բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժ սահմանափակման դադարեցումը, Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելուց: Այսինքն՝ մինչև նշված ժամկետի ավարտը բացառել Ռոբերտ Քոչարյանի պահելը որևէ քրեակատարողական հիմնարկում և ապահովել անհապաղ ազատ արձակումը քրեակատարողական հիմնարկից մինչև դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը:

Քրեակատարողական ծառայության դեմ հայցադիմումը Վարչական դատարան է ներկայացվել էլեկտրոնային փոստով՝ ապրիլի 7-ին: Արդեն ապրիլի 10-ին Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը վերադարձրել է հայցադիմումը, արձանագրելով, որ հայցվորի ներկայացրած պահանջը հստակ չէ, այն տարընթերցումների և տարամեկնաբանման տեղիք է տալիս: 

«Պարզ չէ՝ Հայցվորն ակնկալել է գործողության կատարում, թե՝ գործողության կատարումից ձեռնպահ մնալ, ընդ որում՝ հայցատեսակի վերաբերյալ իրավական հիմքի մատնանշման և վերլուծության վերաբերյալ դատողություններ առկա չեն նաև հայցադիմումում, որպիսի պայմաններում Դատարանը զրկված է օբյեկտիվորեն գնահատելու Հայցվորի պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հատկորոշված կոնկրետ հայցատեսակի շրջանակներում լինելու փաստը, ինչն ունի էական նշանակություն հայցադիմումի ընդունելիության փուլում հայց հարուցելու իրավունքի իրականացման նախադրյալների պարզման նպատակով»,-նշված է հայցադիմումը վերադարձնլու որոշման մեջ:

Միևնույն ժամանակ դատարանը հայցվոր կողմի ուշադրությունը հրավիրել էր նաև այն հանգամանքի վրա, որ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու հայց հարուցելու իրավունքի ծագման նախադրյալն է վարչական մարմնի՝ տվյալ դեպքում, քրեակատարողական ծառայության կողմից հայցվող գործողության կատարումը մերժելը կամ առնվազն անգործությունը՝ պատասխանելու հայցվող գործողության կատարման կամ չկատարման վերաբերյալ: Մինչդեռ հայցադիմումին կից ներկայացվել է դիմում՝ ուղղված քրեակատարողական ծառայությանը՝ Ռոբերտ Քոչարյանին քրակատարողական հիմնարկ չտեղափոխելու մասին: Դատարանը նշել է, որ այդ դիմումն առնչություն չունի այս գործի հետ, քանի որ  գործով հայցի առարկան «քրեակատարողական հիմնարկում չպահելն է կամ ազատ արձակելը»:

Հայցադիմումում թույլ տված սխալն ուղղելու դատարանի սահմանած ժամկետում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը կրկին ներկայացրել է հայցադիմում: Սակայն, ապրիլի 16-ին դատարանը դարձյալ վերադարձրել է հայցադիմումը: Այս անգամ պատճառաբանվել է, որ կրկին ներկայացված հայցադիմումում և կից փաստաթղթերում բացակայում են հայցվորի կողմից վարչական մարմնին որոշակի գործողություն կատարելու պահանջով դիմելու փաստը հաստատող ապացույց կամ փաստարկ: Այս պամաններում դատարանն օբյեկտիվորեն զրկվում է նման պայմաններում հայցի ընդունելիության փուլում պարզման ենթակա հանգամանքները գնահատելուց: 

Սխալը վերցնելու համար դատարանը կրկին ժամանակ է տրամադրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter