HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տանիքի փլուզումը վտանգում է Սարակապի միջնադարյան եկեղեցու հետագա գոյությունը

Գյուղամիջյան թեք, քարքարոտ ճանապարհով բարձրանում ենք վեր՝ անցնելով հին, իրենց կենսագրության կես դարից ավելին ապրած տների մոտով: Բնակելի տարածքներում կրոնական կառույցներն արագ հայտնաբերելու ամենաառաջին նախանշանը հեռվից երեւացող գմբեթն ու խաչն են: Քայլում եմ՝ հայացքս մերթընդմերթ վերեւ ուղղելով, ապարդյուն փորձելով երկնքի կապույտին հայտնաբերել նշածս ուղեցույցներից որեւէ մեկը:

Դեղին, հսկա խոտի դեզը շրջանցելուց հետո երեւում է՝ մի կողմից ճանապարհի հողապատնեշով, մյուս կողմից՝ հարակից տներով շրջապատված՝ անգմբեթ ու անխաչ եկեղեցին: Միջնադարյան, քառաթեւ կառույցը փողոցից զատված է փոքրիկ ցանկապատով: Եկեղեցու անմխիթար վիճակն առավել ցցուն է դառնում, երբ հայտնվում ենք ներսում՝ զգուշանալով տանիքից ծորացող հողակույտերից: 

Կառույցի հյուսիսային եւ արեւմտյան հատվածներում, փայտից զուրկ տանիքից երեւում է կապույտ երկինքը: Նման հինավուրց եկեղեցիներում փայտե ծածկույթները սովորաբար կառուցել են Սարիղամիշից բերված փայտով, որ մշտապես գնահատվել է իր դիմացկունության համար եւ դժվար է պնդել, թե դրանք փտել են: Մեկդարյա ծածկի որոշ հատվածների փայտազուրկ տեսքը հուշում է, որ այն զերծ չի եղել մարդկային գործոնից: Եկեղեցում դրված աթոռները, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղափոխվել են երկրաշարժից հետո չգործող մշակույթի տնից, ծածկված էին տանիքից թափված հողով: Գունաթափ պատերին փակցված սրբապատկերները խունացած էին: Լքվածության տխուր պատկերն ամենուր է, թեպետ հոգեւոր կառույցը շնչող, ապրող համայնքի սրտում է:

Սարակապի 7-10-րդ դարերի կառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ կապված շատ հետաքրքրիր ավանդազրույց կա: Եկեղեցին ավերակ վիճակում երկար տարիներ ծածկված է եղել հողով եւ հայտնաբերվել է շատ պատահական՝ 19-րդ դարում: Պատմում են, որ գյուղացիներից մեկը երազում տեսել է, թե բլրի տակ սրբավայր կա եւ այն պետք է անպայման մաքրել հողից: Երազը պատմել է համագյուղացիներին եւ համատեղ ջանքերով նշված տարածքը հողի հաստ շերտից մաքրելուց հետո հայտնաբերել են կրկնակի խաչթեւերով` խաչաձեւ հատակագծով եկեղեցու պատերը մոտ 1,5մ բարձրությամբ: Ըստ ավանդազրույցի` այս արտասովոր դեպքի մասին տեղեկացրել են Ռուսաստանի կայսր Ալեքսանդրին, նա էլ համապատասխան հրամանով գյուղացիներին ազատել է հարկերից: Եկեղեցին վերանորոգվել է 1885-1887թթ.-ին: 

20-րդ դարասկզբին ականավոր գիտնական Նիկողայոս Մառը գիտնական Օկունեւի հետ, տեղական հուշարձանների ուսումնասիրության նպատակով, մեկօրյա ուղեւորություն է կատարել Սարակապ (նախկինում՝ Բոզդողան կամ Պօզտօղանե) եւ ուսումնասիրել եկեղեցին՝ հաստատելով, որ այն պատկանում է խաչաձեւ հատակագծով եկեղեցիների դասին: Մառի կարծիքով, այն իր ճարտարապետական լուծումներով մոտ է Անիում պեղված Կիզիլ-Քիլիսեին (10-րդ դար): Սարակապի հուշարձանի հորինվածքի համար ելակետ է հանդիսացել վաղ միջնադարից հայ ճարտարապետությանը քաջ հայտնի քառախորան եկեղեցու տիպը: 

Հուշարձանի նախնական կառուցվածքից պահպանվել է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը բնորոշ սև տուֆի, սրբատաշ, խոշոր քարերից կրաշաղախով շարված երկաստիճան որմնախարիսխը։ Վերակառուցման ժամանակ պատերը բարձրացվել են որմնախարսխի պարագծով, հետեւաբար, նույնությամբ պահպանվել է հնագույն կառուցվածքի հատակագծային հորինվածքը։ Պատերի վերականգնված հատվածները նույնպես տեղական սև, սրբատաշ տուֆից են՝ կրաշաղախով։ Եկեղեցին վերակառուցելիս պատերի շարվածքի մեջ օգտագործել են քանդակազարդ խաչքարերի բեկորներ, ինչպես նաև` արձանագրված քարաբեկորներ (XII-XIII դարեր), որոնք պատկանել են հին շենքին: 

Սարակապի եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Այժմյան մուտքերը կամարակապ վերջավորությամբ ուղղանկյուն բացվածքներ են՝ երկու կողմերում պարզունակ իմպոստներով։ Լուսամուտները սակավաթիվ են, սակայն բավական լայն։ Եկեղեցու ներքին տարածությունը լուսավորվում է բեմի, հարավ-արևելյան անկյան և եռանկյունաձեւ ծավալների արևմտյան պատերում տեղադրված լուսամուտներով (մեկական նեղ լուսամուտ ունեն նաև ավանդատները)։ Հուշարձանը զուրկ է հարդարանքից։

Վիքիպեդիայում, հղում անելով մի շարք հեղինակների աշխատությունների, բավական մանրամասն նկարագրված է Սարակապի եկեղեցին: Նշված է, որ կառույցի հատակագծային հորինվածքի հիմքում ընկած է հավասարաթեւ խաչը, որի չորս թեւերը ներսում ավարտվում են աբսիդներով, իսկ դրսից ունեն ուղղանկյուն եզրանկար։ Միայն արևելյան բեմի խաչաթեւը դրսից բազմանիստ է (եռանիստ)։ Սակայն, ի տարբերություն քառախորան հուշարձանների, Սարակապի եկեղեցում աբսիդների միջեւ իրականացված են լրացուցիչ ծավալներ, որի պատճառով հիմնական՝ քառախորան հորինվածքի խաչաթեւերը հեռացված են միմյանցից։

Ավանդատների առկայության պատճառով Սարակապի հուշարձանը սիմետրիկ չէ հյուսիս-հարավ առանցքին։ Սակայն կարելի է ենթադրել, որ սկզբնական հորինվածքում ավանդատներ չեն եղել, դրանք ավելացվել են 19-րդ դարի վերակառուցման ընթացքում։ Եկեղեցու հորինվածքի մեջտեղում բարձրացել է գմբեթը, որի թմբուկը հիմքում ութանկյուն է եղել։ Գմբեթատակ ութանկյունը ստացվում է աբսիդների և եռանկյունաձեւ խորշերի անկյունների միջեւ ձգվող կամարներով։ Սակայն այդ ութանկյունը կանոնավոր չէ, որը բխում է հյուսիսային և հարավային աբսիդների անկանոնությունից (դրանք հատակագծում ոչ թե կիսաշրջանաձև են, այլ՝ կիսաձվաձեւ)։ Պետք է ենթադրել, որ դա, 19-րդ դարի վերակառուցման ժամանակ, աբսիդների կիսաշրջանաձեւ նախնական հատակագծերի աղավաղման հետևանք է: 

Եկեղեցին վերակառուցվել է մինչեւ գմբեթի թմբուկի ստորին շարքը: Տանիքի փայտե հարթ ծածկը հենված է 4 փայտե սյուների վրա: Ուշադիր զննելու դեպքում, տանիքը պահող սյուների հիմքերի վրա կարելի է տեսնել փորագրված 1887թ.՝ շինարարական աշխատանքների ավարտն ազդարարող տարեթիվը, իսկ շինության հարավային արտաքին պատին, գլխիվայր շրջված խաչազարդ քարի վրա փորագրված է 1885թ.՝ կառույցի վերականգնումը սկսելու տարեթիվը: Ասում են, որ եկեղեցու շրջակայքում եղել է նաև գյուղամիջի փոքր գերեզմանատունը (X-XVI դարեր), սակայն պահպանվածության աստիճանը հնարավոր չեղավ որոշել՝ գերեզմանաքարեր, որպես այդպիսին, չնկատեցինք: 

133 տարի առաջ, ընդամենը մեկ երազի օգնությամբ, «հողի տակից լույս աշխարհ եկած ու վերածնված» Սուրբ Աստվածածին եկեղեցուն սպառնում է նույն ճակատագիրը՝ վերածվել հողակույտի: Այս կանխատեսումը, թերեւս, հեռու չի լինի իրականությունից, եթե չնորոգվի տանիքն ու վերանորոգման աշխատանքներ չտարվեն ներսում: 

Մեկնաբանություններ (1)

Մայրանուշ
Կցանկանայի դիմել մեր հայ բարերարներին ովքեր կարող են օգնել եկեղեցու վերանորոգման հարցում։Պատմամշակութային կոթող հանդիսացող եկեղեցին որն մեզ հայտնի է 7֊րդ դարից չպետք է փլուզվի այլ ընդհակառակը պետք է պահպանեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter